Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ԳՐՊԱՆԵԼ»

Օգոստոս 26,2008 00:00

\"\"Ե. Զախարյանի որոշմամբ, կենտրոնի բնակիչներին 1 քմ-ի համար պետք է տրվեր ոչ պակաս, քան $944 փոխհատուցում, մինչդեռ մարդիկ ստացել են դրանից 3 անգամ պակաս:

2001-ից սկսված եւ մինչ օրս շարունակվող իրացման գոտիների պատճառով մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ մնացին անօթեւան: Պետությունը, իր «հատուկ կարիքների» համար խղճուկ փոխհատուցմամբ բնակիչներից վերցրեց, իսկ շատ դեպքերում էլ պարզապես բռնագրավեց տասնյակ տարիներով մարդկանց սեփականությունը համարվող տներն ու հողատարածքները:

Բնակարանների հարկադիր առք ու վաճառքը տեղի ունեցավ բազմաթիվ ապօրինություններով, նախապես հաշվարկված գումարի փոխարեն՝ «անկախ» համարվող անշարժ գույքի գնահատման գործակալությունները փորձում էին հնարավորինս իջեցնել 1 քմ-ի համար վճարվող գինը, ինչի արդյունքում քաղաքի կենտրոնում գտնվող հարյուրավոր բնակարանների բնակիչներ 1քմ-ի համար ստացան շատ դեպքերում չնչին՝ $200-250 փոխհատուցում, մինչդեռ այդ բնակարանների շուկայական արժեքը 3 անգամ ավելի էր: Էլիտար բազմաբնակարանների շինարարության իրավունք ստացած կազմակերպությունները, որոնք, թերեւս, տեղյակ էլ չեն, որ կառուցապատումների վերաբերյալ գոյություն ունի կառավարության որոշում, խախտել են այն, իսկ այդ որոշման՝ քաղաքի ճարտարապետական տեսքի համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող որոշ կետեր ընդհանրապես աչքաթող են արել: Մասնավորապես, Երեւանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի մասին կառավարության 2000թ. որոշմամբ, պողոտայի կառուցման ժամանակ բարձրահարկ շենքերի բարձրությունը պետք է լիներ ոչ ավելի, քան Օպերայի 2-րդ հարկի բարձրությունն է, սակայն այսօր Հյուսիսային պողոտայի որոշ էլիտարներ մի քանի մետրով բարձր են, քան Օպերայի շենքը:

Կառավարության նույն որոշմամբ, Լալայանց փողոցը պետք է լիներ ազգագրական իրերի ցուցասրահ-վաճառքի կենտրոն, իսկ այսօր այնտեղ բազմաբնակարան շենք կա, որի 1 քմ-ն վաճառվում է $7-10 հազարով: Հայտնի չէ նաեւ, թե ինչպես եւ ինչ կարգով ընտրվեցին այն կազմակերպությունները, որոնք պետք է «էլիտար» շինարարությամբ զբաղվեին: Կառուցապատում իրականացնող ընկերությունների մեջ կան այնպիսիք, որ պարզապես անհասկանալի է, թե ինչպես են ձեռք բերել այդ իրավունքը: Օրինակ, 2004-ին «Գրիառ» ընկերությանը տրվեց 6240 քմ տարածքում կառուցապատման իրավունք, որից որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ կազմակերպությունը հարկայինին 1 միլիոն 343 հազար դոլար պարտք ունի: Հետեւապես՝ անհասկանալի է, թե ինչպես պետք է այն կազմակերպությունը, որն անգամ ի վիճակի չէ իր հարկերը վճարել, շինարարության համար ներդրումներ անի: Նույն ժամանակահատվածում Բուզանդի 11,13,15,17 եւ 21 հասցեներում 4200 քմ-ի վրա շինարարություն անելու թույլտվություն տրվեց «Վիզկոն» ընկերությանը, որն առ այսօր այդ տարածքի տները քանդելուց եւ փոս փորելուց բացի՝ այլ բան չի արել: Ընդ որում՝ քաղաքաշինության նախարարության տեղեկացմամբ, «Վիզկոն» ՍՊԸ-ն գրանցված չէ լիցենզավորման կենտրոնում եւ կապիտալ շինարարության իրականացման լիցենզիա չունի:

Ըստ «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի, հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանը, հանուն իրենց շահի, ոտնահարեցին հազարավոր մարդկանց իրավունքները: Ս. Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց տվյալներ այն մասին, թե ինչ անարդար ու ապօրինի կերպով են փոխհատուցվել իրենց բնակարաններից վտարված մարդիկ: Ըստ Ս. Բաղդասարյանի, նույն տարածքում, նույն կարգավիճակում գտնվող համանման բնակարանների համար բնակիչները ստացել են խիստ տարբեր չափերի փոխհատուցում, իսկ արդյունքում՝ միլիարդավոր դոլարների հասնող գումարներ է գրպանել քաղաքապետը: Այսպես, Պուշկինի փակուղի 5 հասցեում գտնվող մեկ բնակարանի դիմաց բնակիչները ստացել են 3 հատ 3 սենյականոց, 1 հատ 2, եւ 1 հատ 1 սենյականոց բնակարաններ քաղաքի կենտրոնում, Պուշկինի 16 հասցեում ընդամենը 800 քմ հողատարածքի դիմաց սեփականատերը ստացել է $593 հազար փոխհատուցում, իսկ, ասենք, Տերյան 12 հասցեի բնակիչները իրենց բնակարանի դիմաց ստացել են 2 հատ 3, 1 հատ 2 եւ 1 հատ 1 սենյականոց բնակարաններ: Մինչ այս եւ տասնյակ բնակիչներ անհասկանալի պատճառներով այսքան առատաձեռն փոխհատուցում են ստացել, հազարավոր այլ մարդիկ նույնիսկ իրենց բնակարանի արժեքի մեկ երրորդն էլ չեն ստացել: Ե. Զախարյանի՝ 2004-ի որոշմամբ, կենտրոնի բնակիչներին տրվող փոխհատուցումը պետք է հաշվարկել ոչ պակաս, քան 1 քմ-ի համար $944: Ս. Բաղդասարյանի հավաստմամբ, քաղաքապետի այս որոշումն արհամարհվել է, որի արդյունքում՝ քաղաքապետի կողմից թալանվել են հարյուրավոր սեփականատերեր. «Ընդամենը 31 բնակչի տրված փոխհատուցման գումարները հաշվարկելով՝ պարզ է դառնում, որ քաղաքապետը նրանցից յուրացրել է $3 միլիոն 651 հազար»: Նշենք, որ մայրաքաղաքում կա նման 3 հազար ընտանիք: Ս. Բաղդասարյանը ԾԻԳ-ից պահանջել է իրեն տրամադրել տվյալներ այն մասին, թե ինչպես են կատարվել բնակիչների փոխհատուցման գումարների հաշվարկները, սակայն մերժում է ստացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել