Արաբկիրի համայնքապետի թեկնածու, «Ժառանգության» վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը վկայում է ընտրախախտումների մասին:
Արաբկիրի թաղապետի թեկնածու Զոյա Թադեւոսյանը պնդում է, որ եթե քարոզարշավի սկզբում կաշառքը բաժանվում էր տեղական հեղինակությունների միջոցով, այժմ իշխանական ճամբարի ներկայացուցիչներն սկսել են ավելի զգույշ գործել եւ իրենց նպատակների համար օգտագործում են պետական ծառայությունների աշխատակիցներին: Մասնավորապես, ըստ նրա՝ գումարի բաժանման փորձեր են եղել սոցիալական ապահովության մարմինների աշխատակիցների, փոստատարների կողմից. «Մենք քաղաքացիներից ահազանգ ունենք, որ թոշակները բաժանելուն զուգահեռ՝ նրանց առաջարկում են, թե շուտով կբաժանեն նաեւ ընտրակաշառք»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն այս կապակցությամբ հայտնեց մեզ, թե ծառայողական քննություն են արել ու պարզել, որ իրենց աշխատակիցներից մեկը, որը գտնվում է արձակուրդում՝ որպես Արաբկիրի համայնքապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի շտաբի անդամ մասնակցել է քարոզչությանը եւ բուկլետներ բաժանել. «Իսկ եթե նա նաեւ ընտրակաշառքի խոստում է տվել՝ դա դատախազության գործն է»:
Զոյա Թադեւոսյանը դժգոհեց Ալբերտ Երիցյանից. «Նա մրցապայքարը սկսել է խիստ կոպիտ, անբարո օրինախախտումներով եւ շարունակում է վարվել նույն ձեւով»: Ալբերտ Երիցյանը մեր թերթում ակնարկել էր, թե իր մրցակիցներ Հովհաննես Շահինյանն ու Զոյա Թադեւոսյանը գործում են համագործակցված: Վերջինս վրդովված էր. «Ես նրան հրավիրում եմ բացեիբաց, դեմ առ դեմ խոսակցության: Եթե իմ մրցակիցն ասելիք ունի՝ կարող ենք իրար ե՛ւ մեղադրանքներ տալ, ե՛ւ պաշտպանվել, ե՛ւ ներկայացնել ծրագրեր: Այժմ պնդում է, թե իր դեմ հերյուրանքներ ենք տարածում, մտացածին լուրեր: Ոչինչ մտացածին չէ: Եվ մենք փաստերով արդեն դատախազություն ենք դիմել՝ ներկայացնելով նաեւ փաստաթուղթ, որ համայնքով մեկ երիտասարդ տղաները ծեծում են բոլորի բնակարանների դռները եւ մի դեպքում՝ խնդրում, մեկ այլ դեպքում՝ պահանջում, երրորդ դեպքում՝ ահաբեկում, թե տվեք ձեր անձնագրերը, մենք պետք է լրացնենք ինչ-որ փաստաթղթեր եւ ներկայացնենք, որ իբր դուք Ալբերտ Երիցյանի համակիրներն եք: Նաեւ ասում են, որ այ, եթե մենք հավաքենք 30 հազար այդպիսի ստորագրություն՝ կնշանակի մենք հաղթել ենք: Մեծահասակներին ահաբեկում են, որ եթե այդ ստորագրությունը դնելուց հետո չգնան եւ չքվեարկեն այդ թեկնածուի օգտին՝ կենթարկվեն քրեական պատասխանատվության»:
«Ժառանգության» թեկնածուին, որին պաշտպանում է Հայ ազգային կոնգրեսը՝ քննադատել էր նաեւ Արաբկիրի համայնքապետի թեկնածու Հովհաննես Շահինյանը՝ նշելով. «Ես ծանոթ եմ Զոյա Թադեւոսյանի հրապարակային գործունեությանը, որը վատը չէ, սակայն չեմ պատկերացնում, կասկածներ ունեմ, որ տեղական ինքնակառավարման ոլորտում նա նույնպես կարող է նման կերպ աշխատել: Ես չեմ պատկերացնում, թե այս ոլորտի մեջ փորձ չունեցող մարդիկ ինչպես պետք է գան եւ մեկ տարվա ընթացքում 0-ից ինչ-որ բան սկսեն»: Անդրադառնալով այս դիտարկումներին՝ Զոյա Թադեւոսյանն ասաց. «Համայնքի ղեկավարը ընտանիքի ղեկավար է, սակայն գործունեության ավելի մեծ մասշտաբով: Որեւէ մեկը չի կասկածում, որ յուրաքանչյուր կին կարողանում է շատ արդյունավետ ղեկավարել ընտանիքը՝ սկսած ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավումից՝ ծախսերի օպտիմալացումից, վերջացրած բարոյահոգեբանական խնդիրները լուծելով, որոնք պակաս կարեւոր չեն ոչ միայն ընտանիքի, այլ նաեւ համայնքի համար: Երբ 3 տարի առաջ Հովհաննես Շահինյանը մասնակցում էր համայնքի ղեկավարի ընտրություններին՝ նա ընդամենը պատմության ուսուցիչ էր եւ որեւէ փորձ չուներ: Այն ժամանակ ինքն իրեն հարց տալի՞ս էր՝ կարո՞ղ եմ արդյոք համայնք ղեկավարել՝ փորձ չունենալով: Նա մտավ այդպիսի դժվարին խաղի մեջ, եւ, ինչպես տեսնում եք՝ խաղն ավարտվեց պարտությամբ: Քանի որ այն իրավիճակը, որն այսօր ստեղծվել է մեր համայնքում՝ վատ իմացության, վատ կառավարման հետեւանք է: Եվ պարտությունն ամենուրեք է: Մեր համայնքն աղբի մեջ շաղախված է, չլուծված են մնում մի շարք հիմնախնդիրներ: Իսկ ես տնտեսագետ եմ եւ սովորեցնում եմ՝ ինչպես կառավարել տնտեսությունը: Հետեւաբար կարծում եմ, որ տնտեսագետի իմ գիտելիքները միանգամայն բավարար են. եթե լսարան եմ ղեկավարում՝ կարողանում եմ 60 ուսանողների պահել մի այնպիսի վիճակում, որ ոչ մի այլ բանով չեն զբաղվում՝ բացի ինձ լսելուց, սովորելուց, կարող եմ համայնք էլ ղեկավարել»:
Զոյա Թադեւոսյանը օգոստոսի 26-ին չէր կարողացել Արաբկիրի թիվ 148 դպրոցի բակում հանդիպում կազմակերպել, քանի որ Երեւանի փոխքաղաքապետը հայտնել էր, թե արգելում է դպրոցների մոտ քաղաքական միջոցառումներ անցկացնել: «Դա ոչ երթ էր, ոչ ցույց եւ չէր կարգավորվում համապատասխան օրենքով,- ասաց համայնքապետի թեկնածուն:- Մենք կարող էինք անգամ չիրազեկել քաղաքապետարանին, քանի որ դա ընտրողների հետ հանդիպում էր՝ «Ընտրական օրենսգրքի» շրջանակում: Ուղղակի որոշեցինք իրազեկել՝ հաշվի առնելով, թե դպրոցի տարածքն իբր պատկանում է քաղաքապետարանին: Ու նրանք մեզ արգելեցին: Այն դեպքում՝ երբ մեր մրցակիցներին նույնիսկ դպրոցի դահլիճներ են տրամադրում: Սակայն նման խոչընդոտները չեն կարող մեզ վրա ազդեցություն թողնել»: