Հյուսիսային պողոտայում շուրջօրյա նստացույցի մասնակիցները երեկ օրը սկսել են պողոտայից իրենց ներքնակներն ու ծածկոցները հավաքելով:
«Ա1+»-ի փոխանցմամբ, ոստիկանները երեքշաբթի ուշ երեկոյան, նստացույցի մասնակիցներին մինչեւ երեկ առավոտյան ժամը 9.00-ը ժամանակ էին տվել՝ պաստառներն ու վերմակները պողոտայից դուրս բերելու համար, սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել՝ պողոտան ցուցարարներից եւ նրանց պատկանող իրերից ազատելու համար: Հետեւելով Համաժողովրդական շարժման առաջնորդների կոչին՝ նստացույցի մասնակիցները զերծ մնացին ոստիկանների հետ բախումից եւ կատարեցին նրանց պահանջը: «Մարդիկ շուրջօրյա նստացույց են անում եւ մի փոքր հանգստանալու կարիք ունեն, որը նրանց սահմանադրական իրավունքն է: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ նստացույց անցկացնում են վրաններով, ներքնակներով: Մեր իշխանությունները ընդամենը ցանկանում են ծանր պայմաններ ստեղծել՝ հույս ունենալով, որ չենք դիմանա այդ պայմաններին եւ դուրս կգանք Հյուսիսային պողոտայից: Թող չանհանգստանան՝ մենք քարերի վրա էլ կարող ենք լուսացնել: Եթե իրենց ծեծն ու սպանությունները մեզ չահաբեկեցին, ոչինչ մեզ չի կարող ետ պահել մեր արդար պայքարից»,- ասել է նստացույցի մասնակից Օֆելյա Մարգարյանը: Երեկ նստացույցի մասնակիցները քաղբանտարկյալների նկարները, Հայ ազգային կոնգրեսին անդամագրվելու հայտարարությունը, որոնք մինչ այդ փակցված էին ստենդների վրա, կրում էին իրենց վրա:
Երեկ Հյուսիսային պողոտայում է հայտնվել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրան ճանաչելով` նստացույցի մասնակիցները սուլել են: Իսկ պողոտայում բոլորին քաջ հայտնի Կլարա Խաչիկովնան անգամ սոցիոլոգի հետ փորձել է ձեռնամարտի բռնվել: