Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավտոկայանի թաղամասը փտում է

Օգոստոս 26,2008 00:00

Գյումրիի այս թաղամասի հակահիգիենիկ վիճակի պատճառով՝ բնակիչները վարակիչ հիվանդություններով են տառապում:

այանի թաղամասը, որտեղ մոտ 700 տնակ է տեղադրված, գրեթե ամբողջ տարին կեղտաջրերի ու անձրեւաջրերի մեջ է: «Ամբողջ քաղաքի կոյուղաջրերը գալիս-թափվում են մեր թաղամասում, կոյուղագծերն էլ էնքան մաշված են, որ կեղտաջուրն ամբողջովին դուրս է թափվում: Օրերով չենք կարողանում դոմիկներից դուրս գալ: Կոյուղաջրերի գարշահոտությունից խեղդվում ենք: Քիչ է մնում նավակներով ման գանք»,- «Առավոտին» դժգոհեցին ավտոկայանի թաղամասի մի խումբ բնակիչներ: Նշենք, որ այս թաղամասում բնակվում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնք անգամ իրենց երեխաների հիվանդանալու դեպքում չեն կարողանում դիմել բժշկի: «Երեխեքը կռիսների հետ են մեծանում, ջրերից պատերն էնքան խոնավ են, որ էրեխուս կոկորդը միշտ բորբոքված է, տենց ամիս չկա, որ անգինա չլինի: Մի անգամ էլ տիֆով էր հիվանդացել: Ում դիմում ենք՝ մեզ բանի տեղ չեն դնում: Էլ մարզպետարան, էլ քաղաքապետարան, սանէպիդ ու ջրմուղ չենք թողել, սաղին գրել ենք, դժգոհել ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Բա իրենց էրեխեքը սենց պայմաններում որ ապրեին՝ լավ կլինե՞ր»,- դժգոհեց բնակիչներից մեկը: Այս թաղամասը պարբերաբար հայտնվելով ջրերի մեջ, հաճախ զրկվում է էլեկտրաէներգիայից, քանի որ վնասվում են նաեւ էլեկտրալարերը, եւ բնակիչներն օրերով մնում են առանց լույսի: Գյումրեցիների պատմելով, կոյուղաջրերի ու անձրեւաջրերի հետեւանքով թաղամասի միակ ասֆալտապատ նեղ ճանապարհն այնքան է մաշվել ու քարուքանդ եղել, որ տեղումներից հետո ճանապարհով մեկ հսկայական ջրափոսեր են առաջանում: «Էդ ճանապարհի պատճառով մեզ մոտ տրանսպորտ էլ չի գալիս: Հազար ու մի դեպք է լինում, շտապօգնության մեքենան հրաժարվում է մեր թաղամաս մտնել, որովհետեւ անցնելու տեղ չկա: Դեպքեր են եղել, երբ շտապօգնության մեքենան խրվել է ջրի մեջ ու մնացել կանգնած»,- դժգոհեց Համլետ Մինասյանը:

Թաղամասի բնակիչների պատմելով, իրենց թաղամասում երբեւիցե սանմաքրման աշխատանքներ չեն կատարվել, ամիսներ շարունակ աղբը կուտակվում է փողոցներում եւ գարշահոտության ու վարակների պատճառ դառնում:

Այս առնչությամբ Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում եւս հաստատեց, որ թաղամասի վիճակն իսկապես մտահոգիչ է. «Այստեղ կային այնպիսի տնակներ, որոնք անձրեւների ժամանակ հեղեղվում էին ջրով: Այդ թաղամասի բնակիչների հետ շատ դժվար է աշխատել: Ովքեր համաձայնվեցին, մենք նրանց տնակները տեղափոխեցինք ու տեղադրեցինք ավելի չոր վայրում, իսկ ովքեր մի 10 մետր տնամերձ հող ունեն, չհամաձայնվեցին տեղափոխվել։ Թաղամասում կան նաեւ անօթեւան բնակիչներ, որոնք հաշվառված են եւ 2010-ին բնակարան կստանան ու դուրս կգան այդտեղից, իսկ այդ վայրում կանաչ գոտի է լինելու»: Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող են բնակիչները եւս մի քանի տարի ապրել այդպիսի պայմաններում, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Այդտեղ ֆինանսական ներդրում անելն անիմաստ է, պետք է յոլա գնան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել