Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾԸ ԼԻՆԻ ՀԻՇԱՏԱԿՈՂ»

Օգոստոս 26,2008 00:00

Ալբերտ Երիցյանը ցանկանում էԱրաբկիրը դարձնել բարեկարգ համայնք

«Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության հիմնադիր նախագահ Ալբերտ Երիցյանի թեկնածության առաջադրումը Արաբկիր համայնքի ղեկավարի սեպտեմբերի 7-ի ընտրություններում անակնկալ էր ինչպես իրենց՝ արաբկիրցիների, այնպես էլ՝ մյուս թեկնածուների համար: Բավականին լուրջ բիզնես ունեցող ճանաչված գործարարին դժվար է կասկածել հարազատ համայնքում ունեցած տնտեսական, առավել եւս՝ քաղաքական ինչ-ինչ հաշվարկների եւ շահախնդրությունների մեջ: Ուստի, Ալբերտ Երիցյանի առաջադրման նպատակն ու ծրագրերը պարզելու համար՝ նրա հետ զրուցեց մեր թղթակիցը:

– Պարոն Երիցյան, Դուք հանրապետությունում ճանաչված գործարար եք, «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության հիմնադիրը, որը ստեղծել է Երեւանի սուպերմարկետների առաջին ցանցը, «Աթենք» մսամթերքի գործարանը եւ արտադրական այլ հզորություններ: Ի՞նչն է դրդում Ձեզ այսօր մտածել սիրած զբաղմունքը թողնելու եւ Արաբկիրի համայնքապետ դառնալու մասին:

– Շուրջ մեկուկես տասնամյակ առեւտ րի եւ սննդամթերքի արտադրության ոլորտներում շոշափելի ձեռքբերումներ եմ ունեցել: Հիմնել եմ սուպերմարկետներ, գործարաններ, արտադրական այլ հզորություններ, որոնցում այսօր 1000-ից ավելի մարդ է աշխատում: Սակայն, բիզնեսում հաջողությունների հասնելու հետ միասին, անընդհատ մտածել եմ, թե, տնտեսության զարգացման բնագավառում որոշակի դերակատարություն ստանձնելուց զատ, ուրիշ ինչով կարող եմ իմ լուման ներդնել բնակչության կյանքի որակի բարելավման գործում: Բարեգործությունը, որով զբաղվել եմ անցած տարիների ընթացքում, եղել է նման ցանկության կոնկրետ դրսեւորումներից մեկը:

– Ի դեպ՝ բարեգործության մասին. ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում այդ ասպարեզում:

– Անցած տարիներին իմ ուշադրության կենտրոնում են եղել սոցիալապես անապահով խավերը, հաշմանդամները, թափառաշրջիկ երեխաները, զոհված եւ ոչ աշխատունակ ազատամարտիկների ընտանիքները, Հայրենական պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերանները, կրթական, առողջապահական, մշակութային եւ մարզական հաստատությունները:

«Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը շարունակաբար համակողմանի օգնություն է ցուցաբերել Արաբկիր համայնքի թիվ 1, 4, 8, 11, 76 եւ թիվ 9 «Մանկության մոլորակ» մանկապարտեզներին, թիվ 2, 10, 38, 67, 73, 84, 89, 129, ինչպես նաեւ՝ թիվ 16 «Հրաշք» մսուր-մանկապարտեզներին: Այդօրինակ աջակցություն է ցուցաբերվել նաեւ Երեւանի «Հատուկ տիպի», «Հույս», «Նորածին», «Զատիկ» մանկատներին: Մեր բարեգործական ծրագրերում մշտապես ընդգրկվել են մի շարք առողջապահական հաստատություններ՝ «Արաբկիր» բժշկական համալիրը, թիվ 12, 19 եւ մանկական պոլիկլինիկաները: Մեր տրամադրած միջոցների հաշվին վերանորոգվել եւ կահավորվել են թիվ 21, 33, 63, 68, 76, 77, 78, 83, 109, 130, 132, 150, 170 միջնակարգ դպրոցները:

Եվ սա ընդամենը մի մասն է այն կազմակերպությունների, որոնք ընդգրկվել են «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության բարեգործական ծրագրերում: Սակայն, լինելով արտադրության եւ առեւտրի բնագավառում եվրոպական չափանիշներ ներդնող գործարարներից մեկը (դա թող անհամեստ չհնչի), միաժամանակ գտնում եմ, որ բարեգործությունն անհրաժեշտ, բայց ամենեւին բավարար պայման չէ մեր կյանքի որակը էապես բարելավելու համար:

– Բիզնեսի զարգացումից ու նոր աշխատատեղերի ստեղծումից բացի՝ Ձեր կարծիքով, կոնկրետ ուրիշ ի՞նչ է հարկավոր մեր կենսամակարդակը բարձրացնելու համար:

– Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հատուկ ուշադրություն եմ դարձրել իմ ղեկավարած կառույցների աշխատողների համար աշխատանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու, աշխատավայրերը ճաշակով կահավորելու գործին: Ինչպես բիզնեսում, այնպես էլ առօրյա կյանքում դա ամենեւին էլ մանրուք չէ: Ավելին՝ ես այդպես եմ վարվել ոչ միայն առեւտրի օբյեկտների, այլեւ Արաբկիր համայնքի մի շարք բակերի ու հասարակական նշանակության տարածքների պարագայում՝ արժանանալով բնակչության անկեղծ դրվատանքին: Սակայն մի բան է շրջապատը գեղեցկացնելու նման ինքնաբուխ ցանկությունը, մեկ այլ բան՝ համակարգված քաղաքականությունը, որը կարող եմ իրականացնել՝ որպես Արաբկիրի համայնքապետ: Տեսեք, թե ինչ վիճակում է այսօր երկրի մտավորականության բազմաթիվ վառ ներկայացուցիչներով՝ արվեստագետներով, գիտնականներով, դասախոսներով բնակեցված մեր սիրելի Արաբկիրը: Մի՞թե նման ոչ բարվոք կենցաղային եւ սանիտարական վիճակը արժանի է մեր քաղաքի մտավոր ամենամեծ ներուժն ունեցող համայնքներից մեկին: Աղբակույտերի մեջ կորած փողոցներ, բակեր եւ շենքերի նախամուտքեր, անմշակ սիզամարգեր, ավերված փողոցներ, գարշահոտություն, որն իրեն զգացնել է տալիս ամեն քայլափոխի: Ես պատկերացնում եմ, թե, օրինակ, քանի անգամ են ամոթից իրենց հայացքը գետնին հառել բոլոր այն արաբկիրցիները, որոնք աշխատանքի բերումով կամ այլ պատճառով հյուրեր են ընդունել արտասահմանից: Եվ դա այն պարագայում, երբ մայրաքաղաքում իր գրաված դիրքով Արաբկիրը երկրորդն է, իսկ ահա մտավորականության ստվար շերտի առկայությամբ թերեւս չի զիջում նաեւ Կենտրոն համայնքին: Ուրեմն՝ ինչով են պակաս Արաբկիրի իմ հայրենակիցները, որ այսօր ապրում են նման անբարեկարգ համայնքում: Նրանց այդ վիճակից դուրս բերելու, նաեւ մեր համայնքին բարեկարգ եւ գեղեցիկ տեսք տալու համար՝ ես այսօր առաջարկում եմ իմ փորձառությունը, ներուժն ու հնարավորությունները, եւ հույս ունեմ, որ արաբկիրցիները ճիշտ կհասկանան ինձ:

– Դուք նկատի ունեք մրցակիցների համեմատ Ձեր ունեցած ավելի մեծ ֆինանսական հնարավորություննե՞րը:

– Խնդիրը միայն ֆինանսները չեն: Ես անընդհատ ձգտում եմ իմ կողմից ղեկավարվող յուրաքանչյուր ձեռնարկությունում ստեղծել աշխատանքային լավ պայմաններ, նաեւ համապատասխան աուրա, որը մարդկանց տրամադրում է բարեխիղճ, ստեղծագործ աշխատանքի: Այսինքն՝ ձգտում եմ այնպես ճաշակով ձեւավորել, գեղեցկացնել շրջապատը, որպեսզի եվրոպական տիպի կահավորումն ու դիզայնը զուգակցվեն մեր ազգային ոճին: Դրանում համոզվելու համար բավական է այցելել «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության սուպերմարկետները: Նման փորձը ցանկանում եմ տարածել, տեղայնացնել իմ հարազատ Արաբկիրում՝ այն դարձնելով մաքուր, բարեկարգ, արդիական եւ օրինակելի համայնք: Դա իմ երազանքն է, որի իրականացման համար պատրաստ եմ գտնել եւ ներդնել համապատասխան միջոցներ: Ուստի, երբ ասում եմ, որ իմ հայրենակիցները պետք է ճիշտ հասկանան ինձ, նկատի ունեմ այն հանգամանքը, որ, որպես բիզնեսմեն, ես վաղուց արդեն կայացել եմ, Արաբկիրի տարածքում որեւէ նոր բիզնես-շահախնդրություն չունեմ, քաղաքական առումով եւս ծրագրեր չեմ մշակում: Ես պարզապես ցանկանում եմ հետք թողնել հարազատ համայնքում, իմ ձեռագիրն օգտագործել Արաբկիրը կարգի բերելու համար, որպեսզի ներկա ու ապագա սերունդներն ունենան մայրաքաղաքին վայել համայնք: Ես այդ ամենի արդյունքում փող չեմ աշխատելու եւ ոչ էլ քաղաքական շահաբաժիններ եմ ձեռք բերելու: Ուղղակի բարոյական բավարարվածություն եմ ստանալու այն փաստից, որ վերջապես Արաբկիրը բարեկարգվում եւ մաքրվում է: Մաքրվում է՝ բառիս ամենալայն իմաստով: Մի քանի տարվա ընթացքում համայնքի շենքերի վերելակները, շքամուտքերը, տանիքները, կոմունալ ներքին ցանցը, սիզամարգերի ոռոգման համակարգերը վերանորոգվելու եւ բարեկարգվելու են, ստեղծվելու են ակտիվ հանգստի ու ժամանցի պատշաճ պայմաններ, լուսավորվելու եւ ասֆալտապատվելու են երկրորդական նշանակության փողոցները, այսինքն՝ Արաբկիրի տեսքը փոխվելու է հիմնավորապես:

– Դուք ցանկանում եք այդ ամենը անել նրա համար, որպեսզի ապագա սերունդները հիշեն, որ Ալբերտ Երիցյանի օրո՞ք է Արաբկիրը ձեռք բերել իր բարեկարգ տեսքը:

– Կատարած լավ գործերի շնորհիվ բարի համբավ ստեղծելու ավանդույթը միշտ էլ եղել է մեր ժողովրդի զավակների գործողությունների հիմնական մոտիվացիաներից մեկը: Արաբկիրը ժամանակակից մայրաքաղաքին վայել համայնք դարձնելու իմ անկեղծ ցանկությունը բխում է գործ անելու եւ այդ գործի արդյունքների շնորհիվ իմ համայնքում, թաղամասում, փողոցում բարի համբավ վաստակելու անկեղծ մտադրությունից: Ուրիշ որեւէ նպատակ կամ հավակնություն ես չունեմ: Թող «գործը լինի հիշատակող»՝ ինչպես եղել է միշտ: Հավելեմ, որ իմ ծրագրերը եւ «Ես գալիս եմ աշխատելու» կարգախոսը կյանքի կոչելու կարեւորագույն նախապայմանը համայնքի բնակչության հետ փոխվստահելի կապի եւ անկեղծ երկխոսության ապահովումն է: Արաբկիրցիների վստահության քվեն ստանալու դեպքում՝ հենվելու եմ ժողովրդի վրա, իմ գործունեության ընթացքում հստակ գործելաոճ են դառնալու բնակչության հետ պարբերական բակային հանդիպումները, քաղաքացիների կանոնավոր ընդունելությունները, համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման ժամանակ, արաբկիրցիների կարծիքը հաշվի առնելու նպատակով, տեղական հանրաքվեների եւ բնակչության շրջանում զանազան հարցումների անցկացումը, անհրաժեշտության դեպքում՝ տեղերում ավագանու արտագնա նիստերի կազմակերպումը: Թող բարձրագոչ չհնչի, բայց փորձելու եմ առաջնորդվել «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» սկզբունքով:

– Պարոն Երիցյան, այն բանից հետո, երբ շրջանառության մեջ դրվեց Ձեր՝ թաղապետի թեկնածու առաջադրվելու վարկածը, որոշ թերթերում Ձեր հասցեին եղան զանազան քննադատական հրապարակումներ, գնահատականներ: Նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչպե՞ս եք արձագանքում դրանց:

– Չեմ արձագանքել եւ չեմ արձագանքելու: Կցանկանայի հիշեցնել քարոզչական տեխնոլոգիաների, նույնիսկ մանկամիտներին հայտնի հանրահայտ սկզբունքը, որ սեւ քարոզչությունը կամ հակաքարոզչությունը նույնպես քարոզչություն է: Իմ դեմ թխված նյութերի հեղինակին ընդամենը կարեկցում եմ, բայց, միաժամանակ, գնահատում եմ նրա անսահման եռանդն ու գործադրած լուրջ ջանքերը՝ իմ քարոզչությունն անվճար, բավականին հաջող եւ թերթային մեծ տպաքանակով իրականացնելու համար:

– Պարոն Երիցյան, իսկ ի՞նչ կարծիքի եք Ձեր մրցակիցների մասին:

– Ընդհանրապես մրցակիցներին պետք է հարգել: Մասնավորապես՝ նրանցից երկուսին ցանկանում եմ, որպեսզի այսուհետ եւս համատեղ շարունակեն իրենց համագործակցված աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել