Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեւանը դարձրել են «հոր» սեփականություն

Օգոստոս 26,2008 00:00

\"\"Լողափերին հանգստացողներից գումար է կորզվում չմատուցված ծառայությունների համար

Ամռանն ավելի ցցուն է երեւում Սեւանի զավթված լինելը. լճի երկայնքով մեկ ցանկապատեր են, մանր ու մեծ «օբյեկտներ», «տեղի փող» հավաքող՝ հիմնականում ոսկե շղթայով անթրաշ ջահելներ ու փնթի խալաթներով եւ տղամարդկային մականուններով կանայք: Աչքովս եմ տեսել, թե ինչպես են սեւանցիներն ընդվզում, երբ իրենցից էլ են գումար պահանջում: Մի անգամ մի տղամարդ վեճի բռնվեց «փող հավաքողի» հետ, որը սեւանցի չէր ու զայրացավ. «Ես որ տասը տարեկանից էստեղ ձուկ էի բռնում՝ դու որտե՞ղ էիր»: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ «փող հավաքողները» հանդուրժող են միայն ծովագյուղցիների հանդեպ. Սեւանի ավազանում Ծովագյուղն անվանում են Չեչնիա՝ տեղացիների ագրեսիվության ու կռվարարության պատճառով:

Օրերս, երբ հանգստանում էի Սեւանում, այցելեցի թերակղզի, բնականաբար՝ այնտեղ ծվարած եկեղեցին, որի ճանապարհի երկայնքով զարդեր, նկարներ, լուսանկարներ, քաղցրավենիք վաճառողները էկզոտիկ տեսարան են ստեղծում: Նրանց ուրույն «հմայք» են հաղորդում թառ նվագող պապիկը եւ նրանից քիչ հեռվում նստած ռուսերենի բացարձակ չիմացությամբ՝ դողդոջուն ռուսերենով երգող մեկ ուրիշ ծերունի, մեկ էլ տարբեր տարիքի մուրացկանները: Եկեղեցուց իջնելիս որոշեցի փոքր-ինչ հանգստանալ մոտակա լողափում, որը «սպասարկում» էր «Մեր-Սիր» ՍՊԸ-ն: Համենայնդեպս, այդպես էր գրված խալաթավոր կնոջ կրծքին փակցված բայջին: Ցանկապատված մուտքը «զարդարում» էր սննդի մնացորդներից ու շշերից գոյացած աղբակույտը՝ ճանճերի պարսով: Արդեն ափին, ավազի մեջ խրված անճոռնի մետաղաձողերի վրա կապույտ պաստառներ էին փաթաթված՝ «տաղավար» ստանալու անկեղծ ցանկությամբ: Հին տախտակներից ու ժանգոտ մետաղից էլ նստարաններ էին հորինվել, որոնք կուչ էին էկել «Մեր-Սիրի» «տաղավարների» ներքո: Նույն տաղավարը խալաթավոր կինը հանձնում էր միանգամից մի քանի հոգու ու կարեւոր չէր, թե հետո այն ինչպես էին կիսելու հաճախորդները: Մեզ եւս մոտեցավ ու ասաց, որ 3000 դրամ պիտի վճարենք, բայց կարող է նաեւ 1000 դրամ զեղչ անել, եթե վստահ լինի, որ սեւանցի ենք: Ասացի, որ զեղչի կարիք չկա, պատրաստ եմ վճարել 3000 դրամ ու պահանջեցի ՀԴՄ կտրոն: Խալաթավորին ակնհայտ դուր չեկավ դա եւ, ինչպես սպասվում էր, գնաց ու վերադարձավ մի ոսկե շղթայով երիտասարդի հետ: Մեզ մոտենալուն պես նրանք սկսեցին ավելի բարձր խոսել, թե՝ «չեն ուզում փողը տալ, դրա համար էլ կտրոն են ուզում»: Երիտասարդն էլ, թե՝ «Ի՞նչ խնդիր կա»: Ասացի, որ խնդիր չկա, վճարում եմ եւ ուզում եմ ստանալ համապատասխան կտրոն, մանավանդ մեր զրույցի սկզբում խալաթավորը պատմել էր, թե «էս մարդիկ» (ափը սպասարկողները) գործ են արել, ափը բարեկարգել են, սրճարան են տեղադրել, պետությանը ահագին հարկ են վճարում: Երիտասարդը եւս դժգոհ հեռացավ ու կես ժամ անց մոտեցավ «կտրոնով», որտեղ բացակայում էր կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, չեկի հերթական համարը, մատուցված ծառայությունը եւ այլն, ու նրա վրա ընդամենը գրված էր 3000 դրամ: Վերցրի կտրոնը ու կնոջից հետաքրքրվեցի, օրինակ, որտե՞ղ կարելի է հագուստ փոխել «բարեկարգված» ափին: Նա մատնացույց արեց ժանգոտ մի տուփ, որը ենթադրյալ հանդերձարանն էր: Հարցրի նաեւ, թե որտե՞ղ է զուգարանը: Պարզվեց՝ «բարեկարգ» ափը դրանով ապահովված չէ: Տիկինը խոստացավ, որ երբ որեւէ մեկը ցանկանա բնական կարիքները հոգալ, ինքը կհասկանա, կմոտենա, կտանի ու ցույց կտա, որովհետեւ այդպիսի մի բան վերեւում կա:

Ի դեպ, մեր տաղավարը տրված էր նաեւ մեկ ուրիշ ընտանիքի, իհարկե՝ ավելի էժան եւ, բնականաբար, առանց կտրոնի: Բայց վերջիններս, հավանաբար, զգուշացված էին, որ բացի իրենցից՝ «կլյաուզնիկ» հաճախորդ էլ կա, դրա համար իրենց իրերը լուռումունջ վերցրին ու հեռացան մեկ ուրիշի հետ տաղավարը կիսելու: Իսկ այդ ընթացքում ծփում էր Սեւանը՝ ափ հանելով ըմպելիքներից հիշատակ մնացած պլաստիկ շշեր ու առանց զույգի, ծռմռված չստեր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել