Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւի լույսից զրկված Արեւիկը

Օգոստոս 23,2008 00:00

Նա ստեղծագործում է ու երազում իր ձայներիզի մասին

Արեւիկ Գեւորգյանը տաղանդ ունի, բայց զրկված է տեսողությունից: Նա ստեղծագործում է՝ առանց կանգ առնելու: Գրում է երգի բառերը, հետո՝ երաժշտությունը, եւ մտածում է լուրջ կարիերայի մասին: Արեւիկ անունը տվել են ծնողները, բայց չեն իմացել, որ իրենց դուստրը զրկված է արեւի լույսից: Վիրահատության մի քանի անգամ են դիմել, վերջինը՝ 1989-ին, Մոսկվայում, բայց ապարդյուն, որովհետեւ կուրությունն ի ծնե է եղել:

Արեւիկը ծնվել է 1975 թվականին՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում: Ավարտել է Երեւանի թիվ 31 հատուկ գիշերօթիկ դպրոցը (11 տարի): Դեռ դպրոցական հասակից նա սկսել է երգել եւ իր ստեղծագործություններով հանդես եկել միջոցառումների ժամանակ: Ինչպես հավաստիացնում է Արեւիկը, Երեւանում իրեն ավելի ջերմ են ընդունել, քան իր ծննդավայր Հաճընում: Նա կարծում է, որ եթե հաճընցիների վերաբերմունքը չփոխվի, ապա իր երգելն անիմաստ կդառնա: «Դպրոցական տարիների բեմական կյանքում ունեցել եմ մեծ հաջողություններ, մի անգամ որպես լավագույն աշակերտ Լեհաստան տարան, սակայն էն մութ ու ցուրտ տարիները վատ անդրադարձան նաեւ ինձ վրա, փլուզվեց ամեն ինչ, մնացի հետին պլանում թե\’ պետական մակարդակով, թե\’ ծնողներիս հնարավորությունների առումով: Ուզում էի գոնե Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում սովորել, որ վոկալի բաժնում ձայնս մշակվեր: Որ ամեն ինչ լավ դասավորվեր՝ կաշխատեի, իմ տունը կունենայի, բեմական կյանքում էլ ինչ-որ չափով իմ տեղը գտած կլինեի»,- դժգոհում է Արեւիկը:

Արեւիկի մայրը՝ տիկին Վերգինեն, երկու անգամ անհրաժեշտ փաստաթղթերով հաշմանդամության նպաստ ստանալու համար ներկայացել է Եղվարդի քաղաքապետարանի սոցիալական ծառայության բաժին՝ ու մերժվել:

«Ինձ ասում են՝ ծնողի խնամքի տակ է, դրա համար նպաստ չի հասնում, բայց ծնողներն էլ գործազուրկ են: Տեսեք՝ Հայաստանում ոնց են պահում հաշմանդամին, որ ոչ մի բանից չի օգտվում, միայն 9.500 դրամ թոշակ ու վերջ, թող մի քիչ խիղճ ունենան ու հաշմանդամներին նայեն, միայն իմ երեխայի մասին չէ խոսքը: Պետական ոչ մի արտոնություն չկա, բացի առողջապահությունից, որ կիսով չափ է»,- պատմում է տիկին Վերգինեն:

«Մեկ ատամ բուժելու համար էլ պիտի գնամ Եղվարդ, ասենք՝ ես իմ ոտքով կհասնեմ, բա էն սայլակով շարժվողն ի՞նչ անի, պիտի տաքսի կանչի, վճարի, չէ՞, հո պետությունը չի հոգում, փոխարենը՝ Հաճընում վճարովի կբուժի: Փաստորեն, ոչ մի պայման ապահովված չի»,- ասում է Արեւիկը: Ազատ ժամերին նա շախմատ է խաղում, տպում է իր գրամեքենայով, զբաղվում է նաեւ ձեռագործությամբ: Այս ամենից զատ՝ նա տնային գործերով է զբաղվում: «Անկողին հարդարելը, արդուկը՝ անպայման ես պիտի անեմ, որ անթերի լինի: Ներկա պահին շյուղագործությամբ եմ զբաղվում: Լսեցի, որ Հաճընում պետական մակարդակով նման պատվեր կա, ցանկություն հայտնեցի գործելու: Սրանով որոշ չափով էլ իմ ընտանիքին եմ կարողանում օգնել: Օրինակ՝ այս շարֆի համար երեք հարյուր դրամ եմ ստանում: Իհարկե՝ չնչին է, բայց էլի գումար է»,- ասում է Արեւիկ Գեւորգյանը: Միակ կողմնակի օժանդակությունը նա ստացել է Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանից: Ստացած հարյուր հազար դրամին ավելացնելով եւս այդքան՝ ծնողները Արեւիկի համար գնել են երաժշտական սիրողական գործիք, որը դարձել է նրա կյանքի ընկերը: «Նվագում եմ մի քանի գործիքով, հիմնականում՝ սինթեզատոր, փորձում եմ իմ ուժերի չափով կատարել նաեւ գործիքավորումներ: Սակայն իմ գործիքը ցածր մակարդակի է ու սահմանափակում է իմ աշխատանքը»,- ասում է Արեւիկը:

Նրա երազանքներից մեկն է՝ ունենալ հովանավոր, որի օգնությամբ կթողարկի իր տասնհինգ երգերի ձայներիզը: Առաջիկայում Նոր Հաճըն քաղաքի հիմնադրման 50-ամյակն է, եւ Արեւիկը մտադիր է նոր երգով ներկայանալ տոնական համերգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել