Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խճանկար

Օգոստոս 27,2008 00:00

Ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել էր, թե սպասում է

դոպինգ-ստուգումների մոտ 40 դրական արդյունքի: Բարեբախտաբար, նրա այդ կանխատեսումները չիրականացան:

Անհամեմատ «մաքուր» օլիմպիական խաղեր

Օլիմպիական մրցապայքարի 16 օրերի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է շուրջ 4,5 հազար դոպինգ-ստուգում: Առայժմ դոպինգ օգտագործած յոթ մարզիկի անուն է հայտնի: Մեկ անգամ էլ արգելված խթանիչ հայտնաբերվել է ձիասպորտի մրցումներին մասնակցած նժույգի արյան մեջ: Համեմատության համար տեղեկացնենք, որ 2000 թվականին Սիդնեյի եւ 2004 թվականին Աթենքի օլիմպիական խաղերի ժամանակ որակազրկվել էր 26-ական մարզիկ:

Սակայն վտանգը դեռ չի անցել

Խաղերի ավարտից հետո նույն Ժակ Ռոգեն լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե Պեկինում վերցված բոլոր փորձանմուշների սրվակները սառեցվելու եւ պահպանվելու են ութ տարի: Նրա խոսքերով, դրանք բոլորը ցանկացած պահի կարող են կրկնական ստուգման ենթարկվել: «Եթե ապագայում մենք արգելված խթանիչների հայտնաբերման նոր եղանակներ գտնենք, այդ փորձանմուշները կրկին ստուգման կենթարկվեն: Սա Միջազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկն է»,- ասել է նա:

Հեռուստադիտողների ռեկորդ է գրանցվել

Համաձայն վիճակագրական ուսումնասիրությունների արդյունքների, «Օլիմպիական խաղեր 2008»-ին հեռուստաէկրանների առջեւ հետեւել է 4,4 միլիարդ մարզասեր: Դա մոլորակի ազգաբնակչության երկու երրորդն է: Սիդնեյի ժամանակ այդ թիվը կազմել է 3,6, իսկ Աթենքի՝ 3,9 միլիարդ: Ինչպես եւ սպասվում էր, առավել մեծ հետաքրքրություն առաջացրել է բացման արարողությունը, որին միայն Չինաստանում հետեւել է 840 միլիոն հեռուստադիտող:

Ամենամասսայական մարզաձեւերը եղել են բասկետբոլը, լողը եւ աթլետիկան:

Էստաֆետը հանձնվեց Լոնդոնին

Օգոստոսի 24-ին ամառային 29-րդ օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ օլիմպիական դրոշը հանդիսավորությամբ հանձնվեց Լոնդոնի քաղաքապետին, ինչը խորհրդանշում է, որ հաջորդ օլիմպիական խաղերը հյուրընկալելու է Անգլիայի մայրաքաղաքը: Այդ օրը օլիմպիական փոխանցադրոշը բարձրացվել է Միացյալ Թագավորության ողջ տարածքում եւ աշխարհի բրիտանական դեսպանատներում՝ Վանկուվերից մինչեւ Տոկիո:

Դրոշը յոթ օր ծածանվելու է նաեւ Երեւանում գտնվող Բրիտանիայի դեսպանատանը: Դեսպան Չարլզ Լոնսդեյլն այդ առիթով ասել է. «Շնորհավորում ենք Հայաստանի հավաքականին Պեկինում վեց մեդալ նվաճելու կապակցությամբ: Այս օլիմպիական խաղերը չափազանց հաջող էին նաեւ բրիտանական սպորտի համար: Ուրախ կլինենք հյուրընկալել չորս տարի հետո եւ նրանց ցանկանում ենք ավելի մեծ հաջողություններ լոնդոնյան խաղերում»:

Անգլիան կդառնա առաջին երկիրը, որտեղ օլիմպիական խաղերը կանցկացվեն երրորդ անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել