Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ

Օգոստոս 26,2008 00:00

\"\"ԵԿՄ-ում իրենց անդամակցությունը դադարեցրածներին ասում է ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ, գնդապետ Հովհաննես Հարությունյանը, որը դատապարտված է 1,5 տարվա ազատազրկման՝ մի քանի փամփուշտի համար:

– Դուք եւ այժմ բանտում գտնվող մի քանի երկրապահներ բավական վրդովված հայտարարությամբ արձագանքեցիք այն լուրերին, թե ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը փետրվարի 24-ից դադարեցրած 15 գեներալներն ու գնդապետներն այժմ «իշխանափոխություն» են նախապատրաստում ԵԿՄ-ում: Ինչո՞ւ են նման անհանգստություն հարուցել այդ լուրերը:

– Նրանց անդամակցության դադարեցման առաջին ու միակ նպատակը հենց այն էր, որ մեզ կալանավորեին, եւ նրանք իրենց նպատակին այդ չափով հասել են: Եվ մեր անհանգստությունը շատ բնական է: ԵԿՄ-ն մեռնող կազմակերպություն չէ, այն գուցե «քնի» որոշ ժամանակ, բայց այս երկրի տերերը մենք ենք: Այս բոլորին մենք ենք հնարավորություն տվել հարստություն կուտակելու եւ նույնիսկ մեզ շանտաժի ենթարկելու, դատապարտելու եւ իրենց վերագրելու հաղթանակի բոլոր դափնիները:

– Հրապարակված լուրերի համաձայն՝ ԵԿՄ-ում իր անդամակցությունը դադարեցրած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ վարչության նախագահ դարձնելու օգտին քարոզողներն այս փաստարկն են օգտագործում, թե ներկայիս ղեկավար Մանվել Գրիգորյանը ոչինչ չի ձեռնարկում կալանավորված երկրապահներին ազատելու համար, մինչդեռ իրենք ցանկանում են հասնել ազատամարտիկների, ի դեպ՝ նաեւ Ձեր ազատությանը: Ձեզ այս հավաստիացումները վստահություն չե՞ն ներշնչում:

– Բնա՛վ: Եթե նրանք ուզում էին մեզ լավություն անել՝ չէին կազմակերպի այս սպանդը: Մեզ կալանավորում են, այնուհետեւ փորձում օգնությո՞ւն ցուցաբերել: Մենք նրանցից օգնություն չե՛նք խնդրել, չե՛նք խնդրում ու չե՛նք խնդրելու: Ավելին՝ թող փորձ անգամ չանեն ԵԿՄ-ի անուն տալ, քանի որ իրենց անդամակցությունը դադարեցրածների 90 տոկոսը երկրապահ չի էլ եղել. այդ մենք ենք նրանց սարքել երկրապահ: Եվ հիմա թող քարոզարշավներ չսկսեն ու ԵԿՄ անդամներին թող չփորձեն համոզել, թե իրենց բարօրության համար են անում այս ամենը՝ իրենց օգնություններ կցուցաբերեն եւ այլն: Եթե ուզում են օգնել՝ թող այն ժամանակ օգնեին, ամեն ինչ իրենց ձեռքերում էր: Ի՞նչ է, վախենում էին, թե դրա դափնիները բաժին կհասնեն Մանվել Գրիգորյանի՞ն: Նրան դափնիներ պետք չեն:

– Դուք հակառակ ծայրահեղության մեջ չե՞ք ընկնում: Ինչպես Սեյրան Օհանյանն էր մարտի 4-ին հայտարարում. «Ես Մյասնիկ Մալխասյանին ոչ մի տեղ չեմ տեսել կռվելուց», հիմա էլ Դուք եք պնդում, թե դուրս եկածներն իրականում երկրապահ էլ չէին:

– Թող առիթ չտան հիշեցնելու իրենց անցյալը, թե ով ինչ է արել եւ ինչ չի արել: Կարծում եմ՝ նրանք չեն կասկածում, թե ես շատ ավելին գիտեմ իրենց մասին: Գուցե Սեյրան Օհանյանը կռիվ է արել իրենց հարեւանների հետ, եւ Մյասնիկ Մալխասյանը դրան չի մասնակցել, բայց դա չի նշանակում, որ նա չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին: Վազգեն Սարգսյանի հետ ես եմ գնացել Մյասնիկի մոտ հիվանդանոց՝ Գորիսում, երբ նա վիրավորվել էր:

– Թերեւս չեք կարող ուրանալ, որ երբ ԵԿՄ ղեկավարները նաեւ ՊՆ համակարգում են եղել՝ ազատամարտիկների աջակցությանն առնչվող շատ հարցեր լուծվել են ավելի հեշտությամբ:

– Հեշտությամբ չեն լուծվել: Եվ Մանվել Գրիգորյանը ջանք ու եռանդ չի խնայել, որ երկրապահները մնան բանակում: Բայց դրան հակառակ՝ այս նույն անձինք ԵԿՄ անդամներին հանել են բանակից: Մենք նրանց համար անհաճո էինք: Ուստի ինչ էլ արվել է՝ արվել է շատ դժվարությամբ:

– Դուք գովում եք Մանվել Գրիգորյանին, բայց նա այդպես էլ հստակ դիրքորոշում չարտահայտեց քաղաքական վերջին դեպքերի կապակցությամբ: Ավելին, իր վերջին հայտարարության մեջ նշեց, թե ԵԿՄ-ն «չի ներքաշվել ներքաղաքական ոչ մի խաղի մեջ», «Երկրապահը երբեք չի լսի նրանց կոչն ու խորհուրդները, ովքեր ուզում են երկրապահին բրթել քաղաքական դաշտ»:

– Ճիշտ է ասված, ու դեռ Վազգեն Սարգսյանի ժամանակից էլ մենք միշտ ասել ենք, որ երկրապահները գործ չունեն քաղաքականության հետ:

Մենք՝ երկրապահներս, մի անգամ սրիկայություն ենք արել եւ դրա արդյունքը տեսել ենք: Նկատի ունեմ այն, որ 1998-ին լսեցինք Վազգեն Սարգսյանի կոչը, հարգեցինք այն եւ մտածեցինք՝ գուցե մենք բոլորս միասին սխալվո՞ւմ ենք: Բայց այդ անգամ սխալվեց Վազգեն Սարգսյանը: Եվ մենք վերջապես պիտի ուղղենք մեր սխալները: Մանվել Գրիգորյանը միշտ ասում է, որ երկրապահները ժողովրդի կողքին են: Իսկ այսօր ո՞ւմ կողքին է գրեթե ողջ ժողովուրդը՝ բացառությամբ ղարաբաղյան կլանին քծնողների, լպրծունների, մականունավորների:

– Այնուամենայնիվ, արդյոք վաղաժա՞մ կամ, ընդհանրապես, անտեղի՞ չեն ԵԿՄ-ում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ Ձեր մտահոգությունները: Գուցե այդ 15 հոգին ընդամենը նախաձեռնելու են երկրապահների ինչ-որ նոր կազմակերպություն:

– Նոր երկրապահ ստեղծել հնարավոր չէ: Նման փորձ եղել է եւ ստեղծվել է ԱՎՄ-ն եւ այլն: ԵԿՄ-ից նման կազմակերպությունների անջատվելով՝ մեր շարքերն ուղղակի մաքրվել են: Ասածս չի վերաբերում «Ոգու փորձությանը» եւ «Հատուկ գնդին», որոնք այսօր էլ մեր մի մասն են՝ կարծես երկվորյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել