Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատավորի «ագրեսիան» ցնցել է երկրապահներին

Օգոստոս 26,2008 00:00

Աշոտ Զաքարյան-Շոթա Սաղաթելյան-Պետրոս Մակեյան եռյակի դատավարությունը

ՀՀ վերաքննիչ դատարանում քաղաքակրթություն ակնկալող գյումրեցիները օրերս արժանացել են դատավոր Արմեն Դանիելյանի «անտաշ ու վայրագ» վերաբերմունքին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր անարդար վճռով դրախտ է թվացել: Հիշեցնենք, որ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի գործը սկանդալային էր նրանով, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց 2,5-3 տարվա ազատազրկման դատապարտեց: Վերաքննիչ դատարանն էլ առանց լսելու քաղբանտարկյալներին, դակեց 1-ին ատյանի դատավորների վճիռը:

Երեկ այս առիթով Գյումրիի ԵԿՄ անդամները հետեւյալը փոխանցեցին. «Մենք վերաքննիչից արդարադատություն չէինք էլ ակնկալում, դա իրոք զարմանալի կլիներ, բայց ապշած ենք դատավոր Դանիելյանի պահվածքից։ Ներս մտնելով՝ մի այնպիսի տոնով արտաբերեց ամբաստանյալ բառը, որ դահլիճում նստած ինքնասիրություն ունեցող յուրաքանչյուր մարդ ակամայից կարող էր ադեկվատ պատասխան տալ: Նրա տոնի մեջ կար ե՛ւ ատելություն, ե՛ւ արհամարհանք, ե՛ւ հեգնանք: Դատարանը փաստերը քննելու փոխարեն սկզբիցեւեթ խայթեց տղաներին, այնպես արեց, որ նրանք հունից դուրս գային: Մարդիկ սկսեցին պնդել, որ իրենք ամբաստանյալ չեն, այլ հանիրավի մեղադրյալներ, դրա համար էլ բողոքարկել են: Էստեղից էլ սկսվեց լեզվակռիվ, այսինքն՝ այն, ինչ դատավորին պետք էր: Դատավորը դուրս հրավիրեց քաղբանտարկյալներին, որի իրավունքը չուներ: Այս «դատավարությամբ», եթե կարելի է դատավարություն անվանել, ոչ միայն խախտվեց ՀՀ սահմանադրությունը, այլ Դատավարական օրենսգիրքը, ո՞վ է տեսել՝ բողոք բերող անձանց չթողնեն մասնակցել դատավարությանը: Իսկական դաշտային դատարան, երեքով կարող են որոշել մարդկանց ճակատագիրը՝ կամ գնդակահարեն, կամ կախեն: Նույնը կատարվեց վերաքննիչում»:

Ըստ երկրապահների, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ու վերաքննիչ դատարանը անհամեմատելի էին նաեւ ոստիկանների պահվածքով. «Եթե մեզ մոտ ոստիկաններն ավելի կոռեկտ էին, ավելի մարդկային, ավելի համեստ, էնտեղ կարմիր բերետավորների հետ խոսելը արդեն իսկ մեծ վտանգ էր ներկայացնում, որովհետեւ էլեկտրաշոկերով կանգնել էին: Մեզ դատարանի շենք ներս թողնելու համար ոտքից-գլուխ խուզարկել են՝ նասկիներից սկսած: Շիրակի մարզում դատավոր Խալթյանը գոնե ձեւականորեն աշխատում էր օրենքի տառը պահպանել, դատավարությունը ընթանում էր Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, իսկ վերաքննիչում՝ խախտումներով: Էնպես արեցին, որ մնան դատավորներն ու մեղադրողները, նրանք ցույց տվեցին, որ օրենք, Սահմանադրություն իրենց համար գոյություն չունեն, ինչպես ուզենան՝ էնպես էլ կանեն, ապացուցվեց, որ մեր երկրի համար գոյություն ունի միայն մեկ օրենք՝ ուժի օրենքը։ Մարդկանց կարելի է դատել ըստ ցանկության»:

Ըստ երկրապահների, այսպիսի արդարադատություն ու դատավորներ ունեցողը չպիտի թույլ տա իրեն խոսելու հարկային, մաքսային ու այլ «բարեշրջություններից». «Սովետի ժամանակ էլ էր էդպես, եթե մի հիմնարկում Մոսկվայից ստուգման էին գալիս, ինչքան ուզում էր հիմնարկը քանդված ու կեղտոտ լիներ, ստուգման ժամանակ ոտքից գլուխ վերանորոգում էին, ներկում: Հետո նորից էդ քայքայված, ավերված վիճակն էր: Նույնը տեղի է ունենում մեր երկրում, պարզապես ցուցադրություն, հարկային ու մաքսայինը միացրին՝ չգիտես ինչ կատարելու համար, երբ որ Հայաստանում կլինի օրինականություն՝ դատարանները, ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը իրենց գործերով կզբաղվեն, կգործեն օրենքի շրջանակներում, էն ժամանակ որը որին ուզում եք՝ միացրեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել