Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՅՈՒՄ» ԱՆԴՈՐՐ Է

Օգոստոս 27,2008 00:00

\"\"Բաժնետերերի մի մասը դժգոհ է գործարանի ղեկավարությունից \"\"

Վերջերս «Առավոտին» նամակ էին բերել «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի թվով 50 բաժնետերեր, որոնք ներկայացրել էին նաեւ իրենց լիազորագրերը: Նրանք պնդում էին, որ իրենք հանդես են գալիս ԲԲԸ-ի ավելի քան 3000 բաժնետերերի անունից: Մինչ խմբագրությանը դիմելը՝ նրանք բողոքներ էին ուղարկել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազությանը, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանին: Բաժնետերերը, որոնց թռուցիկներով ողողված է ողջ Շենգավիթ համայնքը, գործարանի պատերը, մետրոյի կայարանների ներսն ու դուրսը, սպառնում են ստեղծել «Բաժնետոմսերի պաշտպանության ապահովության խումբ»: «Առավոտ» այցելած բաժնետերերը նաեւ ասում էին, որ ԲԲԸ ամենամյա ժողովներին իրենք իրազեկված չեն լինում, բնականաբար՝ չեն իմանում, թե գործարանի միջոցներն ինչպես են նպատակաուղղվում, սարքավորումներն ինչու են վաճառվում: Նրանց տեղեկացմամբ, այսօր գործարանում աշխատանք չկա, 300 բանվոր կա՝ «խորհրդային» 12 000-ի փոխարեն, եւ ուզում են իմանալ, թե ինչպես է իրականացվում տարածքի ապամոնտաժումն ու վաճառքը: Նրանցից մեկի փոխանցմամբ, գործարանում տարածք էր գնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Մինչ երբեմնի հզոր գործարան այցելելը՝ կապվեցինք Սամվել Բաբայանի գրասենյակի հետ, որտեղ կտրականապես հերքեցին ակնարկված տարածքում օբյեկտ ունենալու եւ այն գնելու մասին լուրերը:

«Էլեկտրամեքենա Ինժեներինգի» տնօրեն Խաչատուր Ղազարյանը, որը հանդես է գալիս ԲԲԸ տնօրենների խորհրդի անունից, «Առավոտի» այն հարցին, թե՝ օրինակա՞ն է, երբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը միաժամանակ ղեկավարում է «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ տնօրենների խորհուրդը, պատասխանեց. «Պարոն Շահնազարյանը խորհրդի նախագահ էր այն ժամանակ, երբ առեւտրի եւ արդյունաբերության նախարարության փոխնախարարն էր: Նա ներկայացնում էր մեր գործարանի՝ պետական բաժնեմասի 57%-ը: Բոլոր ժողովներին ներկա էր որպես փոխնախարար: Հենց այդ ժամանակ էլ ընտրվեց խորհրդի անդամ, ապա՝ նախագահ: Մինչ օրս փոփոխություն չի եղել եւ երբեք չի վիճարկվել նրա նախագահ լինելու հանգամանքը»: «Առավոտի» զրուցակիցը հավելեց, որ նա կարող է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը ժողովի օրակարգ չի մտել:

ԲԲԸ խորհուրդն, ըստ բողոքաբերների, ամենամյա ժողովներ չի անցկացրել, չեն տրամադրվել ֆինանսական հաշվետվությունները, բաժնետերերին չի տրվել նաեւ այդ ժողովի մասնակիցների անվանացանկը:

Այս կապակցությամբ պարոն Ղազարյանը տեղեկացրեց. «ՀՀ օրենքի համաձայն եւ մեր կանոնադրությամբ, մենք պարտավոր ենք ամենամյա ժողովներ հրավիրել: Այդ մասին հայտարարություն է տրվում թերթերում, մասնավորապես՝ «ՀՀ»-ում: Հաշվապահական հաշվետվությունները նույնպես թափանցիկ են, դրանք դարձյալ տպագրվում են թերթում, ժողովից 20 օր առաջ: Վերջին ժողովը եղել է հունիսի 27-ին: Բաժնետերերը սկսել են բողոքել հուլիսից: Թույլ տվեք չհավատալ, թե Դուք տեսել եք 43% բաժնետերերի ստորագրությունները, որովհետեւ այդ 43% բաժնետերերի մեջ ես էլ եմ մտնում»: Ըստ ԲԲԸ խորհրդի անդամ մեր զրուցակցի, բողոքաբերները 0,213% են կազմում, իսկ ՀՀ օրենքով այդ թիվը բավարար չէ արտահերթ ժողով հրավիրելու համար: Պարոն Ղազարյանը ցույց տվեց լիազորագրեր (2-3 անուններով), որոնց տերերը մահացած են: «ՀՀ օրենքը թույլ չի տալիս մահացածի անունով լիազորագիր ներկայացնել»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ժողովների հայտարարություններին, հաշվապահ Լյուդմիլա Մալոյանը «Առավոտին» տրամադրեց վերջին 5 տարվա ժողովների մասին պաշտոնաթերթում տպագրված հայտարարություններն ու ֆինանսական հաշվետվությունները:

Բաժնետերերի բողոքին, որ հաշվի չեն առնվում իրենց առաջարկները՝ բաժնետոմսերի փոխարեն արտադրամաս բացել եւ զբաղվել արտադրությամբ, տնօրենը հետեւյալ պատասխանը տվեց. «Ներկայումս գործարանն իր հնարավորությունների 3-5%-ի չափով է աշխատում: Առաջ պատվիրատուն խորհրդային հանրապետություններն էին: Եթե չկա պատվեր՝ ի՞նչ անենք: Մեկ հաստոց աշխատեցնելու համար ողջ կորպուսի հոսանքի հարցը պիտի լուծել: Պահանջվում են մեծ ծախսեր: Մետաղը, հումքն այս պայմաններում բերում ենք Ռուսաստանից: Մասնագետներ չկան: Սարսափելին ոչ միայն պատվերը կորցնելն է, այլ՝ մարդկանց: Ձեր նշած բաժնետերերի առաջարկները օրերս ենք ստացել: Սա ոչ ճիշտ մոտեցում է: Նրանք առաջարկում են բաժնետոմսերի դիմաց արտադրամաս վերցնել: Բաժնետոմսով ոչ մի բան չեն վերցնում: Բաժնետոմսը այլ հասկացություն է, գույքը՝ այլ բան: Բաժնետոմսը տալիս է հնարավորություն գործարանի աշխատանքի արդյունքով ստեղծված դիվիդենդներից օգտվելու: Սեփականաշնորհումից հետո մեկ անգամ ենք կարողացել դիվիդենդ բաժանել»:

Տարածքների, հաստոցների վաճառքի վերաբերյալ մեր զրուցակիցը նշեց. «Ունենք հաստոցներ, որոնք գնվել են դեռեւս 40-ական թվականներին: Վաճառվում է ոչ թե պետքականը, այլ՝ ավելորդը: Ունենք 30-40 հա տարածք: Ի՞նչ անենք՝ հարկ մուծե՞նք, մշակե՞նք, կարող ենք նաեւ վաճառել: Այդպես էլ վարվել ենք»: Իսկ թե ինչու բաժնետերերին չի տեղեկացվում այդպիսի վաճառքի մասին, նա ասաց. «Եկեք չխառնենք բաժնետերին գործարանի տնօրինության հետ: Բաժնետերին ձեռնտու է ստանալ դիվիդենդ, գործատերին՝ վերազինել արտադրությունը: Աշխատողն է մասնակցում արտադրությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել