Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միլիարդներ՝ սպառողների հաշվին

Օգոստոս 27,2008 00:00

Վճարում ենք չկատարած ծառայությունների համար

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի թիվ 154 որոշմամբ ստեղծվեց «Գազի ներտնային տեխնիկական սպասարկման մասին» պայմանագիրը, որը, մեղմ ասած, պետականորեն օրինականացված գրպանահատություն է։ Խոսեմ փաստերով: Պայմանագրի 1.1.1. կետը, որով նախատեսվում է արտաքին զննում՝ որեւէ բացատրություն չունի:

Եթե խոսքը բնակարանից դուրս գտնվող համակարգի մասին է, ապա դա գազամատակարար ընկերության սրբազան պարտքն է, իսկ բնակարանի ներսում տեղակայված համակարգը խախտվում է միայն տեխնածին կամ բնական աղետների դեպքում՝ հրդեհ, երկրաշարժ եւ այլն։

1.1.2. կետով սահմանված է տեխնիկական սպասարկում եւ կարգաբերում: Այս կետի առնչությամբ էլ ոչ մի բացատրություն չկա: Եթե խնդրես գազօջախիդ բոցը կարգաբերել, որպեսզի այն այրվի կապույտ բոցով, դրա համար պետք է մի քանի հազար դրամ լրացուցիչ վճարել։

2.2.2. եւ 2.4. կետերն էլ իրար հակասում են։ Առաջինը նախատեսում է, որ սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը, իսկ 2.4. կետով էլ սահմանված է, որ եթե քաղաքացին սահմանված պարտավորությունները չի կատարում (իսկ դա ենթադրում է չկատարած ծառայությունների համար վճարումները)՝ դադարեցվում է գազի մատակարարումը։ Պայմանագրի 4.2. կետով հստակ ասվում է, որ պայմանագրով սահմանված ծառայությունների համար պատվիրատուն վճարում է տարեկան 3000 դրամ՝ ներառյալ՝ ԱԱՀ։ Սակայն կյանքում պատկերն այլ է, օրինակ՝ իմ բնակարանի համար սահմանվել է 6900 դրամ, այսինքն՝ մոտ 2 անգամ ավելի, այն դեպքում, երբ ես գազի վառարան անգամ չունեմ. ունեմ վառարանի համար գիծ, որի ելքը կնքված է։ Չնայած դրան՝ չօգտագործվող կետի համար էլ եմ վճարում:

Եվս մի ուշագրավ հանգամանք. վառարանի համար նախատեսված է գումար մուծել 12 ամիս շարունակ, այն դեպքում, երբ Հայաստանում ջեռուցման սեզոնը տեւում է 4 ամիս, այսինքն՝ սպառողները վճարում են նաեւ այն ամիսների համար, երբ վառարաններ ընդհանրապես չեն օգտագործում: Սույն պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, սակայն նկատենք, որ այս դեպքում որեւէ մեկի համաձայնությունը հաշվի չի առնվել:

Նշենք, որ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ նախագահության թեկնածու, իրավագիտության դոկտոր Ա. Բաղդասարյանը նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ինքն անպայման կվերանայի այդ պայմանագիրը եւ կվերականգնի արդարությունը, սակայն պարոն Բաղդասարյանն այդպես էլ դրան չանդրադարձավ:

Գազի պատասխանատուները մեծ ոգեւորությամբ ներկայացնում են իրենց ստուգայցերի մասին՝ հայտարարելով, որ կատարվել է 361059 ստուգայց, որի ընթացքում 47113 բաժանորդ դուռը չի բացել: Եթե վերցնենք միջին ցուցանիշ-վճարը՝ 5700 դրամ եւ այն բազմապատկենք 361059-ով, կստացվի 2.058.036.300 դրամ: Ստացվում է, որ սպառողների հաշվին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը միլիարդավոր գումարներ է գրպանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել