Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնգրեսի հայտարարությունը

Օգոստոս 26,2008 00:00

Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանում սկսված վառելիքի ճգնաժամի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հանրապետությունում վերջին օրերին առկա է տնտեսական լուրջ ճգնաժամ: Ռազմավարական նշանակության ապրանք համարվող հեղուկ վառելիքի պաշարները գրեթե սպառված են, բենզալցակայանների մի մասը չի աշխատում, որոշները բենզինը վաճառում են խիստ սահմանափակ չափերով: Հանրապետությունում 1 լիտր բենզինի ստվերային գինն արդեն հասնում է 1000 դրամի: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

* Հանրապետության կառավարությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել ճգնաժամային կառավարում, մինչդեռ անգամ Ղարաբաղյան պատերազմի եւ շրջափակման ծանր տարիներին պետությունը կարողանում էր կարգավորել նմանօրինակ վիճակները:

* Ճգնաժամը նաեւ անխուսափելի հետեւանքն է այն թեթեւամիտ որոշման, որով ժամանակին, երբ անխափան գործում էր ՀՀ-ն սնող կոմունիկացիոն համակարգը, վերացվեցին պետական ռեզերվները: Այսօր ՀՀ-ում գոյություն չունեն նման ճգնաժամերից խուսափելու համար անհրաժեշտ պահուստային ֆոնդեր:

* Կառավարության կողմից նախօրոք մշակված եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մշակված չեն նման դեպքերում նրա տարածքով վառելիքի անհրաժեշտ ծավալների ներկրման սխեմաներ: Մշակված չեն նաեւ առաջին անհրաժեշտության նման ապրանքների ներկրման այլընտրանքային այլ սխեմաներ:

* Ոլորտի ծայրահեղ մոնոպոլիզացիան ավելի է խորացնում ճգնաժամի սրությունը»:

Կոնգրեսը պահանջում է անհապաղ իրականացնել հետեւյալ միջոցառումները.

«* Վերացնել հեղուկ վառելիքի ներկրման մենաշնորհը եւ հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին զբաղվել այդ գործով:

* Ստեղծել մեխանիզմներ, որոնք կկանխեն հեղուկ վառելիքի սակավության պայմաններում ապօրինի գնով դրա վաճառքը եւ գերշահույթների ստացումը, իսկ մինչեւ ճգնաժամի հաղթահարումը մտցնել բենզինի վաճառքի նորմավորում:

* Հանձնարարել պատկան մարմիններին՝ ճգնաժամի ավարտից հետո ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների առնվազն մի քանի ամսվա համար անհրաժեշտ պահուստներ՝ ապագայում հնարավոր ճգնաժամերից խուսափելու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել