Գլուխ քսանհինգերորդ
ՄՈՄԻ ԼՈՒՅՍԻ ԴԵՄ
Որպեսզի ասածներս ձեզ համար առավել հասկանալի ու տեսանելի դառնան, պիտի հավելյալ ձեզ տեղեկացնեմ, որ հավերժության էդ դարպասները գրականության ու հատկապես պոեզիայի մայրուղի դուրս բերող նույն դարպասներն են, բայց քանի որ հիմա անվերահսկելի ու խառը ժամանակներ են, երբ ասես եւ ով ասես՝ կարող է սողոսկել էդ դարպասներից ներս, եւ չնայած էդ դարպասների էդ հսկիչներն էդ հավերժության հավակնորդների կողմից չափազանց լիաբուռն են վարձատրվում, բայց, ի վերջո, մարդ են եւ ժամանակ առ ժամանակ պոստի վրա կարող են քնել կամ, ասենք, խմել, մանավանդ որ՝ իրենց վարձավճարն էդ հնարավորությունը տալիս է, եւ քանի որ սրանք մեր էս երկրային ժամանակի մեջ գերծանրաբեռնված են աշխատում եւ, փաստորեն, աշխատանքից ազատ ժամեր գրեթե չունեն, եւ քանի որ իրենց տերերի պես բացառիկ են ու սմենչիկ էլ չունեն, ստիպված ինչ անում են՝ պոստի վրա են անում՝ ներառյալ քնելն ու խմելը, եւ հենց էդ ժամանակ գլխավոր մայրուղում էնպիսի խցանումներ ու խառնաշփոթ են առաջանում՝ ինչպիսիք վերջերս առաջանում էին «Այրարատ» կինոթատրոնին հարող խաչմերուկում, ու էդ խառնաշփոթից սատանան անգամ գլուխ չի հանի, ուր մնաց՝ էդ քնատ ու հարբած սպասավորներն ու հսկիչները, եւ երբ արդեն բանը բանից անցած է լինում, եւ երբ հավերժության խազեինները տեսնում են, որ սպասավորներն արդեն իրավիճակին չեն տիրապետում, եւ իրավիճակն էլ վերահսկողությունից դուրս է գալիս, ստիպված արդեն անձամբ են խառնվում, բայց նախքան անձամբ խառնվելը՝ խստացված հայացքով նայում են իրենց անբարեխիղճ ու անպատասխանատու պատասխանատուներին եւ հայացքներն առավելագույնս խոժոռելով հարցնում են՝ «պետք ա՞ խառնվենք», եւ սպասավորը հասկանալով, որ մայրուղու խցանումներն աղետալի չափերի են հասնում, գլուխկախ պատասխանում ու ասում է՝ «ուրիշ վարիանտ չկա, շեֆ», եւ մայրուղին սեփականաշնորհած հավերժության հավակնորդն ինքն էլ համոզվելով, որ ուրիշ վարիանտ չկա, ափալթափալ հագնում է կոստյումը, կապում է փողկապը, հագնում է բոթասները եւ սուրում է որեւէ ակումբ՝ մամլո ասուլիսի, եւ երբ սպասավորը հանդգնում է խազեինին դիտողություն անել, ասելով, որ կոստյումի ու փողկապի հետ սովորաբար բոթաս չեն հագնում, հավերժության սեփականատերը ոչ թե անպարտաճանաչ սպասավորի վզակոթին է հասցնում, այլ, ընդհակառակը, մեծահոգաբար ու ներողամտորեն ժպտում է, որովհետեւ բազմիցս համոզվել է ու վստահաբար գիտի, որ հեռուստացույցով բոթասները չեն երեւալու, եւ միայն ինքը գիտի, որ բոթասների առկայությամբ ուղեղը չտեսնված է աշխատում, քանի որ բոթասավոր մարդն անհամեմատ ազատ ու անկաշկանդ է, քան, ասենք, կոշկավորը, եւ միայն ինքը գիտի, որ բոթասն, ըստ էության, նույն տրեխն է, եւ միայն ինքը գիտի, որ բոթասավորի արտահայտած մտքերը բնականության առումով գրեթե համազոր են տրեխավորի մտքերին, ու էս ամենի մասին միայն ու միայն ինքը գիտի, եւ այդ է պատճառը, որ ինքը ոչ թե սպասավորի վզակոթին է հասցնում, այլ ներողամտորեն եւ մեծահոգաբար ժպտում ու սուրում է որեւէ ակումբ՝ վճռական ասուլիսի, եւ երեկոյան արդեն բոլոր հեռուստաալիքներն ազդարարում են, որ գրականության ու հատկապես պոեզիայի մայրուղին անհուսալիորեն է խցանված, եւ իրիկվա կողմ արդեն իմանում եմ, որ խցանողներից ամենավտանգավորն ու անուղղելին ինքս եմ՝ իմ «Անտիպոեզիայով» հանդերձ, բայց իրիկվա կողմ էդ մասին միայն ես եմ տեղեկացվում, որովհետեւ, որպես կանոն, մեր պատասխանատու հեռուստաալիքներն անպատասխանատու կերպով մեր գլխավոր գրագետների ասածները կոնտեքստից կտրում ու աղճատած են ներկայացնում, բայց ինչքան էլ կոնտեքստից կտրեն, ես անմիջապես կռահում ու գլխի եմ ընկնում, որ գլխավոր մեղադրյալն ինքս եմ՝ իմ «Անտիպոեզիայով» հանդերձ, եւ չնայած արդեն վեց տարի է պոեզիան ու անտիպոեզիան թարգած՝ միանգամայն այլ վնասներ եմ հասցնում հայրենի գրականությանը, այդուհանդերձ, մեր գլխավոր գրագետները վնասներիցս հենց էդ թարգածս են շարունակաբար նշում ու նկատի ունենում՝ չհասկանալով, որ շուրջ վեց տարի է՝ պոեզիայի էդ գլխավոր մայրուղին ոչ միայն ազատ, այլեւ միանգամայն ամայի է, ու էդ ամայացած տարածքում արդեն մոլախոտ անգամ չի բուսնում, բայց բոթասների շնորհիվ կապանքներից ազատված ու ազատագրված միտքն, այնուամենայնիվ, երբեմն անհուսալիորեն է խցանվում, եւ սա արդեն իմ իսկ փորձից գիտեմ, որովհետեւ նմանատիպ խցանումներ իմ ուղեղում էլ են հաճախակի պատահում եւ եթե պատահում են, հեչ նշանակություն չունի՝ հագինս բոթաս է, թե՝ սովորական կոշիկ, բայց, ի տարբերություն հավերժության հավակնորդների, ես երբեք իմ խցանումների մեղքն ուրիշի վրա չեմ բարդում, որովհետեւ արդեն վերջնականապես հասկացել եմ, որ երեսունհինգ տարի շարունակ կեղծ ընկերություն արած մարդու ուղեղն ամենեւին ապահովագրված չէ էս կարգի խցանումներից, ու որ հիմա մեր էդ երեսունհինգ երկարուձիգ տարիները հիշում եմ ու որ հիմա մտովի դրվագ առ դրվագ վերականգնում եմ մեր էդ երկարուձիգ ու անխափան ընկերությունը, նոր եմ միայն գիտակցում ու հասկանում, որ մեր էդ թեկուզեւ փուչ ընկերությունը քրիստոնեության ու քրիստոնեական առումով անհամեմատ արժեքավոր է, քան՝ ձեր իմացած սովորական ընկերությունը, որովհետեւ, որ մեր էդ երեսունհինգամյա ընկերությունը մանրամասնորեն ու դրվագ առ դրվագ հիշում ու տեղն եմ բերում, մանրից սկսում եմ հասկանալ, որ մեր էդ երեսունհինգ տարիների արածը ոչ թե պարզապես ընկերություն է եղել, այլ՝ «սիրիր թշնամուդ» պատգամի երկուստեք ու լիարժեք կատարում, ընդ որում՝ միանգամայն անթերի կատարում, եւ որպեսզի մեր էդ հոգեւոր գործունեությունը վերջ ու ավարտ չունենա, թշնամուն անվերապահ սիրելու մեր էդ առաքելությունն անվանել ենք ընկերություն եւ քեֆերի ու հավաքների ժամանակ մշտապես խմել ենք մեր էդ միանգամայն հոգեւոր ընկերության կենացը, եւ քանի որ մեր ապրած նախորդ երկիրը սկզբունքորեն աթեիստական էր, նաեւ էդ պատճառով էինք թշնամուն սիրելու էդ գործընթացը փոխաբերաբար ընկերություն անվանում, եւ եթե ասեմ թե՝ միայն ես ու իմ մի քանի ընկերներն ենք էդ հոգեւոր դժվարագույն պատգամն անմնացորդ ու պատվով կատարել, իմ կողմից մեծամտություն կլինի, որովհետեւ մեր ապրած էդ սկզբունքորեն աթեիստական երկրում մյուս գրողներն ու բանաստեղծներն էլ էին իրար ընկեր. այսինքն, նրանք էլ մեզնից պակաս չէին իրար սիրում, եւ նմանապես կոմպոզիտորներն էին իրար սիրում, եւ ճարտարապետներն էլ կոմպոզիտորներից առանձնապես հետ չէին մնում, իսկ նկարիչները ոչ միայն էս նախորդներից հետ չէին մնում, այլեւ առավոտից իրիկուն իրար կենաց էին խմում, եւ որ էսքան վստահ ասում եմ թե՝ էդ իրար սիրողներն իրականում թշնամի էին իրար, միակ հիմնավորումս էն է, որ էդ մարդիկ էդ սկզբունքային ժամանակներում այլ թշնամի չէին էլ կարող ունենալ, որովհետեւ սովետական սուպերհոնորարները հենց սրա՛նց միջեւ էին բաշխվում, եւ որ հիմա՝ էս օրերում էդ նույն կոլեգաների շրջանում սերն անհամեմատ քչություն է անում, դրա հիմնական պատճառն էլ էն է, որ սովետական գերհոնորարների վերացումից շատ չանցած՝ նաեւ էդ կոլեգաների՝ իրար թշնամի լինելու գիտակցությունն էականորեն տեղի տվեց, եւ, փաստորեն, էս ասածներիցս զարմանալիորեն ու տարօրինակորեն բխում է, որ հավատքից ու քրիստոնեությունից ազատ մեր էդ նախորդ ժամանակաշրջանում շատերս էապես ավելի հավատավոր ու հոգեւոր էինք, քան հիմա՝ էս ստարտային եւ անիմանալի ժամանակներում ու իրավիճակներում, ուր թշնամությունը թշնամությամբ է արտահայտվում, իսկ սեր ընդհանրապես չկա եւ որեւէ կերպ չի արտահայտվում. մի խոսքով՝ մարդկային, ընկերական ու ընկերային միանգամայն նոր ու անծանոթ հարաբերություններ են, որոնցից ընդհանրապես գլուխ չենք հանում, եւ հատկապես ես ու երեսունհինգ տարվա ընկերներս ենք էս նոր հարաբերություններին անհաղորդ, եւ հիմնականում մեր էդ անհաղորդությունն էր պատճառը, որ մեր սովետական ընկերության քսան տարիներին գումարվեցին նաեւ անկախության էս առաջին տասնհինգ տարիները. այսինքն, մեր էս նոր՝ անտեղյակ ու անհաղորդ վիճակում մեր կեղծ ու շինծու ընկերությունը միանգամայն բարեհաջող շարունակություն ունեցավ, եւ ես միայն հիմա եմ գիտակցում ու ասում, որ երեսունհինգ տարվա մեր էդ ընկերությունը կեղծ ու արհեստական է եղել, որովհետեւ հիմա նոր եմ սկսում կեղծն ու անկեղծն իրարից տարբերել, ավելի ճիշտ՝ հիմա նոր եմ հասկանում ու ըմբռնում, որ կեղծի հակառակն անկեղծն է, իսկ ավելի ստույգ՝ հիմա նոր եմ հասկանում, որ ընկերական հարաբերություններում միանգամայն անկեղծ վիճակներ էլ կարող են լինել, եւ էս հասարակ բանը հասկացա էդ երեսունհինգ տարվա բանաստեղծ ընկերներիցս առաջինի անկեղծության պոռթկման առաջին իսկ պահին, եւ չնայած իր էդ առաջին պոռթկումը տպատառ ու գրավոր էր, բայց իր հոգու էդ առաջին ճիչը չափազանց սրտակեղեք ու լսելի էր ամսագրի էդ էջերից, մինչդեռ իր հոգու երկրորդ ճիչն արտահայտված էր մեր սակավատպաքանակ օրաթերթերից մեկում՝ մեր անկախության տասնհինգերորդ տարեդարձի օրը, եւ իր էդ երկրորդ ճիչն ընթերցելով՝ ես անմիջապես հասկացա, որ իր հոգու էդ երկրորդ ճիչը ոչ թե մեր անկախության տասնհինգամյակին է նվիրված, այլ՝ մեր կեղծ ընկերության երեսունհինգամյակին, եւ, ի պատիվ իրեն, կեղծիքի վերջակետը դնողը հենց ինքն էր, եւ ոչ թե՝ ես, որ հիմա բերանով եմ ասում՝ երեսունհինգ տարի, մինչդեռ երեսունհինգ տարին մի ամբողջ կյանք է. այսինքն, էս երկուսս ու էլի մի քանիսն էս կյանքում ճիշտ էնքան ենք կեղծ ընկերություն արել, ինչքան Տերյանն ու Չիլոն էս երկրային կյանքի հանգամանքներում ապրել ու դիմացել են, մինչդեռ էս երկուսս ոչ միայն էս դժվարին հանգամանքներին ենք դիմացել, այլեւ՝ իրար, ու երեւի էլի դիմանայինք, եթե ընկերոջս հոգին դիմանար ու անկեղծությունից հանկարծակի չպոռթկար, եւ չնայած էդ պայթյունը միայն ինձ էր լսելի, բայց իսկապես ահեղահունչ էր, եւ եթե կողմնակիներն էդ պոռթկումն ու պայթյունը չեն լսել, դա ամենեւին չի նշանակում, թե դույն պայթյունն անտեղի է եղել ու անիմաստ է անցել, որովհետեւ ցանկացած պայթյուն նախ եւ առաջ պայթեցնողի ու պայթեցվողի համար է էական, երեւելի ու լսելի, եւ ցանկացած պայթյուն իր մեջ ինքնարտահայտման ու ինքնառողջացման ցանկալի տարրեր ու ելեւէջներ է պարունակում, ու էդ երկրորդ պայթյունն էլ, որ իրականացավ 2006 թվականի սեպտեմբերի քսանմեկին մեր սակավատպաքանակ օրաթերթերից մեկում հարցազրույցի տեսքով, առանձնապես ռադիացիա չառաջացրեց եւ որեւէ մեկին չխլացրեց եւ նույնիսկ էդ թերթի սակավաթիվ ընթերցողներին էր անլսելի, բայց ինձ համար չափազանց լսելի, հասկանալի եւ նույնիսկ խլացուցիչ էր, որովհետեւ դույն պայթյունը միանգամայն կոդավորված էր եւ քչերին կարող էր հասկանալի լինել, եւ էդ քչերից մեկը նվաստս էր, որովհետեւ էդ զարմանազան կոդավորումները մեր համատեղ կեղծ ընկերության երեսունհինգ երկարուձիգ տարիների ընթացքում էին առաջացել ու կոդացել. այսինքն, ոչ միայն մեր կեղծ ընկերությունն էր կայուն ու հիմնավոր, այլեւ՝ մեր կողմից շրջանառվող հիմնական մտքերն ու բառերն էին հիմնավոր ու կայուն, եւ, որ ամենակարեւորն է՝ երկուստեք հասկանալի, եւ, որ էս պարագայում չափազանց կարեւոր է, էդ կոդավորումները հասկանալի են միայն մեզ՝ երեսունհինգ տարի անընդմեջ կեղծ ընկերություն արածներիս, եւ տարիներ շարունակ կեղծ ընկերություն արածներս ահա նոր ենք միայն սկսում հասկանալ, որ տարիներ շարունակ մենք սրանրա հետ ոչ թե պարզապես ընկերություն ենք արել, այլ էդ ամբողջ ընթացքում սիրել ենք մեր թշնամիներին, ընդ որում՝ հատ առ հատ ու միանգամայն հետեւողականորեն ենք սիրել, եւ, ինչպես էս վերջին պայթյուններն են ցույց տալիս, միանգամայն ոխերիմ ու չափազանց վտանգավոր թշնամիների ենք սիրել, ու ես դա վերջնականապես հասկացա երեսունհինգ տարվա ընկերներիս հարցազրույցներից, ասուլիսներից եւ հատկապես մեր ամսագրերից մեկում տպված է՛ն հոդվածից հետո, ուր սեւով սպիտակի վրա գրված էր, որ իմ էդ «Անտիպոեզիան» ոչ թե պարզապես հակապոեզիա է, այլ՝ տեղով մեկ հակաքրիստոնեություն, քանզի Աստված տեղով մեկ պոեզիա է, եւ, բնականաբար, անտիպոեզիան էլ պիտի չափազանց անաստված բան լիներ ու էդպես էլ կա, եւ դա առաջին դեպքն էր, երբ երեսունհինգ տարվա ընկերս առանց կոդերի՝ միանգամայն պարզ ու հասկանալի լեզվով էր խոսում, ու ես անմիջապես հասկացա, որ երեսունհինգ տարի շարունակ ոչ թե սովորական մահկանացուների հետ եմ ընկերություն արել, այլ՝ բերնեբերան ոգեղենությամբ լեփլեցուն տարաների, եւ եթե ես միայն էսօր եմ հասկանում, որ երեսունհինգ տարի շարունակաբար ու հետեւողականորեն սիրել եմ թշնամիներիս ու հատկապես էդ երեքին, ապա իրենք է՛ն գլխից են էդ բանն իմացել ու արել. այսինքն, տարիներ շարունակ իմ անգիտակցաբար արածն իրենք միանգամայն գիտակցաբար են արել, եւ եթե էս բաները հիմա նոր եմ հասկանում, դա նշանակում է, որ մի գեղեցիկ օր էլ իրենց հոգիների էս ճիչերն ու պայթյուններն եմ անմնացորդ ըմբռնելու ու հասկանալու. այսինքն, իմ գրող ու մանավանդ բանաստեղծ ընկերները եւ բանաստեղծ ընկերներիցս հատկապես էս երեքը ոչ միայն հոգեւոր, այլեւ չափազանց սկզբունքային էություններ ու գոյացություններ են եւ երբեւէ չեն ձգտել հասկանալի լինել ինձ. ավելին, ասել ու արել են բաներ, որոնք ինձ մշտապես ապշեցրել ու հիմնավորապես ցնցել են, եւ ապշելուս ու ցնցվելուս պատճառը միշտ էլ չհասկանալս է եղել, եւ չհասկանալուս պատճառն էլ էն է եղել, որ իմ բանաստեղծ ընկերներն ու հատկապես էդ երեքը երբեւէ ինձ չեն բացատրել իրենց ասածներն ու արածները, այլ մշտապես ինձ ինքնուրույն մտածելու ու հասկանալու հնարավորություն են տվել, մինչդեռ ինքնուրույն մտածելս ու հասկանալս առաջ էլ ու հիմա էլ չեն ստացվում, որովհետեւ մտածելուս ու հասկանալուս համար ժամանակը միշտ էլ քչություն է անում, եւ չհասկանալուս մյուս պատճառն էլ էն է եղել, որ բանաստեղծ ընկերներս ու հատկապես էդ երեքը մշտապես վերացական ու ընդհանրական բաներից են խոսել, եւ որ նրանցից մեկը մեր ամսագրերից մեկում «Անտիպոեզիայիս» մասին միանգամայն հասկանալի է արտահայտվել, դրանով, փաստորեն, մեր էդ անանձնական ու հոգեւոր ընկերության միանգամայն նոր փուլի սկիզբն է ազդարարել, եւ դա սկսում եմ հասկանալ հիմա միայն, երբ էսօրվա մոմս արդեն վառել ու վերադարձել եմ զոքանչանոց, եւ չնայած էսօրվա մոմավառությունս հատուկ Աբոյի բրիգադին ու բնակարանիս վերանորոգմանն էր նվիրված, բայց էսօր եկեղեցում չափազանց երկար լռվեցի ոչ միայն էն պատճառով, որ էս ճռճռան օգոստոսին մեր Կրիվոյի եկեղեցում լավ էլ հով էր, այլեւ էն պատճառով, որ եկեղեցու հովին ուղեղս հանկարծ սկսեց միանգամայն նորմալ գործել, ու հանկարծակի սկսեցի մտածել ու հասկանալ, որ իմ ու հատկապես բանաստեղծ ընկերներիս համար միանգամայն նոր ժամանակաշրջան է սկսված, ու մեկից սկսեցի գիտակցել, որ ընկերովի ու օր ծերության վերջապես վերացականից անցում ենք կատարում իրականությանն ու որոշակիին, եւ եկեղեցում ահագին մնալով՝ նաեւ հասկացա, որ էս անգամ արդեն չեմ կարող հույսս ժամանակի վրա դնել ու անորոշ սպասել, եւ չնայած մահվան մասին չէի մտածում, ժամանակի սահմանափակ ու սահմանավոր լինելը որոշակիորեն էի զգում, եւ չնայած մեր ընկերության մահն ու ավարտն էլ չէի զգում ու չէի սգում, այդուհանդերձ, որոշակիորեն զգում ու հասկանում էի, որ իմ ու ընկերներիս համար միանգամայն նոր ժամանակաշրջան է սկսվում, եւ չնայած հասկանում էի, որ էս նոր ժամանակաշրջանի սկիզբը մեկին մեկ համընկնում է մեր մեծ կեղծիքի ավարտին, այդուհանդերձ, էդ միտքն ինձ հեչ չէր ուրախացնում, որովհետեւ էդ միտքն անձամբ մե՛ր ընկերության մահն ու ավարտն էր պարունակում, ու էդ մահն ու ավարտը որոշակի ու ստույգ էին, եւ տխրությունս էլ էր որոշակի ու ստույգ, եւ չնայած որոշակիորեն էի զգում ու հասկանում, որ էդ մահն ու ավարտը մեր համընդհանուր կեղծիքի՛ մահն ու ավարտն են, այդուհանդերձ, մեջս գոհության ու ուրախության նշույլ չկար, այլ միայն՝ ամայություն ու անորոշություն, եւ նմանապես կյանք չկար, եւ ահա կեղծիքից ու կյանքից լրիվ դատարկված՝ ինչ-որ անուններ էի իներցիայով մրմնջում ու մոմիս երերացող լույսի դեմ ամեն անգամվա պես իներցիայով թվարկում էի անուններն էն մարդկանց, որոնք անկախության էս տասնհինգ դժվարագույն տարիներին ինձ որեւէ կերպ օգնել էին ոչ միայն ապրել ու գոյատեւել, այլեւ՝ կախված չլինել անարժան որեւէ մեկից կամ որեւէ պարանից, բայց, ամեն անգամվա պես, նախքան էդ մարդկանց անուններին անցնելը, ես մոմիս երերացող լույսի դեմհանդիման՝ նախ ամենաարժանավոր մեռյալների անունները թվարկեցի՝ վերջիններիս համար Բարձրյալից մեղքերի թողություն ու երկնային արքայություն աղերսելով, եւ չնայած հասկանում եմ, որ ծնողներիս ու մյուս ամենաարժանավոր մեռյալների գտնվելու վայրը վաղուց է ճշտված ու որոշակիացված, այդուհանդերձ, շարունակում եմ նրանց բոլորի համար Բարձրյալից երկնային արքայություն աղերսել, եւ չնայած գիտեմ ու հասկանում եմ, որ ծնողներիցս ու ամենաարժանավոր մյուս մեռյալներից անարժան եմ, այդուհանդերձ, մոլեռանդորեն շարունակում եմ նրանց համար խնդրել ու աղերսել, որովհետեւ շարունակում եմ կարծել, որ երբ ուրիշների համար ես Բարձրյալից որեւէ բան խնդրում, ձայնդ ավելի հեշտ ու ավելի շուտ է տեղ հասնում, եւ, շատ հնարավոր է, խնդրանքդ ու աղերսդ անպատասխան չմնան, ու էսօր էլ էդպես կարծելով՝ մեռյալների հատվածն ավարտեցի ու անցա ողջերից նրանց, որոնց բարեհոգության ու ջանքերի շնորհիվ ահա շարունակում եմ ապրել ու աղերսել, եւ ինձ համար ամենակարեւոր էս ողջերի անունները մտքիս մեջ մեկ առ մեկ արտասանելով՝ նրանց համար, ինչպես միշտ, մեղքերի թողություն ու առողջություն խնդրեցի Բարձրյալից եւ, ինչպես միշտ, համոզված էի, որ խնդրանքս անմիջապես է բավարարվելու, ընդ որում՝ բավարարվելու է ոչ թե անուն առ անուն, այլ՝ միանգամից ու ցուցակով, եւ էդ՝ մոտավորապես երեսունհոգանոց ցուցակը, որ մշտապես առանց որեւէ դժվարության, անգիր ու առանց դադարի եմ արտասանում, էս անգամ էլ մտքիս մեջ սահուն թվարկեցի, բայց երեսունհինգ տարվա էդ ընկերոջս անունն արտաբերելիս՝ հանկարծակի միտքս խցանվեց, եւ որոշակի դադար առաջացավ ու տեղի ունեցավ, եւ հաջորդ երախտավորներիս ու բարերարներիս անունները մտքիցս թռան, որովհետեւ երեսունհինգ տարվա ստաժով էդ մեկն էդ պահին ուղեղս ամբողջովին իրենով էր արել, եւ եկեղեցուց դուրս գալով՝ աստիճանների վրա փորձում էի մտածել, բայց խցանված ուղեղումս որեւէ միտք չէր առաջանում, եւ չնայած ասել եմ, թե բոթասների առկայության պարագայում միտքն անհամեմատ ազատ է ճախրում, բայց էս դեպքում ճիշտ հակառակն էր. բոթասավոր նվաստս ճգնում էր մտածել, ու ոչինչ չէր ստացվում, բայց համառորեն շարունակում էի մտքիս վրա բռնանալ եւ երբ մի քիչ էլ բռնացա, աստիճանների վերջում վերջապես հասկացա, որ չնայած 2006-ի սեպտեմբերի 21-ից սկսած՝ իր բացահայտ թշնամյաց ցուցակն եմ համալրում, ինքն ահա՝ առաջվա պես լավագույնների իմ ցուցակի իր մշտական հորիզոնականում է, եւ չնայած ամսագրի էդ հոդվածից ու «Անտիպոեզիայիս» անտեղի հիշատակումից ամբողջ ինն ամիս էր անցել, Կրիվոյի էդ նորակառույց եկեղեցու կամարների տակ միանգամայն նույնն էի եւ աստիճանների վերջում ուղեղիս ու մտքիս վրա բռնանալով՝ արդեն մտածում էի, որ ինն ամսվա ընթացքում մի ամբողջ մարդ ու հոգի է ծնվում, գոյանում ու առաջանում, մինչդեռ իմ մեջ տարրական թշնամություն էլ չի գոյացել ու առաջացել, եւ դա իմ էդ էջքի ամենավերջին միտքն էր, որովհետեւ աստիճանների վերջում ուղեղս վերստին խցանվեց, բայց հոգիս ու խիղճս միանգամայն հանգիստ էին, որովհետեւ, չնայած պոետների մեջ միշտ էլ ամենաբոթասավորն եմ եղել, այդուհանդերձ, մտքի խցանումներ հաճախակի եմ ունենում, եւ հիմնականում էդ խցանումներն են պատճառը, որ երբեմն-երբեմն տեքստս ավարտում ու վերջակետ եմ դնում, եւ ի պատիվ ընկերներիցս էդ մեկի՝ պիտի ասեմ, որ հենց ինքը համարձակություն ու վճռականություն ունեցավ մեր էդ բազմամյա ու կեղծ ընկերության վերջակետը դնել, եւ էդպես էլ պիտի լիներ, որովհետեւ, երեւի նկատած կլինեք, ես վերջակետի կիրառությանը շատ վատ եմ տիրապետում, բայց, ինչքան էլ վատ տիրապետեմ, էս պահին ստիպված եմ կիրառել, որովհետեւ էս պահին ստիպված եմ տեքստս մի կողմ դնել եւ Վիոլետին տված հարցազրույցս ծայրեծայր վերափոխել ու վերաշարադրել, քանի որ էդ հարցազրույցի սղագրությունն արդեն կարդացել ու հասկացել եմ, որ էդ սղագրության մեջ երեսունհինգ տարվա ընկերոջս հասցեին ասածներս ահագին կոպիտ են ու ահագին անձնական, բայց ես երեսունհինգ տարվա մեր էդ ընկերությունը փուչ չեմ համարի՝ եթե հավատամ, որ ինքն էս ամենը կարդալով՝ իրեն գոնե մի քիչ մեղավոր ու պատասխանատու կզգա էսաստիճան կողտոտվելուս համար եւ կհասկանա, որ ինձ ավելի մեծ վատություն հնարավոր չի անել, քան՝ ինձ երախտամոռության մղելը, եւ եթե էս բաները գրելուց հետո՝ հիմա երրորդ գիշերն եմ բաց աչքով լուսացնում, պատկերացրեք՝ ինչպիսի անքուն գիշերներ եմ ունենալու մի տարի հետո, երբ էս հատվածներս թերթում տպվեն:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ