Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Օգոստոս 26,2008 00:00

Երեկ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու կոչով միաձայն դիմում է ընդունել՝ ուղղված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Մենք պարտավոր ենք սատարել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ժողովուրդների կայունության, խաղաղության, անկախության ձգտումը»,- պալատի նիստում հայտարարել է ԴԽ-ի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նա ասել է, որ նշված տարածաշրջանների ժողովուրդներն անկախություն ձեռք բերելու բոլոր իրավունքներն ունեն՝ առանձնացնելով առաջին հերթին «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»: Միրոնովը հիշեցրել է, որ դեռ խորհրդային տարիներին եղել են այդ ինքնավար կազմավորումների իրավունքների խախտումներ: «Կարեւոր է, որ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության իրավական հիմքերը ստեղծվել են մինչեւ Վրաստանի միջազգային ճանաչումը եւ նրա ընդունումը ՄԱԿ-ի կազմ՝ 1992 թվականի հուլիսին»,- հայտարարել է Միրոնովը:

Երեկ իսկ, ՌԴ ԴԽ նիստից քիչ ավելի ուշ, Ռուսաստանի Պետդումայի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները եւս հատուկ նիստ են գումարել, որի ժամանակ միաձայն հավանության են արժանացրել համանման մի դիմում: Դումայականներն այդ փաստաթղթով նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրել են դիտարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի՝ «որպես ինքնուրույն, ինքնիշխան եւ անկախ պետություններ» ճանաչելու հարցը: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պատգամավորները նաեւ կոչ են արել աշխարհի խորհրդարաններին՝ պաշտպանել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը:

Այս համապատկերում երեկ ուշագրավ մի տեղեկատվություն է տարածել ադրբեջանական «Թրենդ նյուս» գործակալությունը: Ըստ այդմ, գործակալությունը պնդում է, թե, իր աղբյուրների փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը եւս, հետեւելով Հարավային Օսեթիային եւ Աբխազիային, մտադիր է դիմել Ռուսաստանի Դաշնության խորհրդին՝ ԼՂ-ի անկախության ճանաչման հարցով: Նախօրեին հայտնի դարձավ նաեւ, որ Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստում հաստատել է մինչեւ սեպտեմբերի 8-ը Վրաստանում ռազմական դրության երկարացման մասին որոշումը: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Խորհրդարանի պատգամավորները միահամուռ համաձայնել են, որ ռազմական դրությունը պետք է գործի այնքան ժամանակ, «քանի դեռ Վրաստանի տարածքից լրիվ դուրս չեն բերվել ռուսական զորքերը»: Ռազմական դրությունը Վրաստանում գործում է օգոստոսի 9-ից: Այն հայտարարվեց՝ նախագահի եւ հաստատվեց խորհրդարանի կողմից «նախկին Հարավօսեթական ինքնավար օկրուգի տարածքում իրադրության ծայրաստիճան սրման» եւ «Վրաստանի վրա Ռուսաստանի Դաշնության կողմից զինված հարձակման փաստի առնչությամբ»: «Նոյյան տապանը» հաղորդում է, որ մարդասիրական օգնությամբ բեռնված ամերիկյան ռազմանավերն արդեն իսկ մոտեցել են Վրաստանի ափերին եւ խարիսխ գցել Բաթումում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել