Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ԳԱ ՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգոստոս 27,2008 00:00

\"\"Ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը

– Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանությունը հանկարծ որոշեց լարել իրավիճակը՝ «մաքրելով» Հյուսիսային պողոտան:

– Մոտենում է սեպտեմբերը, եւ ակնհայտ է, որ այն լինելու է շատ ավելի ակտիվ քաղաքական ժամանակահատված: Եվ իշխանությունների մոտ նորից առաջացել է անհանգստություն, որ հնարավոր են զանգվածային լուրջ միջոցառումներ: Էլի փորձ է արվում տարածել վախի մթնոլորտ եւ հասարակությանը հնարավորինս զերծ պահել քաղաքական միջոցառումներին մասնակցությունից: Կարծում եմ, հիմնական պատճառն այս է: Բնականաբար, տեղական բնույթի ինչ-որ խնդիրներ էլ հավանաբար կունենան, որոնց մասին շատ դժվար է իմանալ:

– Սեպտեմբերի վերաբերյալ այլ կանխատեսում էլ կա: Այն է, որ շուտով կավարտվի Ձեր եւ այն բոլոր անձանց գործերով նախաքննությունը, որոնք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով («Պետական իշխանությունը յուրացնելը»), եւ դրանք միասնական վարույթով կքննվեն դատարանում: Որքանո՞վ եք հավանական համարում այս սցենարը:

– Որեւէ բան չեմ բացառում: Սակայն սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում լսվելու են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի եւ ԵԽԽՎ նախագահի զեկույցները, որոնցում անդրադառնալու են Հայաստանում առկա վիճակին՝ քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդումներ ու հալածանքներ: Ակնհայտ է, որ մինչ այդ որոշակի արագացում կլինի, ու համոզված եմ, որ մի շարք քաղբանտարկյալներ կհայտնվեն ազատության մեջ: Քանի որ իշխանության գործողությունները երկու ճակատ ունեն՝ արտաքին ու ներքին. բնականաբար, մեր հասարակությանը պետք է փորձեն պահել վախի մթնոլորտում, իսկ միջազգային հանրությանը ցույց տան, թե իրենք կատարում են առաջադրված պահանջները: Եվ այս երկակի վիճակը հանգեցնելու է նրան, որ նրանք ստիպված են լինելու անել որոշակի քայլեր:

Ես համոզված եմ, որ որեւէ մեկը չի կարող դատվել 300 հոդվածով. ոչ թե նրա համար, որ մեր երկրում դա հնարավոր չէ (ցավոք, հնարավո՛ր է), այլ այն պատճառով, որ այնքան խրթին են ներկայացված մեղադրանքները, որ չեմ կարծում, թե նրանք հանդգնեն գնալ այդ ճանապարհով, քանի որ կպարտվեն ցանկացա՛ծ տեղում՝ կարծում եմ, նույնիսկ հայաստանյան դատարաններում: Այդ գործերը չեն կարող ունենալ դատական հեռանկար:

– Վերջերս ՀԿԼ հիմնադիր համագումարում Ձեր ելույթում համոզմունք հայտնեցիք, թե «ինչ-որ ժամանակ հետո համախմբվելու եւ միասնաբար գործելու ենք ազատական դաշտում»: Խնդրեմ ճշտեք՝ խոսքը միասնական կուսակցությա՞ն մասին է, որի ստեղծումը՝ Հայ ազգային կոնգրեսի հենքի վրա, չէր բացառել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քանի որ իշխանամետ մամուլում լուրեր են հրապարակվել, թե Դուք ՀԱԿ-ի ստեղծման հռչակագիրն անձամբ չստորագրեցիք, քանի որ ունեք ինչ-ինչ վերապահումներ:

– Նախ՝ որեւէ միասնական կուսակցություն ստեղծելու գաղափար գոյություն չունի: Ինչու չէ՝ չեմ բացառում, որ Կոնգրեսի շրջանակներում գործող մի շարք կուսակցություններ որոշակի գործընթացի շնորհիվ ու որոշ ժամանակ անց կարող են միավորվել միասնական գաղափարական սկզբունքների հիման վրա: ՀԼԿ համագումարում ես դա նշեցի՝ նկատի ունենալով, որ մենք այդ կուսակցության հետ չունենք քաղաքական ու գաղափարական որեւէ տարաձայնություն եւ ըստ այդմ՝ կարող ենք գործել թե՛ միասնաբար, թե՛ ժամանակի ընթացքում կարող ենք նաեւ միավորվել:

Բայց կա մի պարզ ճշմարտություն. Հայ ազգային կոնգրեսում կուսակցություններ են, որոնց հետ մենք կարող ենք լուծել Հայաստանի սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը, համատեղ իրագործել մի շարք ծրագրեր, սակայն հնարավոր չէ նրանց հետ մշտական կամ խիստ տեւական գործունեություն ծավալել մի կուսակցության շրջանակներում, քանի որ նրանց հետ ունենք գաղափարական տարաձայնություններ:

– Նշեցիք, թե միասնական կուսակցություն ստեղծելու գաղափար գոյություն չունի, սակայն մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացառեց, որ ՀԱԿ-ը հետագայում կվերածվի «կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության»: Որքան տեղյակ ենք՝ այդ հայտարարությունը նախապես համաձայնեցված չէր համախոհների հետ: Երբեմն նա Ձեզ այդպես չի՞ զարմացնում, երբ նման հայտարարություններ է անում: Ասենք, ազդարարում է, թե բանակն ու ոստիկանությունը մարտի 1-ին չեն կրակել ժողովրդի վրա: Կամ էլ Վրաստանի դեպքերի կապակցությամբ հանդես է գալիս այնքան ռուսամետ դիրքերից, որ անգամ իշխանության դիրքորոշումն է թվում ավելի հավասարակշիռ:

– Տեր-Պետրոսյանն ամենաքիչն ինձ է զարմացնում, սակայն դեռ շարունակելու է զարմացնել մեր հասարակությանն՝ իր գործունեությամբ: Ինչ վերաբերում է նրա առանձին մտքերին ու ելույթներին՝ ժամանակն իր պարզաբանումները եւ շտկումները կանի դրանց վերաբերյալ:

Ուզում եմ մի քիչ դեպի անցյալը գնալ: Սրանից շուրջ 1 տարի առաջ մեր հասարակությունը վիճում էր՝ կխոսի՞ արդյոք Տեր-Պետրոսյանը, թե՞ չի խոսի, որեւէ հարցի վերաբերյալ կարտահայտվի՞, թե՞ ոչ: Փառք Աստծո, այսօր ունենք իրավիճակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն խոսում է, այլեւ շատ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալում, եւ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում: Նրա արտահայտած դիրքորոշումները կարող են առանձին անհատների կամ քաղաքական հոսանքների համար ինչ-որ պահ ըմբռնելի կամ ոչ ըմբռնելի լինել, ընդունելի կամ ոչ ընդունելի, սակայն ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած յուրաքանչյուր միտք լուրջ քննարկման որոշակի դաշտ է ստեղծում: Եվ նույնիսկ հանպատրաստից արտահայտած տեսակետը, թե հետագայում կարող է մի մեծ ու հզոր կուսակցություն ձեւավորվել՝ ապրելու իրավունք ունի: Իհարկե, համոզված եմ, որ այդտեղ կլինեն որոշակի շտկումներ: Համոզված եմ, որ ասենք, սոցիալ-դեմոկրատական թեւում կարող է լինել մեկ հզոր կուսակցություն, մեկ այլ կուսակցություն կարող է հզոր լինել ազատական դաշտում: Ինչեւէ՝ դրա համար մենք բոլորս պետք է բավական երկար ճանապարհ անցնենք. դա պետք է լինի գործընթացի հասունացման ընթացքում, եւ պետք է լինի խիստ կամավորության ու լուրջ ցանկության պարագայում: Սակայն մինչ այդ մենք ունենք շատ ավելի կարեւոր խնդիր՝ սահմանադրական կարգի վերականգնումը եւ Հայաստանում օրինական իշխանություն ունենալը: Եվ եթե մեզ հաջողվի լուծել այս խնդիրը՝ կլինի քաղաքական դաշտի առողջացում, որի հետեւանքով էլ հնարավոր են այն գործընթացները, որոնց մասին խոսեցինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել