Իսկ դրանց որսացող կազմակերպությունները՝ պակասում
Այսօր մայրաքաղաքում անգամ օրը ցերեկով խիստ վտանգավոր է միայնակ զբոսնել, բայց ոչ այն պատճառով, որ ձեզ հնարավոր է «մանյակ» հանդիպի կամ գող-ավազակ, այլ՝ ոհմակներով շներ: Չնայած Երեւանում մոտ 5-6 տարի է՝ գործում են շուն հավաքող կազմակերպություններ, սակայն մեր համաքաղաքացիները որեւէ կերպ պաշտպանված չեն թափառող շներից: «Առավոտի» խմբագրություն ահազանգած բնակիչների դժգոհություններից դատելով, մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում էլ թափառող շներն անպակաս են: «Առաջ գոնե 1-2 թափառող շուն էր բակում լինում, հիմա արդեն ոհմակներով են շրջում: Բակում էլ երեխաներ են խաղում, ոմանք վախենում են, ոմանք էլ չեն վախենում, մոտենում ձեռք են տալիս, բայց չէ՞ որ դա կարող է հիվանդության օջախ լինել: Իսկ գիշերները շների ոռնոցից չենք կարողանում քնել»,- մեզ հետ զրույցում ասաց Արաբկիր համայնքի բնակիչ Ռոզա Մովսիսյանը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներից էլ «Առավոտին» դժգոհեցին, որ թափառող շներ շատ կան հատկապես իրենց մանկապարտեզների բակերում. «Ճիշտ է, երեխաները դեռ չեն այցելում մանկապարտեզ, բայց մի քանի օրից մանկապարտեզներն ու դպրոցները բացվելու են ու հիմա էլ պիտի գնանք հսկենք, որ հանկարծ մի սոված շուն երեխաների վրա չհարձակվի»:
Մինչ վերջերս մայրաքաղաքում գործում էր 2 շուն որսացող ընկերություն՝ «Դամի-արգը» եւ «Յունիգրաֆ-Իքսը»: «Դամի-արգը», որը վնասազերծման եղանակով էր շներին բռնում, այսինքն՝ թափառող շներին որսում էր եւ հատուկ նյութերով սատկացնում ու թաղում դրանց համար նախատեսված գերեզմանոցում, այլեւս չի գործում: Իսկ «Յունիգրաֆ-Իքսը» աշխատում է ստերիլիզացման եղանակով:
«Առավոտի» հետ զրույցում «Յունիգրաֆ-Իքս» ընկերության տնօրեն Մուշեղ Փոթիկյանը հավաստիացրեց, որ բնակիչներից օրական 15-20 ահազանգ է լինում, հիմնականում Մալաթիա-Սեբաստիայից, Շենգավիթից, իսկ շների քանակության ավելացումն այսպես մեկնաբանեց. «Նախկինում մենք շանը որսում էինք, ստերիլիզացնում ու նորից բաց թողնում, այսինքն՝ շների քանակը դրանով չէր պակասում: Ստերիլիզացման նպատակն այն է, որ չբազմանան, մոտ 4-5 տարի հետո նոր շները կքչանան: Եթե մինչ այժմ մեր ընկերությունը շներին չէր սպանում, շուտով այդ գործն էլ ենք անելու»: Մ. Փոթիկյանի վստահեցմամբ՝ ստերիլիզացված շներն անվնաս են, քանի որ հատուկ վակցինաներ են ներարկում, հետո բաց թողնում. «Եթե մարդը վրա տա էդ շանը, շունն կարող է վախից հարձակվել ու կծել, բայց կծելու դեպքում էլ վտանգավոր չէ»:
Իսկ ամենամոտ ապագայում, ըստ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանի՝ աշխատելու է ընդամենը մեկ շուն որսացող ընկերություն՝ կրկին «Յունիգրաֆ-Իքսը», քանի որ մրցույթի պահանջներին այս ընկերությունն է համապատասխանել: Իսկ մրցույթի պահանջներից մեկը էժան շուն որսալն է: Ըստ Ա. Հունանյանի՝ մրցույթը շահած ընկերությունը մեկ շուն որսալու համար պահանջում է 2,400 դրամ, իսկ «Դամի-արգ» ընկերությունը, որը չշահեց՝ 2,820 դրամ: Մեր այն դիտարկմանը, որ գուցե որսի էժան գինն է պատճառը, որ հավուր պատշաճի չեն կատարվում աշխատանքները եւ օր օրի շներն ավելանում են, պարոն Հունանյանն ասաց. «Գինը մենք չեն սահմանում, այլ ֆինանսների նախարարությունը»: Իսկ այն, որ մայրաքաղաքում, այնուամենայնիվ, բավականին շատ թափառող շներ կան եւ բազմաթիվ քաղաքացիներ են դժգոհում, պարոն Հունանյանն էլ հաստատեց. «Մեզ մոտ էլ են շատ բողոքներ եղել, որ թափառող շները մարդ են կծել, երեխաները վախենում են, բայց համեմատած նախորդ տարիների հետ՝ վիճակը բավականին մեղմվել է, չնայած դեռ այնքան էլ նորմալ չէ: Բացի այդ, մեր նպատակը ոչ թե շներին վերացնելն է, այլ որ նորմալ քանակությամբ լինեն»: