Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՐԻԻՆՅԱՆՈՒՄ» ՄԻԱՆՁՆՅԱ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ

Օգոստոս 27,2008 00:00

\"\"Ու թատրոնի փառքը դրանով է պայմանավորված

Ի տարբերություն մեր օպերային թատրոնի, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր Մարիինյան օպերայի եւ բալետի պետական թատրոնում գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները համատեղում է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը: Փաստորեն, միանձնյա ղեկավարելով թատրոնը, նա այն հասցրել է միջազգային ճանաչման: Մարիինյան թատրոնի անունն այսօր Լա Սկալայի կողքին է, այն հետ է մղել անգամ Մոսկվայի «Բալշոյին»:

«Առավոտը» զրույցի հրավիրելով ջութակահար, Մարիինյան թատրոնի նվագախմբի արտիստ Արթուր Ջավադյանին, հետաքրքրվեց հայտնի մշակութային օջախի կառավարման եւ ստեղծագործական աշխատանքների կատարման դրվածքով: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ թատրոնն ունի նվագախմբի երեք կազմ (շուրջ 270 հոգի): Թատրոնը միաժամանակ օպերային, բալետային ներկայացումներով մեկնում է հյուրախաղերի, իսկ նվագախմբի երրորդ կազմն էլ, օրինակ, մնում է Սանկտ Պետերբուրգում, մասնակցում է տարբեր փառատոների: Նշենք, որ Վ. Գերգիեւը հանդիսանում է նաեւ Ռոտերդամի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժոր, «Մետրոպոլիտեն» օպերայի հրավիրված գլխավոր դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար։ Իսկ թե մաեստրոն ինչպե՞ս է դիմանում նման ծանրաբեռնվածությանը, Ա. Ջավադյանը կես կատակ-կես լուրջ ասաց, որ Գերգիեւի աշխատանքային օրը տեւում է 25 ժամ, հավելելով. «Նա չի պատկերացնում, որ թատրոնում կարող է գտնվել մեկը, որը աշխատանքին չվերաբերվի այնպես, ինչպես ինքը: Հաճախ տնից դուրս ենք գալիս առավոտյան ու վերադառնում կեսգիշերից հետո, բայց միեւնույն է՝ նման տաղանդավոր երաժշտի ղեկավարությամբ աշխատելը մեծ հաճույք է: Նշեմ նաեւ, որ միայն Գերգիեւի թատրոն գալով (1980-ականների վերջ)՝ կարճ ժամանակահատվածում Մարիինյան անունը հայտնի դարձավ աշխարհին»:

Դիտարկմանը, թե տաղանդավոր երաժշտի ն կարելի է պատկերացնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, տնօրենի՝ ոչ այնքան, ջութակահարը հայտնեց հետեւյալը. «Չնայած Գերգիեւի զբաղվածությանը, թատրոնում, այնուամենայնիվ, ոչ մի բան «այստեղից այնտեղ» չի շարժվում կամ, ինչպես ընդունված է ասել՝ ամեն ինչ անցնում է նրա «թրի տակով», թեեւ ունի օգնականներ: Մի խոսքով՝ մաեստրոն քայլող հանրագիտարան է, ուղեղը՝ համակարգիչ. ամեն ինչ գիտի ու հիշում է»: Հետաքրքրությանն էլ, թե ասում են՝ իբր Մարիինյան թատրոնի արտիստները երբեք ֆինանսական խնդիրներ չեն ունենում, Ա. Ջավադյանն ասաց. «Մենք՝ արտիստներս, ստանում ենք նաեւ ինչ-ինչ հավելավճարներ, պատվովճարներ, տարբեր փառատոների մասնակցությունից՝ հոնորարներ եւ այլն: Մաեստրոյի ուշադրության կենտրոնում են նաեւ երիտասարդ երաժիշտներն ու ստեղծագործողները, մի քանի տասնյակի հասնող խաղացանկում տեղ են գտել երիտասարդ կոմպոզիտորների օպերային եւ բալետային գործերը: Մեր նվագախմբում, ինձնից բացի, աշխատում են նաեւ չորս հայ երաժիշտներ ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղազախներ, թաթարներ, ուկրաինացիներ, ույգուրներ, հրեաներ եւ այլն: Չմոռանամ ասել, որ Մարիինյան թատրոնի «Սպիտակ ճեմասրահում» անցկացվում են անվճար համերգներ՝ երիտասարդների մասնակցությամբ»:

«Առավոտի» հետ զրույցում խոսք գնաց նաեւ տոմսերի գնի մասին, որի առիթով էլ Ա. Ջավադյանն ասաց. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար զեղչեր են արվում բոլոր մշակութային օջախներում, իսկ օտարերկրացիները վճարում են տոմսի լրիվ արժեքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել