Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ՔՆՆԱԴԱՏԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Օգոստոս 27,2008 00:00

\"\"Առաջիկա օրերին պատրաստ կլինի «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախնական եզրակացությունը

Հյուսիսային պողոտայում նստացույց անողների հանդեպ արդեն երկու օր է՝ իրականացվում են կոշտ գործողություններ, առայժմ ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց ուժը պատում է միայն «պաստառների վրա»: Նույն ընթացքում մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը քննում է բոլոր այն մանրամասները, որ տեղի են ունեցել մարտի 1-ի լուսադեմին՝ Ազատության հրապարակում: Համեմատելի չեն, իհարկե, դեպքերը, բայց արդյո՞ք Հյուսիսային պողոտայում նստացույց անողները հիմա էլ չեն ահազանգելու հանձնաժողովին, որ ոտնահարվում են իրենց սահմանադրական իրավունքները: Ստացվում է, որ հանձնաժողովի գործն անվերջ է: «Առավոտի» հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ասաց, որ իր ցանկությունն է, որ այս կարգի հանձնաժողովները ստիպված չլինեն դառնալ մշտական. «Մի անգամ հենց ձեզ եմ ասել՝ Աստված չանի իմ հանձնաժողովը դառնա մշտական, կարծում եմ՝ մեր երկրում էլ չեն լինելու իրադարձություններ, որպեսզի դրանց համար եւս հանձնաժողովի անհրաժեշտություն առաջանա»: Ս. Նիկոյանն ասաց, որ չի ուզում անդրադառնալ Հյուսիսային պողոտայում «պաստառների» դեմ սկսված պայքարին, այդ կարգի որեւէ իրադարձություն չի ուզում մեկնաբանել, քանի որ ոմանք իր խոսքից կսկսեն անտեղի զուգահեռներ անցկացնել. «Նման խնդիրներին պետք է վերաբերվել ոչ թե ցանկությունների կամ քաղաքական-ներքաղաքական ինչ-ինչ մոտեցումների շրջանակներում, այլ՝ զուտ օրենքի, պետք է նայել, թե ինչ է ասում օրենքը եւ դրանով առաջնորդվել։ Եթե առաջնորդվել են եւ քայլեր են կատարել օրենքով՝ ուրիշ բան, եթե անօրեն է՝ արդեն ուրիշ խնդիր է: Եթե նման իրադարձություններին նայում են էմոցիաներով կամ ուրիշ նպատակներով, հաճախ սխալվում են, ամենաճիշտը՝ համեմատել օրենքի տառի հետ եւ գնահատականներ տալ»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի առողջական վիճակի մասին ահազանգում են ե՛ւ հարազատները, ե՛ւ նրա փաստաբանը, սակայն իրավապահ մարմինները եւ առաջին հերթին՝ գլխավոր դատախազը, որեւէ կերպ չեն արձագանքում, ու տպավորություն կա, որ պատգամավորի հարազատների եւ փաստաբանի կոչերը՝ թույլ տալ, որ նա բուժումը ստանա քաղաքացիական հիվանդանոցում, մնալու են անարձագանք: Հայտնի է, որ հանձնաժողովը եւս զբաղվում է այս խնդրով: Սամվել Նիկոյանը հիշեցրեց, որ հենց իրենց հանձնաժողովի միջամտության արդյունքում Մյասնիկ Մալխասյանը երեք օր բուժվեց «Էրեբունիում», սակայն երեք օր հետո բուժող բժշկի գնահատականն էր, որ պատգամավորն այլեւս առողջական խնդիրներ չունի, եւ Մ. Մալխասյանը դարձյալ տեղափոխվեց ՔԿՀ. «Բայց ինքը գտնում է, որ դարձյալ ունի առողջական խնդիրներ, նրա փաստաբանը դիմել էր մեզ, մենք էլ դիմեցինք գլխավոր դատախազություն, հայտնել էինք մտահոգություն, որ կա առողջական խնդիր, ու խնդրել էինք, որ գործուն միջոցառումներ ձեռնարկեն հարցին լուծում տալու համար»: Հանձնաժողովի նախագահն արդեն ստացել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի ստորագրությամբ նամակ, որտեղ ասվում է. «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մալխասյանը 06.03.2008 թ. մինչեւ 09.08.2008թ. բժշկական ստուգման է ենթարկվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նշանակվել է համապատասխան բուժում, որը նա ստանում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում: «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ բուժմասի պետի մասնագիտական եզրակացության համաձայն՝ Մալխասյանը ստացիոնար բուժման կարիք չունի»: Մեր տեղեկություններով, Մ. Մալխասյանին որպես բուժում նշանակված է նաեւ դիետիկ սնունդ, որը նա չի կարող ստանալ ՔԿՀ-ում, բայց համապատասխան պատասխանատուները Ս. Նիկոյանին վստահեցրել են, որ ե՛ւ հիմնարկի, ե՛ւ հարազատներից ստացված դիետիկ սնունդը պահվում է սառնարանում, եւ այն օգտագործման համար լրիվ պիտանի է: Սակայն ՔԿՀ տեղափոխվելու օրը Մյասնիկ Մալխասյանի մարմնին նկատվել է ալերգիկ ռեակցիա, որի պատճառով նա այս ընթացքում ստացել է միայն դիաբետիկ դեղորայքային բուժում, իսկ կաթիլային բուժումը հետաձգվել է: Հրավիրվել են ալերգոլոգ եւ էնդոկրինոլոգ: Վերջիններիս խորհրդով Մ. Մալխասյանը ստանում է նաեւ հակաալերգիկ բուժում: Դատելով վերը նշված «մանրամասն» տեղեկություններից՝ պատգամավորին չեն պատրաստվում տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Ժամանակավոր հանձնաժողովի մինի-եզրակացությունը պատրաստ կլինի առաջիկա օրերին, հանձնաժողովի նախագահը «Առավոտին» տեղեկացրեց. «Ես հասկանում եմ, որ երբ հրապարակեմ այդ եզրակացությունը, անպայման կլինեն քննադատություններ՝ բոլոր կողմերից: Բայց ես ուզում եմ, որ դա լինի իրավական տեսակետից հնարավորինս քիչ խոցելի: Ինձ թող քննադատեն քաղաքական հարթության մեջ, էմոցիոնալ հարթության մեջ կամ մեկ այլ հարթության մեջ, բայց ոչ՝ օրենքի համապատասխանության հարցերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել