Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 23,2008 00:00

ՍՏՐԻՊՏԻԶ ՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ

Ստրպտիզ պարուհիների հավաստմամբ, իրենց պարը տեսնելու համար հայ տղամարդը պատրաստ է հազարավոր դոլարներ ծախսել:

Ստրիպտիզ պարուհիներն, իրենց խոսքով, մեծ բավականությամբ պարում են միայն այն տղամարդկանց համար, որոնք ջենտլմեն են՝ կնոջ հետ վարվելու կուլտուրա ունեն եւ լավ են վճարում:

Գիշերային ակումբներ այցելելու համար պետք է գրպանումդ գոնե $300 ունենաս: Իսկ եթե ցանկանում ես, որ ստրիպտիզ պարուհիները բարեհամբույր լինեն քո հանդեպ ու իրենց պարով քեզ հաճույք պատճառեն, ապա այս գումարը քչություն կանի: Գիշերային ակումբների պարուհիները «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրին, որ իրենց աշխատանքը բավականին լավ է վարձատրվում: 3-5 րոպե տեւողությամբ ամբողջովին մերկ «պրիվատ» մեկ պարի համար հաճախորդը նրանց վճարում է 20 հազար դրամ, իսկ կիսապրիվատ մեկ պարի համար, որի ժամանակ պարուհին բացում է կուրծքը՝ 10 հազար դրամ: Թեյբըլ դենսը (պար սեղանի վրա), երբ հաճախորդը պարուհուն կանչում է իր առջեւի սեղանին պարելու, համեմատաբար էժան է, այն ընդամենը 5 հազար դրամ է: Լեսբի պարի սիրահարները, 2 պարուհիների ստրիպտիզ պարը դիտելու համար, պետք է վճարեն 20 հազար դրամ: Բոլոր գիշերային ակումբներում ընդունված է պարուհուն կանչել առանձին զրույցի՝ կոնսումացիայի, որի ժամանակ հաճախորդը ոչ միայն պարուհուն իրեն հետաքրքրող հարցեր է տալիս, այլ նաեւ վճարում 6 հազար դրամ: Իսկ եթե տղամարդը պարից կորցրել է ինքնատիրապետումը եւ նրա մեջ գլուխ են բարձրացրել տղամարդկային հորմոնները, պարուհիների վստահեցմամբ՝ անհապաղ ձեռքը գրպանն է տանում ու անգամ առանց գումարը հաշվելու վճարում, միայն թե կարողանա պարուհուն «ձեռք գցել»:

«Իմ գայթակղիչ պարով ես կարող եմ տղամարդուն հասցնել նրան, որ իրեն կորցնի, ես էլ դրանից եմ հաճույք ստանում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց գիշերային ակումբներում արդեն 8 տարի աշխատող պարուհիներից մեկը՝ Միլենան: Նրա խոսքերով՝ տղամարդկանց կողմից անընդհատ ուշադրության արժանանալը, չափազանց ցանկալի լինելը, կարող է իրեն նյարդայնացնել: Խոսելով իր պարի մասին՝ 30-ամյա պարուհին ասաց. «Ես պարում եմ ինքս ինձ համար, եթե հաճույք չեմ զգում իմ պարից, ուրիշին ինչպե՞ս կարող եմ հաճույք պատճառել: Պետք է կարողանաս քեզ ամբողջությամբ մատուցել, բայց միաժամանակ մնալ անհասանելի: Ես շատ լավ եմ պարում, երբ տրամադրությունս շատ բարձր կամ հակառակը՝ շատ ցածր է, միջին վիճակը՝ խաղ է: Միշտ էլ պարծեցել եմ, որ պարում եմ: Ձողի վրա ես ֆռռում եմ՝ ինչպես գետնին եմ ման գալիս, ձողի վրա անգամ նստում եմ: Ժամանակ առ ժամանակ քմահաճություններ եմ անում, ձողի վրա նստած սուրճ եմ խմում եւ անգամ կարող եմ կանչող հաճախորդին չմոտենալ»: Ըստ Միլենայի՝ եթե քո պարը հաճախորդներին դուր է գալիս, կարող ես մեծ գումարներ աշխատել, սա, իհարկե, կախված է նաեւ տղամարդկանց առատաձեռնությունից: Նրա խոսքերով, իրեն առաջին հերթին որպես պարուհի պետք է հավանեն, ոչ թե՝ որպես կին. «Որպես կին պետք է նայեն հասարակաց տան աղջիկներին: Ասեմ նաեւ, որ ստրիպտիզ պետք է պարի այն կինը, որ իրեն հայելու մեջ նայել է: Շատ է եղել, որ ընկեր եւ ընկերուհի եկել են ստրիպտիզ նայելու, ընկերն ինձ շատ է հավանել, ընկերուհին սկանդալ է սարքել: Իմ կարծիքով, պարուհու համար չարժե սկանդալ սարքել, քանի որ ինձ հետաքրքրում է հաճախորդի գրպանի պարունակությունը»: Մեր հարցին, թե իր հաճախորդները հիմնականում ինչի՞ մասին են զրուցում կոնսումացիայի ժամանակ, Միլենան պատասխանեց. «Աշխատանքային վայրից դուրս՝ հանդիպելու: Մեր աշխատած գումարներից մենք տոկոսներ ենք տալիս տնօրինությանը ու քանի որ հիմնական հաճախորդի հետ խոսակցության թեման հանդիպումներն են, ասում են՝ արի ինձ համար այլ տեղ պարի ու այդ տոկոսներն էլ քեզ կպահես: Բայց հասկանալի է, որ հույս ունի, թե դրսում ավելի մտերմիկ հարաբերություններ են լինելու, ես էլ ասում եմ՝ ի՞նչ տարբերություն, ինձ վրա պետք է փող ծախսես՝ այստեղ ծախսի: Հաճախորդները կոպիտ չեն խոսում մեզ հետ, բայց կարող է 16 անգամ նույն բանն ասեն, օրինակ՝ էս ինչ լավն ես կամ արի հանդիպենք, դա արդեն նյարդայնացնում է: Հաճախ է լինում, որ ինձ դրսում չեն ճանաչում, քանի որ ես երկար ժամանակ դիմակով էի պարում, ոչ թե ամաչում էի, այլ ուղղակի ալարում էի շպարվել: Մի անգամ էլ հաճախորդներից մեկի հետ ամբողջ գիշեր զրուցել էինք, ժամանակ անցկացրել, սակայն հաջորդ օրը ոսկու շուկայում իրար կողք կանգնած առեւտուր անելիս ինձ չնկատեց»: Պարզվում է, հայ տղամարդիկ բավականին առատաձեռն են ու բացի գումար վճարելուց, իրենց դուր եկած պարուհիներին նաեւ թանկարժեք նվերներ են տալիս: «Ոսկե մատանի, հեռախոս ու ավելի արժեքավոր նվերներ էլ եմ ստացել: Ես հաճախորդներ ունեմ, որոնք ինձ կանչում են ձեռքս համբուրելու»: «Առավոտի» հարցին, թե աշխատանքից դուրս հանդիպու՞մ է հաճախորդների հետ, Միլենան ասաց. «Եղել է, որ հանդիպել եմ, սակայն շատ հազվադեպ: Եթե ես հաճախորդին հավանել եմ, դա ցույց եմ տվել»: Նա նաեւ պատմեց, որ պարելու ժամանակ նաեւ ծիծաղաշարժ դեպքեր են լինում. «Մի անգամ պարելու ժամանակ ոտքերս պետք է վերեւ բարձրացնեի, սակայն անուշադրության պատճառով ոտքերով հարվածեցի կախովի առաստաղին, որի հետեւանքով այն ընկավ հարբած հաճախորդի գլխին: Նա էլ իմացավ, թե պարի ձեւն է այդպես՝ ոտքի կանգնելով սկսեց ծափահարել, հետո էլ ասում էր՝ այնպես ես պարում՝ առաստաղն էլ է փուլ գալիս»:

Խոսելով իր անձնական կյանքի մասին, Միլենան ասաց, որ երբեք չի սիրել, սակայն ունի ընկեր, որն իրեն շատ է սիրում. «Աշխատանքս չի խանգարում անձնական կյանքիս: Եղել են նաեւ դեպքեր, երբ հաճախորդներս ինձ ամուսնության առաջարկ են արել: Այցելուների մեծ մասը մտածում է, որ եթե վճարում է, մենք պարտավոր ենք իր սրտի ուզածն անել: Սակայն շատ փող տվողին պետք չէ սիրահարվել, քանի որ նա իր համար կին գտնելու պրոբլեմ չունի»: Մեր հարցին, թե ե՞րբ է հասցնում իր առօրյա հոգսերով զբաղվել, Միլենան պատասխանեց. «Ամեն օր առավոտյան ժամը 7-ին եմ տուն գնում, շատ-շատ եմ ուզում քնել, ամեն օր մտածում եմ 1-2 ժամ ավելի քնելու մասին: Այդ պատճառով էլ շատ անելիքներ չեմ հասցնում»:

26-ամյա Լինան էլ ստրիպտիզ է պարում արդեն 4 տարի: Նրա կարծիքով՝ հայ պարուհիները տեխնիկապես ավելի լավ են պարում, քան այլ երկրներինը. «Ուկրաինայի պարուհիները գալիս են այստեղ պարել սովորելու եւ գնում են իրենց պրակտիկան այլ վայրերում ցույց տալու: Ես կարծում եմ, որ պարելու համար կրթությունը պարտադիր է: Երբեք էլ պարից հեռու չեմ եղել, սովորել եմ Թատերական ինստիտուտում»: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է սկսել գիշերային ակումբում պարել, Լինան պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ գումարի խնդիր ունեի: Ես աշխատել եմ թատրոնում ու քանի որ այս աշխատանքը ավելի մոտ է արվեստին ու բեմին, ընտրեցի այս ճանապարհը, վերջում գայթակղվեցի՝ ընկա ճահիճը: Մի օր վերադառնալու եմ թատրոն: Ասեմ նաեւ, որ ստրիպտիզը շատ կոմպլեքսներ է վերացնում, ինքնագնահատանքն է բարձրացնում: Ծնողներս տեղյակ չեն, որ ես պարում եմ, ոչ թե վախենում եմ ասել, այլ չեմ ուզում նրանց ավելորդ անգամ անհանգստացնել: Ծնողներս Հայաստանից դուրս են ապրում: Ես արտերկրից եմ եկել Հայաստանում սովորելու ու մնացել եմ այստեղ»: Մեր հարցին՝ եթե իր ծանոթներից մեկը իրեն պարելիս տեսնի, ինքը դրանից վա՞տ կզգա, պարուհին պատասխանեց. «Չեմ ամաչի, քանի որ մարդ իր աշխատանքից չպետք է ամաչի: Ես զբաղվում եմ արվեստով, որի միջոցով գումար եմ աշխատում»: Նրա ներկայացմամբ՝ ինքը պարելիս չի մերկանում. «Հարցը կուրծքը բացելը չէ: Մի անգամ մեզ մոտ եկել էին Մոսկվայում գիշերային ակումբ ունեցող մարդիկ, ես էլ երկար զգեստով պարում էի, երբ վերջացրի՝ ասացին, որ շատ լավ եմ պարում: Բայց լինում է նաեւ, որ օտարերկրացիները գոռում են՝ խանվի, խանվի»: Լինայի խոսքերով, ինքը «պրիվատ» պարը չի սիրում, քանի որ այդ դեպքում պետք է մերկանա, իսկ այդպես ինքն իրեն լավ չի զգում: Խոսելով պարի մասին, Լինան ասաց, որ դրանց մեջ իմպրովիզներ շատ են լինում, սակայն լավագույն պարերը թողնում է պատվերների համար:

Մեզ հետ զրույցում պարուհին դժգոհեց որոշ հաճախորդներից. «Շատերն այստեղ գալիս՝ իրենց ինտելեկտը թողնում են դրսում: Հաճախորդների մեջ կան հարազատ մարդիկ, որոնց հետ մտերմացել եմ տարիների ընթացքում: Սակայն ինձ զայրացնում է այն, որ իմ մեջ կին են տեսնում, ոչ թե մարդ: Եղել է, որ հաճախորդները մեր մասին վատ են մտածել, սակայն մեզ հետ զրույցից հետո լավ տպավորությամբ են հեռացել»: Նա պատմեց, որ իր աշխատանքի ընթացքում եղել են նաեւ արտառոց դեպքեր. «Հաճախորդներից մեկը ինձ կանչեց պրիվատ պարի, ասաց՝ դու պարի ու ինձ վրա ուշադրություն մի դարձրու: Ես սկսեցի պարել, ինքը չոքեց, աղոթեց ու վեր կացավ գնաց: Երեւի մեղք էր համարել այն, որ եկել է ստրիպտիզ նայելու»: Ըստ Լինայի՝ հայ տղամարդիկ առատաձեռն են. «Չնայած դրան, ես երբեք չեմ հանդիպում հաճախորդի հետ, համարում եմ՝ դա ոչ պրոֆեսիոնալ, չնայած մեր պարուհիներից մեկն ամուսնացավ ակումբի այցելուներից մեկի հետ: Սերը չի կարելի ոտնահարել: Ասեմ նաեւ, որ իմ սիրեցյալը երբեք չի եկել իմ պարը նայելու, ոչ մի տղամարդու էլ դուր չի գա, որ իր ընկերուհին կիսամերկ ուրիշների համար պարում է»:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել