Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ ՉԷ ԳԱԶԱԶԵՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

Օգոստոս 28,2008 00:00

\"\"ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը վստահ է, որ Ղարաբաղի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Ադրբեջանը:

– Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը, համաձայնեք՝ դժվարին իրավիճակ է Հայաստանի համար՝ մի կողմում մեր անմիջական հարեւանն է, մյուս կողմում՝ ռազմավարական գործընկերը: Ի՞նչ ենք անելու հիմա:

– Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, ինչի մասին ինքս ամիսներ առաջ խոսում էի, բայց մարդիկ նայում էին թերահավատորեն: Ես ասում էի, որ կովկասյան հակամարտությունները գնալով ավելի շատ նմանություն են դրսեւորում կիպրական կոնֆլիկտի հետ, մարդիկ ասում էին՝ դա ի՞նչ զուգահեռ է: Այսօր եկանք մի վիճակի, երբ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիան եւ Աբխազիան եւ սպասում է, որ ուրիշ երկրներ միանան իր այդ քայլին: Մենք էլ ունենք համանման հարց՝ ԼՂՀ ճանաչումը: Մենք այդ հարցը մինչեւ հիմա չենք բարձրացրել հայոց խորհրդարանում, որովհետեւ հուսով ենք եղել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացն առաջ կգնա եւ կառուցողական հունից դուրս չի գա: Հիմա, երբ նոր իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասում, կարող է նորից մեջտեղ գալ ԼՂՀ ճանաչման հարցը: Մենք ունենք երկու ճանապարհ: Առաջին՝ միակողմանիորեն ճանաչելով Լեռնային Ղարաբաղը, փաստաթուղթ դնել մյուս բոլորի առաջ եւ ասել երկու բան: Մեկ՝ կարող ենք այլ բանակցությունների մասնակցել, եթե ուրիշները եւս ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Երկրորդ՝ այդ հարցը չդնենք եւ ցույց տանք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ պատրաստ ենք առաջ տանել խաղաղ բանակցային գործընթացը, որպեսզի Ադրբեջանը իմանա, որ մենք բանակցությունների գնում ենք ոչ թե նրա համար, որ միակողմանի զիջումներ անենք եւ վերադառնանք 1980-1990 թվականների կարգավիճակին, այլ նրա համար, որպեսզի խաղաղությամբ լուծենք ԼՂ հարցը, որ Ղարաբաղի ինքնորոշումը ճանաչվի խաղաղ, կառուցողական մթնոլորտում: Եթե կարճ ասեմ՝ ԼՂՀ անկախությունը սկզբից պետք է ճանաչի Ադրբեջանը, հետո՝ մնացած աշխարհը: Սա է այդ բանակցությունների ավարտի կառուցողական ճանապարհը: Բայց եթե Ադրբեջանը կարծում է, որ բանակցությունների իմաստն այն է, որ ինքը վերադարձնի Լեռնային Ղարաբաղը եւ իրավիճակը ետ տանի 80-90-ականներ, ապա չարաչար սխալվում է: Ինչ-որ մի պահ պիտի գա, երբ Հայաստանը Ռուսաստանի օրինակով կարող է մտածել, որ ինքը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը:

– Այնուամենայնիվ, եթե Հայաստանը որոշի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ստիպված կլինի դուրս գալ բանակցային գործընթացից, նույն Մինսկի խմբի երկրները դատապարտեցին, չէ՞, Ռուսաստանի քայլը՝ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը:

– Այո, ասում եմ՝ միակողմանի լուծումը վատ լուծում է, լավ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շարունակությունն է եւ այնպիսի մթնոլորտի ձեւավորումը, որի արդյունքում փոխադարձ զիջումների հիման վրա ԼՂՀ անկախությունը ճանաչվի Ադրբեջանի եւ միջազգային հանրության կողմից: Անդրադառնամ հարցի հաջորդ մասին: Գիտե՞ք՝ Թուրքիայի կեցվածքը Հյուսիսային Կիպրոսի հարցում միջազգային հանրությունը դատապարտում է 1974-ից սկսած, եւ այս հարցը միջազգային հանրությանը չի հաջողվում լուծել արդեն 34 տարի: Կարող է ստեղծվել իրավիճակ, որ այս երկուսի ճանաչման դեմ էլ տասնյակ տարիներով որեւէ երկիր որեւէ բան չկարողանա անել: Նրանց խոսելը, դատապարտելը դեռ քիչ է, ուժերի բալանսն է թելադրելու, թե ինչպիսին կլինի քաղաքականությունն այս տարածաշրջանում: Այդ ուժերի բալանսի արդյունքում է ձեւավորվելու այն նոր հավասարակշռությունը, որը համեմատաբար երկարատեւ կլինի մեր տարածաշրջանի համար:

– Խնդրում եմ ավելի կոնկրետ՝ ստեղծված իրավիճակը ԼՂ հարցի լուծմանն օգտակա՞ր է, թե՞ վտանգավոր:

– Մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ հիշում եք, թե վրաց-հարավօսեթական հակամարտության առաջին երկու օրերին ինչ տոնով էր խոսում Ադրբեջանը (տպավորություն կար, որ ինքն էլ իր հերթին է պատրաստվում պատերազմել ՀՀ-ի դեմ), եւ ինչպես հետագայում փոխվեց այդ տոնը: Իմիջիայլոց, ԲՀԿ քաղխորհուրդն այդ մասին արդեն հայտարարություն է արել: Մենք ասել ենք, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: Կարծում եմ, որ առաջին հերթին ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն Կովկասում նոր հակամարտություն թույլ չեն տա, որովհետեւ դա այս փուլում չի համապատասխանում իրենց շահերին, չի համապատասխանում Կովկասի նավթային եւ գազային պաշարները Եվրոպա հասցնելու իրենց ծրագրերին: Բայց եթե Ադրբեջանում ինչ-ինչ տաքգլուխներ, այնուամենայնիվ, որոշեն հարցին տալ ռազմական լուծում, ապա իմացեք, սա չի լինելու վրաց-օսեթական հակամարտության նման, լինելու է շատ ավելի ընդգրկուն եւ աղետալի, շատ ավելի հզոր հարված է հասցնելու Հարավային Կովկասի շատ ավելի մեծ տարածքի:

– Ձեր պատասխաններից տպավորություն ստացա, որ չեք կարծում, թե Հայաստանն արդեն իսկ հայտնվել է վրաց-ռուսական հակամարտության կիզակետում, մինչդեռ մենք ենք տուժում՝ ճանապարհներ չունենք, բենզին չի մտնում եւ այլն:

– Կիզակետում Վրաստանն է, եւ մենք կրում ենք վնասները: Բայց եթե հակամարտությունը խորանա եւ լարվածությունը մեծանա, մենք էլ, Ադրբեջանն էլ այս հակասության մեջ կարող ենք ներքաշվել, որովհետեւ առկա տարբերություններով հանդերձ, ԼՂՀ հարցը եւս ազգամիջյան է, իսկ դրանք լուծվում են երկու ձեւով. կամ՝ երեքն էլ մի սցենարով, կամ՝ ամեն մեկը իր առանձին սցենարով: Հիմա երկուսի հարցը (Աբխազիա եւ Օսեթիա) լուծվել է միակողմանի ճանաչման ճանապարհով, սա վատ լուծում է, որովհետեւ միջազգային հանրությունը չի հաշտվելու այս մտքի հետ, բայց պետք է իմանալ, որ լարվածության մեծացման ծիրում այսպիսի զարգացման հեռանկարը նաեւ ԼՂ հակամարտության դեպքում է միանգամայն հնարավոր:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ՌԴ-ն սրում իրավիճակը Կովկասում:

– Շատ կարճ կասեմ՝ Ռուսաստանին գազազեցնել պետք չէ: Չափազանցրեցին իրենց հնարավորությունները նրանք, ովքեր կարծում էին, որ 18 տարի անընդհատ կարելի է ՌԴ-ի հետ խոսել արհամարհանքով եւ անթաքույց նախանձով նայել նրա բնական հարստություններին: Ռուս ժողովրդին սա վիրավորում էր, եւ ՌԴ նախագահն արել է համապատասխան քայլեր:

– Այսինքն՝ ավելի ճիշտ է լինել նրա ֆորպո՞ստը:

– Եթե նկատի ունեք Հայաստանը, ապա մենք ՀԱՊԿ երկիր ենք, ԱՊՀ անդամ ենք, ՌԴ ռազմավարական դաշնակիցն ենք տարածաշրջանում: Ես կարծում եմ, որ ՀՀ այսօրվա համեմատական խաղաղության եւ հարաբերական անդորրի հիմնական գրավականներն իմ ներկայացրած փաստերն են, թե դրանցից ով ինչ եզրակացություն կանի՝ թող անի, բայց մեր ժողովուրդն այսօր երկու բան է ուզում՝ խաղաղ ապրել եւ չկորցնել հարաբերությունները իր ավանդական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, մնացած բոլոր քաղաքական քայլերը պիտի գան լրացնելու այս իրողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել