Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԵՏ

Օգոստոս 28,2008 00:00

\"\"Կրթության ոլորտի պատասխանատուները մանկավարժների հետ քննարկում են երբեմն ոչ նրանց սրտից բխող հարցեր:

Օգոստոսի 20-28-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում անցկացվում են հանրակրթական դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները: Հանդիպումների ժամանակ քննարկվում են ոլորտի գերակա խնդիրները:

«Առավոտը» զրուցեց ԿԳ փոխնախարար, երեւանյան խորհրդակցությունների պատասխանատու Բագրատ Եսայանի հետ: «Մայրաքաղաքում խորհրդակցություններն արդեն ավարտվել են: Ունեցել ենք 4 խորհրդակցություն. յուրաքանչյուրին մասնակցում էր 40-50 տնօրեն: Նրանց ներկայացրել ենք օրենսդրության եւ նորմատիվ դաշտում սպասվող փոփոխությունները: Քննարկման թեմաներից մեկը «Հանրակրթության մասին» օրենքի ճակատագիրն էր, որն այժմ գտնվում է ԱԺ-ում եւ սեպտեմբերին գուցե ընդունվի: Մյուսը ավագ դպրոցների հայեցակարգն է եւ փորձնական այն ծրագիրը, որն այս տարի իրականացվելու է 10 դպրոցներում: Տնօրեններին ներկայացվեց նաեւ սեպտեմբերին ընդունվելիք՝ հանրակրթական հաստատությունների տնօրենների ատեստացիայի կարգը, որի գործընթացը կսկսվի 2009-ին»,- տեղեկացրեց փոխնախարարը:

«Առավոտը» պարոն Եսայանից հետաքրքրվեց, թե ավագ դպրոցների ստեղծման եւ սեփական աշխատանքի հնարավոր կորստի առնչությամբ ուսուցիչների շրջանում բորբոքված կրքերը հանդարտվե՞լ են: «Մեր բարձրացրած խնդիրը որեւէ առնչություն չունի կրճատման հետ: Դա օրինաչափ պրոցես է՝ պայմանավորված նրանով, որ ամեն տարի ՀՀ-ում, ծնելիության նվազմանը զուգընթաց, պակասում է աշակերտների թիվը: Իսկ դպրոցները ֆինանսավորվում են՝ ըստ աշակերտների թվի, ուստի պակասում են նաեւ դասարանները եւ կրճատվում դասաժամերը, եւ տնօրենները ստիպված են լինում մի քանի մասնագետների կրճատել: Սա որեւէ առնչություն չունի ավագ դպրոցների համակարգի ստեղծման հետ: Մյուս կողմից էլ՝ շատ մարդկանց շահերից էր բխում ավագ դպրոցների համակարգի չստեղծումը: Բնական է, որ դրա պատճառը ավագ դասարաններ ունենալու ցանկությունն է, ինչը հնարավորություն է տալիս որոշակի արտոնյալ պայմաններ սահմանել որոշ աշակերտների համար, նրանց բացակայելու հնարավորություն տալ՝ որոշակի փոխհատուցման դիմաց»,- հնչեց պատասխանը: Ի պատասխան նշեցինք, թե այդ նույն երեւույթներն ավագ կոչվող դպրոցներում մի՞թե հետագայում չեն առաջանա: «Եթե ավարտական քննություններն այս եւ հաջորդ տարիներին հանձնվի այդ դպրոցներին, մի քանի տարի հետո, երբ ամբողջ ծավալով գործարկվի ավագ դպրոցների ցանցը, կգործի նաեւ այն մեխանիզմը, որը ստեղծել ենք դպրոցում կրթական որակը ստուգելու համար: Կստուգենք՝ արդյո՞ք այդ դպրոցները, որոնց համար պիտի ստեղծվեն բոլոր պայմանները, կարդարացնեն իրենց»,- նշեց Բ. Եսայանը: «Առավոտը» փոխնախարարից հետաքրքրվեց, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է փորձարկումից հետո ավագ դպրոցների ծրագիրը չներդրվի: «Ոչ, դա միակ մեխանիզմն է, որը կապահովի միջնակարգ որակյալ եւ արդյունավետ կրթություն: Թող որեւէ մեկը հույս չունենա, որ ճանապարհից ետ կդառնանք»,- ասաց նա:

Դպրոցների տնօրենների ատեստացիան էլ է լուրջ քննարկման առարկա դարձել: Չէ՞ որ այդ դեպքում որոշ «արժանավոր» տնօրեններ, որոնք ամուսնու կամ այլոց հովանավորությամբ են ստացել այդ պաշտոնը՝ գուցե գիտելիքների ստուգման դեպքում խնդիրներ ունենան: «Ատեստացիան ուղղված է լինելու անորակ տնօրեններից ազատվելուն եւ որակյալներին բացահայտելուն: Այն, որ այսօր կան անորակ տնօրեններ, փաստ է»,- նկատեց պարոն Եսայանը:

Սեպտեմբերից դպրոցները գնահատման 5 բալանոց համակարգից կանցնեն 10-ի: Այս կապակցությամբ էլ որոշ մանկավարժներ դժգոհում են՝ մի՞թե հնարավոր չէր բարեփոխումները հերթով իրականացնել, ոչ թե այսպես խառնիխուռն: «Եթե մարդ սովոր է 50 տարվա մեթոդով աշխատելուն, միշտ ախ է քաշում անցյալ ժամանակների համար եւ սվիններով է ընդունում ցանկացած փոփոխություն, նա հնուց է գալիս, եւ դպրոցը նրա տեղը չէ: Նախկինում ուսուցիչները նշանակում էին 4+, 5-, այսինքն՝ այդ 10 բալանոց համակարգն ըստ էության կար»,- նկատեց Բ. Եսայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել