Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 23,2008 00:00

«Փյունիկի» նախագահ Գաբրիել Ջամբարջին՝ այլեւս ՀՀ քաղաքացի

Նա խոստացավ հիմնադրամի գործունեության մեջ ընդգրկել Արցախը

Երեկ կրթության եւ գիտության նախարարությունում հրավիրված ասուլիսի հյուրերն էին ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջին եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը, որոնք ներկայացրին Հայաստանի հանրակրթական դպրոցների կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաների համալրման գործում հիմնադրամի աջակցության ծրագիրը: Ս. Սեյրանյանն անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, բարձր գնահատեց Գաբրիել Ջամբարջիի գործունեությունը Հայաստանի հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական հենքն արդիականացնելու գործում: Գ. Ջամբարջիի եւ նրա համախոհների շնորհիվ Հայաստանի 530 դպրոց համալրվել է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներով, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով եւ նյութերով: Ս. Սեյրանյանը կարեւորեց «Փյունիկի» համահայկական ծրագրեր իրականացնելու միտումը, որը ներառելու է նաեւ աջակցություն՝ Սփյուռքում գործող հայկական կրթօջախներին: Գ. Ջամբարջին, ներկայացնելով կատարված աշխատանքները, անդրադարձավ նաեւ այն ծրագրերին, որոնք ընդգրկվելու են հիմնադրամի հետագա պլաններում:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լ. Սարգսյանը «Փյունիկի» պաշտոնապես գրանցման նպատակը ձեւակերպեց որպես նախաձեռնողների գործունեության ընդլայնման եւ նոր բարերարների ներգրավման հնարավորություն: «Հիմնադրամի գործունեությունը կընդգրկի նաեւ Արցախը, որտեղի հանրակրթական դպրոցներին կտրամադրվեն 30 լաբորատորիաներ: Նշենք, որ հիմնադրամն առաջիկայում ընդլայնելու է իր աջակցությունը նաեւ վճարովի համակարգում սոցիալապես անապահով ուսանողների, դասախոսների, մասնագիտական ուսումնասիրությունների հրատարակման ուղղությամբ, իսկ լավագույն ուսանողների համար կսահմանվեն կրթաթոշակներ»,- նշեց նա: Վերջում նախարարը, բացի այն, որ կարեւորեց ԿԳՆ եւ հիմնադրամի հետագա գործունեությունը, նաեւ շնորհավորեց Գ. Ջամբարջիին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցությամբ:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել