Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խուլ առճակատում

Օգոստոս 27,2008 00:00

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, նա իր հեռուստաելույթում ասել է, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Այսպիսով, պաշտոնական Մոսկվան չանսաց Արեւմուտքի հորդորներին ու գնաց խուլ առճակատման ճանապարհով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն իր «խորը մտահոգությունն» էր արտահայտել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու կոչով ՌԴ Դաշնության խորհրդի եւ Պետդումայի կողմից երկրի նախագահին ուղղված դիմումների առնչությամբ: Ինչպես փոխանցում է «Նոյյան տապանը», այս մասին ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը նախօրեին հրապարակել է Սպիտակ տունը: «Ես կոչ եմ անում Ռուսաստանի ղեկավարությանը՝ կատարել իր ստանձնած պարտավորությունները եւ չճանաչել այդ անջատողական տարածաշրջանները»,- ընդգծվում է փաստաթղթում: Բուշը նշել էր նաեւ, որ «ԱՄՆ-ը սատար կկանգնի Վրաստանի ժողովրդին, նրա ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»:

Իր հերթին, վրաց-հարավօսեթական հակամարտության կարգավորման յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես եկել Գերմանիան: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, պաշտոնական Բեռլինն առաջարկում է Հարավային Կովկասի երեք պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությամբ խորհրդաժողով կազմակերպել՝ քննարկելու տարածաշրջանում եւ, մասնավորապես՝ Վրաստանում կայունություն հաստատելու հետ կապված հարցերը: Նախաձեռնության հեղինակը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, որի համոզմամբ՝ հանդիպման հովանավորը կարող է դառնալ Եվրամիությունը: Գերմանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում կանցլերն ասել է, թե «այդ ձեւաչափում Ռուսաստանի մասնակցությունը չի տեսնում»: Գերմանական «Շպիգել» պարբերականը պնդում է, թե առաջարկն արդեն ուղարկվել է ներկայումս ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի առաջնորդին: Կովկասում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Անգելա Մերկելը նաեւ հանդիպում էր ունեցել Էստոնիայի նախագահի հետ: Ավելի վաղ Մերկելը նույն խնդրի շուրջ քննարկումներ էր ունեցել նաեւ Շվեդիայի ղեկավարության հետ: Մերկելի այս բավական ինտենսիվ հանդիպումների նպատակը, ըստ վերլուծաբանների, մեկն է՝ քննարկել ռուս-վրացական հակամարտության շուրջ Եվրամիության ներսում մեկ միասնական դիրքորոշում որդեգրելու հնարավորությունը: Ներկայումս վերլուծաբանները չեն բացառում, որ հետեւելով Մոսկվայի օրինակին, Հարավօսեթիայի եւ Աբխազիայի ճանաչման մասին որոշումներ կընդունեն նաեւ այլ պետություններ, ինչը, անշուշտ, էլ ավելի կսրի Մոսկվայի եւ Արեւմուտքի հարաբերություններն ու առավել պայթյունավտանգ կդարձնի հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված վիճակը: Մինչ այդ, իրավիճակը բուն Վրաստանում շարունակում է մնալ լարված: Երեկ հայտնի դարձավ, որ վրաց ոստիկաններն ուժեղացնում են պահակակետերը Հարավային Օսեթիայի Լենինոգորսկի շրջանի գյուղերի մոտ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել