Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ

Օգոստոս 26,2008 00:00

\"\"ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարը պնդում է, որ ինքը ոչ թե մեղադրյալ է, այլ՝ տուժող

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վարդգես Հայոցյանի դատավարությունը: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրան դիմադրելու մեջ: Դատախազ Աշոտ Նադոյանը, հրապարակելով մեղադրական եզրակացությունը, հայտարարեց, որ «ամբաստանյալը» մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի առաջին դասակի հրամանատար Արթուր Խաչատրյանին դիմադրել է եւ փայտով հարվածել նրա ձախ ձեռքին, ապա բերման ենթարկվել: Դատավարության սկսվելուն պես փաստաբան, պաշտպան Արթուր Գրիգորյանը միջնորդությամբ հանդես եկավ եւ նախագահող Երեմ Եսոյանից 10 րոպե ժամանակ պահանջեց, որպեսզի իր պաշտպանյալի հետ խորհրդակցի: Խորհրդակցությունից վերադառնալով՝ ի զարմանս բոլորի, Վ. Հայոցյանը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է Ա. Գրիգորյանի պաշտպանությունից, քանի որ կարող է անձամբ իրականացնել պաշտպանի գործառույթները: Ա. Գրիգորյանը լքեց դատական նիստերի դահլիճը եւ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Վ. Հայոցյանի նման քայլը, պատասխանեց. «Կհրաժարվեմ մեկնաբանելուց, որովհետեւ դա իմ պաշտպանյալի դիրքորոշումն է: Դա իր իրավունքն էր, որից նա օգտվեց»:

Դատարանում ցուցմունք տվեց տուժող Ա. Խաչատրյանը, ով հայտնեց, որ մարտի 1-ի առավոտյան, ժամը 7:45-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում հանդիպել է շուրջ 7-8 քաղաքացու, որոնց մեջ է եղել նաեւ Վ. Հայոցյանը: Ըստ վկայի, վերջիններիս հորդորել է հեռանալ, բայց չեն հեռացել ու կոչեր են արել, հարձակվել իրենց վրա. «Հայոցյանը հարվածեց ձեռքիս, նրան բերման ենթարկեցինք, ու ես նորից վերադարձա ծառայության»: Վ. Հայոցյանը հարց տվեց՝ եթե իրենք 7-8 հոգի էին, իրենք ո՞ւմ էին կոչ անում, տուժողը երկմտորեն պատասխանեց. «Չգիտեմ»: Դատարան էին ներկայացել նաեւ գործով ոստիկան-վկաներ Էրիկ Պողոսյանը, Սերգեյ Բեգլարյանը, Արթուր Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Արսեն Ապերյանը, որոնք հաստատեցին նախաքննական մարմնին տված ցուցմունքները, թե ինչպես են օգնության հասել գործընկերներին, որ բերման ենթարկեն «դիմադրող» եւ «բռնություն գործադրող» Վ. Հայոցյանին եւ այդ պահին նրա հետ եղած Դավիթ Առաքելյանին, Լեւիկ Խաչատրյանին ու Մասիս Այվազյանին: Նշենք, որ ոստիկան վկաներից երկուսը՝ Արամ Վարդանյանը եւ Էդգար Ռշտունին, առանց պատճառներ տրամադրելու դատարանին, չէին ներկայացել: Դատախազ Ա. Նադոյանը կարեւոր համարեց նրանց դատակոչելը, որը առարկեց Վ. Հայոցյանը: «Մեկ է, նույն կեղծ ցուցմունքներն են տալու, հետեւաբար կարիք էլ չկա»,- ասաց նա: Ուստի մեղադրողի պահանջով դատավորը հրապարակեց նրանց նախաքննական ցուցմունքները:

Վ. Հայոցյանը նախ փարատեց կասկածը, թե իր եւ պաշտպան Ա. Գրիգորյանի միջեւ անակնկալ հակասություն է առաջացել եւ հայտնեց, որ պաշտպանից հրաժարվեց զուտ այն պատճառով, որ գործում եղած վկաները, որոնցից շատերին ինքը չի ճանաչում, կեղծ ցուցմունք են տվել, արդյունքում՝ պաշտպանը ստիպված էր լինելու ժամերով պաշտպանություն իրականացնել, ապա ներկայացրեց ու գնահատեց իր հետ տեղի ունեցածը. «Այս դատավարությունը համարում եմ քաղաքական, ինձ դատապարտում են իմ քաղաքական հայացքների համար, ոչ մի քրեական բան չկար, բայց այդպիսին «թխվեց»: Մեր մի մասի խնդիրն էր Ազատության հրապարակից դուրս գալը: Երբ համոզվեցինք, որ դա ապահովված է, փորձեցինք դուրս գալ այնտեղից՝ միջանցքներ փնտրելով: Հասել ենք Աբովյան փողոց, ապա իջել ենք Պուշկինի խաչմերուկ, փորձել ենք մտնել Հյուսիսային պողոտա, որպեսզի իմ ընկեր Լեւիկ Խաչատրյանի մեքենան ստորգետնյա կանգառներից մեկից վերցնենք ու հեռանանք: Երբ 30 սեւ համազգեստներով անձինք՝ սպեցնազցիները, հարձակվեցին մեզ վրա, դա նման էր հոլիվուդյան ֆիլմի տեսարանի: Յուրաքանչյուրիս 5 ոստիկան է բերման ենթարկել, 30 վայրկյանում մեզ տեղավորեցին մեքենաները: Այստեղ ոչ թե դիմադրելու, այլ պաշտպանվելու շանս չկար: Ավելի անկեղծ լինեմ. եթե պաշտպանվելու շանս ունենայի՝ կպաշտպանվեի, բայց այդ շանսը չեն տվել: Մեզ ձերբակալել են հատուկ ջոկատայինի համազգեստ հագած ինչ-որ մարդիկ: Ես մեղադրանքը չեմ ճանաչում, մեղավոր չեմ, քանի որ ավելի շատ տուժող եմ, քան մեղադրյալ»: Նկատի ունենալով գործով վկաներին ու տուժողին՝ Վ. Հայոցյանն ասաց. «Ես վստահ եմ, որ տղաներից ոչ մեկը Հյուսիսային պողոտայում չի եղել, ես մահակով չեմ խփել, նրանք ինձ բերման չեն ենթարկել, նրանց մի մասին ընդամենը տեսել եմ առերեսման ժամանակ»:

Դատավորը մինչեւ սեպտեմբերի 3-ը կողմերին պաշտպանական եւ մեղադրական ճառերը պատրաստելու ժամանակ տվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել