Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 23,2008 00:00

ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐԺՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Արդյոք մեր ազգի մշակույթը միայն սիրողակա՞ն է

Այսօր Հանրապետության հրապարակում գալա համերգով կավարտվի օգոստոսի 17-ին մեկնարկած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երրորդ փառատոնը:

«Մեկ ազգ, մեկ մշակույթը» մշտապես եղել է «Առավոտի» ուշադրության կենտրոնում: Ինքնին փառատոնի անվանման մեջ ամփոփված գաղափարը ողջունելի է եւ կարեւոր՝ մշակութային միասնության հաստատումը, Հայաստանի ու Սփյուռքի հոգեւոր մերձեցումը, որից բխում են նաեւ բազմաթիվ ազգապահպանման ու քաղաքական խնդիրներ: Հենց այդ կարեւորությունն էլ ստիպում է մեզ չբավարարվել երեւույթի մակերեսային ընկալմամբ, ծափերով եւ բաժակաճառերով, այլ ճշմարիտ գնահատական տալ փառատոնին, որը, մեղմ ասած, այնքան էլ չի նպաստում Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը, մշակութային ակտիվ երկխոսության ձեւավորմանը:

Ցանկացած փառատոն, ըստ էության, մերձեցման, փոխհարստացման եւ փոխառնչությունների ձեւավորման միջոց է: Մինչդեռ երրորդ տարին է, որ ունենք ոչ այնքան փառատոն, որքան սովորական համերգաշար, որտեղ հրավիրված խմբերը տեղից տեղ են տեղափոխվում՝ այդպես էլ չստեղծելով անհրաժեշտ կապը կատարողի ու հանդիսատեսի միջեւ: Զգացմունքային ելույթներ, այո, պետք են. մարդիկ հայրենիք են գալիս, ոմանք՝ առաջին անգամ, բայց նրանք մնում են ընդամենը տուրիստի կարգավիճակում, իսկ մենք՝ հանդիսատեսներս, ծափահարողի: Անհրաժեշտ են, սակայն, փառատոնային, համերգային ծրագրերի մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, հայրենի արվեստում տեղի ունեցող տեղաշարժերի ու ձեռքբերումների մասին տեղեկատվություն, որպեսզի միշտ ու հարատեւ նույն երգերը չկատարվեն, պարային նույն համարները չներկայացնեն: Փառատոնը շարժում է ակնկալում, այն պարտադրում է գնալ դեպի զարգացումներ, որ իսկապես ունենանք մեկ ազգի մեկ մշակույթ եւ ոչ թե առանձին, ինքնաբավ դրդումներով ապրող կղզյակներ, որոնք կտրված են ժամանակակից հայ արվեստի երակներից: Մեկ այլ հանգամանք եւս. փառատոնն այդպես էլ չունի մշակութային գաղափարախոսություն, որի կենտրոնը պիտի լիներ բարձրակարգ արվեստը՝ իր տարբեր մեկնաբանություններով եւ արտահայտչականություններով, ինչը կակնկալեր ոչ միայն փառատոնային շարժում, այլեւ հարստացում:

Չպետք է բավարարվել հրավերներ ուղարկելով ու հայտեր ընդունելով, այլ պետք է մշակել փառատոնի հայեցակարգ, չափորոշիչներ: Ավելին՝ Սփյուռքի գեղարվեստական կոլեկտիվներին անհրաժեշտ է ուղարկել փառատոնում հնչեցնելու պարտադիր ստեղծագործությունների ցանկ, այսպիսով միջոցառմանը տալով պրոֆեսիոնալ բարձր հնչողություն: Տխուր է խոստովանել, որ, օրինակ, այս տարի փառատոնի մասնակիցների շրջանում բացակայում էին Կենտրոնական Եվրոպայի (մասնավորապես՝ Ֆրանսիայի) գաղութների ներկայացուցիչները:

Եթե փորձենք ամփոփել եղածը եւ նշել ցանկալին, ապա «Առավոտը» երրորդ անգամ ստիպված պետք է արձանագրի, որ այս փառատոնը հիշեցնում է խորհրդային ժամանակների ինքնագործ խմբերի օլիմպիադաները, այնինչ՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» խորագիրը մեկ ազգի բարձրագույն մշակույթ է ակնկալում: Հասկանալի պատճառներով հայ արվեստը Սփյուռքում դատապարտված է սիրողական լինել, բայց, միեւնույն ժամանակ, դրսում ունենք բարձրակարգ ու աշխարհահռչակ արվեստագետներ: «Մեկ ազգ, մեկ մշակույթը» ցանկալի կլինի համապատասխան միջավայր դառնա առավել բարձրակարգ միավորների համար: Գուցե կազմակերպիչները խորհեն եւ չորրորդ փառատոնը լինի «երկհարկանի», որի առաջին հարկում կընթանան սիրողական միջոցառումները, իսկ երկրորդում ակնդիրն ու ունկնդիրը կլինենք պրոֆեսիոնալ արվեստի ներկայացուցիչների: Այդժամ երկու ցանկությունները կմեկտեղվեն՝ ինքնագործ միասնականությունը (ինչը փառատոնի հիմքն է) եւ մեկ ազգի բարձր մշակույթը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել