Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղցիներն այնքան էլ գոհ չեն իրենց ապրելակերպից

Օգոստոս 28,2008 00:00

Բայց նրանք «Առավոտին» հավաստիացնում էին, որ այս պայմաններն էլ են իրենց ձեռք տալիս, միայն թե խաղաղ ապրեն ու բռնագաղթի ճանապարհը չբռնեն:

Երեկ ԵԿՄ անդամները, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնել էին 5-րդ մոտոհրաձգային կամավորների բրիգադի կողմից ազատագրած տարածքները, մասնավորապես՝ Հադրութի շրջանի մի շարք գյուղեր: Գեներալին ուղեկցում էին ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներ, անդամներ, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների ծնողներ՝ շուրջ 300 հոգի: Գյուղական ճանապարհներն անանցանելի էին եւ շատ դժվար էր այն հաղթահարել, բայց «ուխտագնացները» գյուղերով շրջում էին «ջիփերով», որոնց թիվն անցնում էր երկու տասնյակից: «Ջիփերով» շքերթի հանգամանքը երկրապահները բացատրեցին ճանապարհների քարուքանդ լինելով. «Եթե «ջիփերով» չգայինք՝ ճանապարհներին էինք մնալու, այս տարածքներով այլ մեքենա չէր անցնի»: Նշենք, որ բոլոր գյուղերում էլ երկրապահներին լավ էին ընդունում, նույնիսկ նրանց պատվին սեղաններ էին գցում գյուղի կենտրոնում, իսկ տատիկները, իրենց խոսքերով, գալիս էին Մանվելի ճակատը համբուրելու, որ դրանով իրենց զոհված որդիների կարոտն առնեն:

Ղարաբաղցիներն «Առավոտին» դժգոհեցին, որ իրենցով ոչ ոք չի զբաղվում եւ հազիվ են կարողանում գլուխները պահել: Բլութանցի Գրետա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պատմեց իրենց կենցաղի եւ առօրյա հոգսերի մասին, թեեւ զգուշանում էր, որ շատ բաներ չասի: Նա նշեց, որ 5 երեխա ունի, նրանցից մեկը ազատագրական պայքարի ժամանակ զոհվել է: Թեեւ ընտանիքի անդամներից ոչ ոք չէր աշխատում, բայց ասաց, որ «յոլա» են գնում. «Գյուղացի մարդ ենք, հող մշակելով ապրում ենք, անասուն էլ ենք պահում: Մենակ այստեղի ապրանքներն են մի քիչ թանկ,Հայաստանից բերում են՝ մի քանի դրամ էլ իրանց կողմից են ավելացնում ու ծախում մեր վրա»: Նա տեղեկացրեց, որ բացի իր ու ամուսնու թոշակից, այլ եկամուտ չունեն, պետությունն իրենց չի օգնում. «Առաջ շատ թե քիչ օգնություն տալիս էին, հիմա դա էլ չկա, ամուսնուս հետ ընդամենը 56 հազար թոշակ ենք ստանում»: Այս դժվարություններով հանդերձ՝ նա հավաստիացնում էր, որ իր գյուղը չի լքի ու այլ տեղ չի տեղափոխվի, առավել եւս՝ Հայաստան: «Բա մեր գյուղին ինչ է եղել, որ Հայաստան գնամ, հենա կմնամ իմ գյուղը կշենացնեմ»,- ավելացրեց Գրետա տատը:

Բլութանի գյուղապետ Արայիկ Մելքումյանն էլ նշեց, որ գյուղում կա 16 տուն եւ 90 բնակիչ: Խնդիրներից առանձնացրեց գյուղում խմելու ջրի բացակայությունը, ինչպես նաեւ արտագաղթը՝ գյուղի երիտասարդության մի մասը տեղափոխվել է Հայաստան, մի մասն էլ՝ այլ երկրներ: Գյուղի բյուջեն կազմում է 700 հազար դրամ, իսկ դոտացիան՝ 1 միլիոն 320 հազար դրամ, որը հազիվ բավարարում է գյուղապետարանի, ինչպես նաեւ բուժկետի վարչական մասի աշխատողների աշխատավարձերի վճարմանը:

Աղբուլաղ գյուղի բնակիչ Սաթիկ Ղազարյանը՝ գյուղի պատմության ուսուցչուհին, ասաց, որ լավ են ապրում, սակայն հետո պարզվեց, որ այնքան էլ լավ չեն ապրում ու հերթով նշեց գյուղի մի քանի խնդիրներ. «Խմելու ջուր չունենք, արտեզյան ջուր ենք խմում, գյուղը մշակույթի տուն չունի, գրադարանը ստիպված տեղավորել են գրադարանավարի տանը, որ երեխաները գոնե այնտեղից օգտվեն: Տրանսպորտ չկա, Ստեփանակերտ հասնելու համար 3-4 կիլոմետր ոտքով գնում ենք հարեւան գյուղ, որ այնտեղից նստենք ավտոբուս, իսկ եթե հրատապ գործ է լինում՝ ստիպված մեր գյուղացիներին ենք խնդրում, որ իրենց մեքենաներով մեզ քաղաք հասցնեն»: Ս. Ղազարյանն ասաց, որ իրենք նորմալ հեռախոսակապ էլ չունեն, հիմնականում օգտվում են բջջայինից, ու թեեւ լարային հեռախոս ունեն, բայց կապն այնքան վատն է, որ նախընտրում են չօգտվել:

Էդիլլու գյուղի բնակիչներն էլ դժգոհեցին, որ գայլերն արդեն գյուղ են լցվել եւ իրենց այդ հարցում ոչ ոք չի օգնում:

Տեղեկացանք, որ մի քանի օր առաջ, օրը ցերեկով գայլերը հոշոտել են խանութ գնացող 70 տարեկան մի տղամարդու, իսկ մի 4 տարեկան երեխայի էլ գայլը մոր ձեռքից խլել է ու մի քանի տասնյակ մետր քարշ տվել դաշտերի միջով: Բարեբախտաբար՝ գյուղի տղամարդիկ ժամանակին են վրա հասել եւ երեխան հրաշքով կենդանի է մնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել