Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ

Օգոստոս 28,2008 00:00

\"\"Թեեւ կառավարությունն «ակտիվորեն» փորձում է անբարեխիղճ հարկատուներին «ստվերից հանել», սակայն պետբյուջեն դրանից չի ավելանում:

Հարկային բարեփոխումների մասին խոսելիս մեր պաշտոնյաները հայտարարում են, որ որեւէ գործարար արտոնյալ չի լինելու եւ բոլորն, անկախ իրենց հեղինակությունից եւ զբաղեցրած պաշտոնից, հարկային դաշտում պետք է հավասար լինեն: Սակայն փաստն այն է, որ խոշոր ձեռնարկատերերը չմուծած հարկերի հաշվին տարեցտարի ընդլայնում են իրենց գործունեությունը, իսկ փոքր ու միջին բիզնեսը գնալով «խեղդվում» է: Հարկայինի տեղեկացմամբ, նախորդ 2 տարիներին շահութահարկը արտոնությունով մուծելու իրավունքից օգտվել է ավելի քան 70 խոշոր ընկերություն, ինչը նշանակում է, որ հենց խոշոր ձեռնարկատերերի պատճառով մեր պետբյուջեն զրկվում է տարեկան միլիարդավոր դոլարների եկամտից: Նշենք, որ համաձայն «Շահութահարկի մասին օրենքի», Հայաստանում 500 միլիոն դրամից ավելի ներդրում անելու դեպքում օտարերկրյա ներդրողները կարող էին շահութահարկը վճարելիս օգտվել 50-100% արտոնությունից: Օտարերկրյա ներդրումները խրախուսող այս օրենքը աշխատեց մեր պետության դեմ, քանի որ տասնյակ խոշոր ընկերություններ կարողացան ծանոթ-բարեկամների միջոցով դասավորել ու կիսով չափ վճարել կամ ընդհանրապես չվճարել այս կերպ ձեւավորվող հարկերը:

Տարիներ շարունակ արտոնյալ կերպով հարկեր են վճարել, օրինակ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Անի պլազան», «Երեւանի կոնյակի գործարանը», «Կոտայք գարեջրի գործարանը», «Կոկա-կոլան» կամ, ասենք, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ կոնցեռնը», «Արարատցեմենտն» ու «Մուլտի ռեստ հաուսը»։ Տեսնելով, որ մի քանի տարի հետո ոչ միայն Հայաստանի բոլոր ներմուծող ընկերությունները, այլ նաեւ տեղական արտադրողներն ու արտահանողները օտարերկրյա ներդրումների անվան տակ կխուսափեն շահութահարկից, կառավարության անդամները որոշեցին, որ այս տարվանից այդ օրենքն այլեւս չի գործելու եւ հարկային դաշտում ոչ մի արտոնյալ չի լինելու: Սակայն Հայաստանի ձեռնարկատերերն իրենց չկորցրին եւ գտան հարկերից խուսափելու նոր ու կատարելագործված մեթոդներ:

Ուսումնասիրելով այս տարվա 1-ին կիսամյակի 300 խոշոր հարկատուների ցանկը, պարզ է դառնում, որ մեր հարկատուների վճարած հարկերի մեծ մասը ակցիզային հարկերն են ու ԱԱՀ-ն, այսինքն՝ դրանք վճարումներ են, որ ուղղակիորեն դուրս են գալիս ոչ թե տնտեսվարողի, այլ սպառողների գրպանից, սակայն դիտարկվում են որպես տվյալ գործարարի կողմից վճարվող հարկ: Օրինակ, «Երեւանի կոնյակի գործարանն» այս տարի վճարել է 598 միլիոն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ, գրեթե նույնքան էլ ընկերությունը վճարել է ԱԱՀ եւ ակցիզային հարկ: Մեկ այլ խոշոր արտադրող՝ «Ջերմուկ գրուպը», այս տարվա 6 ամսվա տվյալներով վճարել է ավելի քան 259 միլիոն դրամ ԱԱՀ եւ ակցիզային հարկ, մինչդեռ ուղղակի հարկեր, այսինքն՝ շահութահարկ եւ եկամտահարկ՝ ընդամենը 50 միլիոն 585 հազար դրամ: «Երեւանի ալրաղացը» վճարել է 202 միլիոն դրամ անուղղակի, այսինքն՝ ԱԱՀ եւ ակցիզային հարկ, եւ ընդամենը 19 միլիոն դրամ՝ ուղղակի հարկ: Նույն պատկերն է նաեւ գրեթե բոլոր խոշոր հարկատուների մոտ, որոնք իրենց ստացած եկամուտներից հարկեր վճարելու փոխարեն՝ խոշոր հարկատուների ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում սպառողների գրպանի հաշվին: Հարկայինի հրապարակած այս տարվա 300 խոշոր հարկատուների ցուցակից պարզ է դառնում նաեւ, որ մեր կառավարության նախաձեռնած հարկային բարեփոխումները հարկատուների վրա բացարձակապես չեն ազդել, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տասնյակ խոշոր ընկերություններ նվազեցրել, իսկ որոշներն էլ անգամ կիսով չափ պակասեցրել են պետբյուջե վճարվող հարկերը:

Օրինակ, պարզվում է, որ այս տարի «Սալեքս գրուպի» ներկրած շաքարավազն ու կարագը շատ վատ են վաճառվել, ու ընկերության գործերն այս տարի ընդհանրապես լավ չեն ընթացել, քանի որ նախորդ տարվա 3 միլիարդ 378 հազար դրամի փոխարեն «Սալեքս գրուպն» այս կիսամյակում գրեթե կիսով չափ նվազեցրել է հարկերը՝ վճարելով 1 միլիարդ 860 միլիոն դրամ: Վճարած հարկերի մեծությամբ սովորաբար հարկատուների ցուցակի 1-ին հորիզոնականը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» այս տարի հայտնվել է 4-րդ տեղում: Նախորդ տարվա 1-ին կիսամյակի 9,6 միլիարդ դրամի փոխարեն՝ կոմբինատն այս տարի վճարել է ընդամենը 7 միլիարդ 985 միլիոն դրամ: Մոտ 2 միլիարդ դրամով նվազել են նաեւ «ՀայՌուսգազարդի» վճարած հարկերը; Այս տարի, նախորդ տարվա համեմատ, քիչ հարկեր է վճարել նաեւ «ԱրմենՏելը», փոխարենը հեռահաղորդակցության ոլորտի մյուս օպերատորը՝ «Ղ-Տելեկոմը» կրկնապատկել է հարկերը՝ 7,4 միլիարդի փոխարեն այս տարի վճարելով ավելի քան 15 միլիարդ դրամ հարկ: Հարկային վճարումները պակասեցրել է նաեւ «Պարես Արմենիան», որը նախորդ 6 ամիսների 3 միլիարդ 243 միլիոն դրամի փոխարեն՝ այս տարի վճարել է ընդամենը 2 միլիարդ 442 հազար դրամ: Հետաքրքիր է նաեւ, որ էլիտար շենքերի կառուցմամբ եւ բնակարանների իրացմամբ զբաղվող «Գրիառը» այս տարի վճարել է ընդամենը 275 միլիոն դրամ, իսկ «Գլենդել Հիլզը»՝ 266 միլիոն, մինչդեռ քաղցրավենիքի ներկրմամբ զբաղվող «Ապեյրոնը» պետբյուջե է մուծել գրեթե կրկնակի՝ 440 միլիոն, իսկ, ասենք՝ Ագարակ գյուղում գտնվող «Կարապետյան Ֆելիքս Հայրապետի» ընկերությունը վճարել է մոտ 300 միլիոն դրամ հարկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել