Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՒՌՆ ՕՐ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Օգոստոս 27,2008 00:00

Երեկ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանները Հյուսիսային պողոտայից տարել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու եւ ՀԱԿ-ին անդամագրվելու ստորագրահավաքների համար նախատեսված սեղանները:

Ավելի ուշ պողոտայի գետնին հայտնվեցին ներկով գրված «Լեւոն, նախագահ» եւ «Ազատություն» բառերը (դրանք հետո ջնջվեցին): Նստացուցարները պնդում էին, թե այդ բառերն իրենք չէին գրել՝ չբացառելով, թե դա ոստիկանների սադրանքն էր: Վերջիններս այդ պատրվակով ժամը 13:15-ի սահմաններում Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկեցին մի քանի երիտասարդների, ընդ որում՝ նաեւ ուժ կիրառելով: Նրանց ազատ արձակեցին միայն երեկոյան: Ինչպես «Առավոտին» հայտնեց Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ բերման ենթարկվածները 6-ն էին. «Նրանցից մեկը՝ Սարգիսը, անչափահաս էր, եւ միանգամից բաց են թողել: Մնացածները՝ Արման Օնիկյանը, Արման Ավագյանը, Աղվան Հակոբյանը, Արման Բարսեղյանը, Տիգրան Առաքելյանը հիմնականում «Հիմա» երիտասարդական շարժման եւ ՀՀՇ-ի երիտասարդական կառույցի անդամներ են՝ Հյուսիսային պողոտայի նստացույցի ակտիվիստներ: Նրանց ինքնությունն են ճշտել, հարցաքննել կամ բացատրություն վերցրել, քանի որ ոստիկանության գործողություններն օրինական չեն՝ դժվար է ասել, թե ինչ գործողություն են կատարել»:

Բերման ենթարկելու ընթացքում վատացել է ՀՀՇ երիտասարդական կառույցի անդամ Տիգրան Առաքելյանի սիրտը եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն ասուլիսում պատմել է, որ Տիգրան Առաքելյանին հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո այնտեղ են հայտնվել 8 ոստիկաններ, որոնք, չնայած երիտասարդի վատ ինքնազգացողությանը, նրան տարել են ոստիկանություն:

Երեկ ասուլիսում անդրադառնալով վերջին օրերին Հյուսիսային պողոտայում կատարվողին՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել է, թե նստացույցի շուրջ 50 օրերին իշխանությունները փորձում էին նորմերը պահել եւ չխանգարել ընդդիմության նստացույցին, բայց արդեն զգացին, որ այն «իրենց քաղաքական ապագայի համար վտանգավոր է դառնում եւ դիմեցին բիրտ մեթոդների»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել