Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահակաշվիլին Կովկասի քաղցկեղն է»

Օգոստոս 28,2008 00:00

Կարծում է ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը եւ մեր ընդդիմությանը կոչ անում մտածել Հայաստանի առջեւ ծառացած լուրջ վտանգների մասին:

«Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանն էր, որն անդրադարձավ վրաց-օսեթական զարգացումներին: Ըստ Վ. Բաբայանի. «Բազմիցս հայտարարել ենք, որ օտարերկրյա արեւմտյան ուժերը ձգտում են փոփոխություններ մտցնել տարածաշրջանում՝ ինչպես ներքաղաքական առումով, այնպես էլ՝ երկրների փոխհարաբերությունների միջեւ: Վերջին դեպքերը, որոնք տեղի ունեցան Հարավային Օսեթիայում, դրա վկայությունն էին: Արեւմուտքը փորձում է խառնվել երկրների ներքին գործերին, ապակայունացնել տարածաշրջանը, ինչի շնորհիվ ավելի հեշտ կլինի իր ուժերի տեղակայումը Կովկասում, իսկ ուժերի տեղակայումով՝ նաեւ տնտեսության գրավումը եւ այլն»:

Նրա փոխանցմամբ, ՀԵԿ-ը գտնում է, որ միջոցառումները, որը ձեռնարկվեցին Վրաստանի ղեկավարության կողմից՝ Օսեթիայի եւ Աբխազիայի նկատմամբ, ոչ մի կերպ չի կարելի արդարացնել. «Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն ոչ թե դիվանագիտական, այլ ավելի կոշտ հայտարարություններով, քանի որ մեր ժողովրդի մեջ կա կարծիք, որ վրացիները մեր բարեկամներն են եւ անհնար է առանց նրանց: Ռուսաստանում եւ Արեւմուտքում դիվանագիտական եւ ինֆորմացիոն պատերազմ է գնում, եւ կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է մասնակցի ինֆորմացիոն պատերազմին: Պետք է բացահայտ, առանց վախենալու ասենք այն, ինչը պետք է ասենք: Չպետք է մտածենք, որ ասելուց հետո կարող է բենզինի շարասյուները կանգնեն: Մեկ հոգին ու իր վարչակազմը տպավորություն են ստեղծել, թե Վրաստանը, Արեւմուտքից բացի, ոչ մեկին չի ճանաչում եւ ամեն ինչ անում է, որ Արեւմուտքի մեծ եղբայրները արշավանք սկսեն դեպի Կովկաս: Սա նշանակում է, որ արշավանքը նաեւ մեր դեմ է, ու եթե տեղյակ չեք, ասեմ, որ թուրքական սուզանավերն ու ռազմանավերը շարժվում են Ռուսաստանի ափամերձ շրջաններ: Իսկ սա էլ նշանակում է, որ վաղը Հայաստանն է հայտնվելու ռազմական թատերաբեմում, իսկ սրա մասին այսօր, չգիտես ինչու, ոչ մեկը չի խոսում»: Վ. Բաբայանի ձեւակերպմամբ, Սահակաշվիլու խամաճիկային ռեժիմից շուտ ազատվելը եւ Վրաստանի հետ նորմալ հարաբերություններ սկսելը՝ մեր շահերից է բխում. «Հարեւաններից հեռու չես փախչի, հարեւանին չես ընտրում, բայց այսօր մխիթարվել նրանով, որ մեր հանդեպ ինչ գործողություն ցանկանան՝ կանեն, իսկ մենք պետք է լուռ սպասենք՝ մինչ հարցերը լուծվեն, այդպես էլ չի լինի, ջայլամի քաղաքականությունը Հայաստանի համար չէ: Եկել է այն պատմական պահը, որ Հայաստանը պետք է կանգնի իր դարավոր դաշնակցի՝ Ռուսաստանի կողքին… Սահակաշվիլին Կովկասի քաղցկեղն է եւ եթե ժամանակին այդ քաղցկեղը չվերանա, ապա դա տարածաշրջանում կործանարար հետեւանքներ կունենա»:

Վ. Բաբայանը հայտարարեց, որ իրենք դիմում, առաջարկում եւ պահանջում են ՀՀ ԱԺ-ին, որ առաջիկայում օրակարգ մտցնի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցը. «Յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք եւ սա ամրագրված է միջազգային իրավունքով: Մենք գտնում ենք, որ պետք է ԼՂՀ-ի հարցի կոնտեքստում առաջնահերթորեն Ռուսաստանից հետո ճանաչել այդ երկու պետությունների անկախությունը: Յուրաքանչյուր պետություն, որը արյուն է թափում ոչ արդարացված, ուրիշ ժողովուրդների եւ պետությունների դեմ՝ հողային, ֆինանսական կամ քաղաքական ամբիցիաները բավարարելու համար, ուշ թե շուտ ունենում է հողային կորուստներ, կործանարար հետեւանքներ: Դա պատահեց Ադրբեջանի հետ 90-ականներին, եւ այսօր նույնը Վրաստանին է վերաբերում: Վրացական պետությունը քանդման եզրին է՝ ոչ սթափ մտածող, հնարավոր է նույնիսկ հոգեկան խնդիրներ ունեցող Սահակաշվիլիի պատճառով: Մենք ունենք ջավախահայության խնդիրը: Ինչ իմանանք, որ վաղը ագրեսիան չի կրկնվի Ջավախքի նկատմամբ: Եթե հասկանան, որ հայերն էլ են ուզում ինքնավարություն ունենալ, հնարավոր է, որ ռմբակոծեն Ջավախքը: Այսօրվա վառելիքային ճգնաժամը հնարավոր է վաղը վերածվի պարենայինի: Հայաստանն այլեւս կորցնելու բան չունի եւ մենք, ուզենք թե ոչ, հայտնվել ենք մի պատմության մեջ, որի մեղավորը մենք չենք, բայց մեր կոշտ դիրքորոշումներից կախված է մեր ապագան: Եթե այսօր համակերպվենք այս իրականությանը, ապա Վրաստանը ամեն օր կփորձի Հայաստանի տնտեսության նկատմամբ քայլեր կատարել: Դեռ Նապոլեոնն է ասել՝ եթե ուզում եք կտրել Ռուսաստանի ոտքերը, ուրեմն գրավեք Կովկասը»:

Վ. Բաբայանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքին. «Մեր ընդդիմությունը պետք է ինչ-որ տեղ օրինակ վերցնի վրացական ընդդիմությունից եւ կոնստրուկտիվ լինի: Կոչ եմ անում, որ ընդդիմությունը թողնի աթոռապաշտական ամբիցիոզ դրսեւորումներն ու հասկանա, որ Հայաստանն ավելի լուրջ վտանգների առաջ է կանգնած, քան նախագահի, վարչապետի կամ ԱԺ աթոռների հարցն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել