Սա Ժիրայր Սեֆիլյանի կարծիքն է
Արդյոք Սամցխե-Ջավախքի համար անկախություն ձեռք բերելը ռեալ հեռանկա՞ր է այն իրավիճակում, որը ստեղծվել է տարածաշրջանում՝ վրաց-օսական եւ ռուս-վրացական ռազմական առճակատումից հետո, եւ արդյոք Ջավախքում նման ձգտումները չե՞ն բարդացնի հայ- վրացական հարաբերություններն ու Հայաստանն ավելի աննպաստ վիճակում չի՞ հայտնվի՝ նկատի ունենալով, որ մեր միակ հյուսիսային դարպասը դեպի արտաքին աշխարհ Վրաստանն է: Երեկ այս հարցով դիմեցինք «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Այս նախաձեռնությունը երեկ ողջունել էր Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման փաստը՝ հույս հայտնելով, որ «Ազատությունը՝ որպես Աստվածատուր շնորհ, թեւածում է նաեւ Սամցխե-Ջավախքի հայության գլխավերեւում»: «Ամեն անգամ, երբ խոսել ենք Ջավախքի, նրա հայապահպանության մասին, եղել է կարծիք, որ դրանով կարող ենք վնասել, փակել մեր միակ հյուսիսային ճանապարհը: Բայց մենք համոզված ենք, որ երբ Ջավախքը հայաթափվի, այդ ժամանակ ճանապարհը կփակվի: Գլխավոր երաշխիքը, որ ճանապարհը միշտ բաց կլինի՝ Ջավախքի հայապահպանումն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ժ. Սեֆիլյանը: Վրաստանի տարածքում Ջավախքի հարցը բարձրացնելու դեպքում ջավախահայությունն արդյոք մանրադրամ չի՞ լինի, օրինակ՝ նույն Ռուսաստանի ձեռքին: «Մեր հայտարարությամբ մենք որեւէ կողմի համար «պրո» կեցվածք չենք ուզում դրսեւորել: Պարզապես ուզում ենք հիշեցնել, որ գոյություն ունի Ջավախքի խնդիր: Այսօրվա՝ Սահակաշվիլիի Վրաստանը ձգտում է մինի կայսրություն ձեւավորելուն: Մեր պատկերացմամբ՝ Վրաստանը այդպիսին չպետք է լինի: Այն առնվազն ֆեդերատիվ կամ նույնիսկ կոնֆեդերատիվ պետություն պետք է լինի: Միայն այդ ճանապարհով է հնարավոր այս տարածաշրջանը հանգիստ թողնել: Հիմա, շնորհիվ սահակաշվիլիների ռեժիմների, իրավիճակը սրվել եւ վերաճել է պատերազմականի, որից նաեւ մեր երկիրն է տուժում: Մենք կրում ենք Սահակաշվիլիի ռեժիմի վնասները: Մեզ ավելի ձեռնտու է, որ Վրաստանում ձեւավորվի մի վարչակարգ, որը կայսրության վերածվելու ձգտումներ չունի»,- ասաց Ժ. Սեֆիլյանը: Նրա համոզմամբ, ջավախահայությունը կարող էր տուժել, եթե Սահակաշվիլին Հարավային Օսեթիայում հաջողության հասներ, որովհետեւ, ինչպես ակնարկեց Ժ. Սեֆիլյանը, դրանից հետո ավելի մեծ թափ էր ստանալու Ջավախքի հայաթափումը, ինչն, ըստ նրա, առկա է արդեն մի քանի տարի. «Եթե ջավախահայությունն իր իրավունքների տերը լինի, որեւէ սրման խնդիր չեմ տեսնում: Նաեւ ջավախահայությա՛ն նպատակը իրավիճակի սրումը չպետք է լինի: Պարզապես իր իրավունքներին տեր կանգնելու խնդիր կա, մանավանդ, որ մենք Ջավախքում բնիկ ենք, եկվոր չենք: Սա շատ կարեւոր հանգամանք է, որը Սահակաշվիլիի կողմից անտեսվել է: Ավելին, այս ծրագրին մեր իշխանությունները, դժբախտաբար, ոչ միայն լուռ նայել, այլեւ մեղսակից են եղել»: Ժ. Սեֆիլյանի կարծիքով, Ջավախքը՝ Ախալցխայից մինչեւ Ծալկա, պետք է փաստացի միանա ՀՀ-ին: Դա կլինի դե-յուրե ինքնավա՞ր մարզ, թե՞ այլ բան, Սեֆիլյանը չի կարեւորում՝ օրինակ բերելով Արցախը, որը «փաստացի միացել է ՀՀ-ին»: Դա նոր պատերազմ չի՞ նշանակում: Ի պատասխան՝ Սեֆիլյանն ասաց. «Վրաստանում պատերազմներ լինելու են միմիայն ռեժիմի ներկայացուցչի խելագարության պատճառով, ինչպես՝ Հարավային Օսեթիայի պարագայում: Պատերազմների պատճառը ոչ թե փոքր ժողովուրդների պահանջատիրությունն է, այլ՝ ռեժիմի կայսերական ձգտումները»: Պաշտոնական Երեւանը պե՞տք է ճանաչի Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Այս հարցին Ժ. Սեֆիլյանը պատասխանեց. «Միակ բանը, որ այսօր պիտի անի ՀՀ իշխանությունը՝ օր առաջ հեռանալն է»: