Լրահոս
Օրվա լրահոսը

Հովտամեջում սեպտեմբերի 1 չի լինի

Օգոստոս 23,2008 00:00

Աշակերտներն այդպես են սգում տնօրենի մահը

Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի միջնակարգ դպրոցն արդեն հինգ օր է՝ տնօրեն չունի: Օգոստոսի 18-ին Սեւանում փողոցն անցնելիս դպրոցի տնօրեն Մանյա Դանիելյանը վրաերթի է ենթարկվել եւ մահացել: Տնօրենի թափուր տեղի համար մոտակա ժամանակներում անցկացվող մրցույթի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Արմավիրի մարզի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ նոր տնօրենի համար մրցույթ կանցկացվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: «Հարգելով վաղամեռիկ տնօրենին, մոտակա ժամանակներում թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն չենք տա, թող մի որոշ ժամանակ անցնի: Իսկ մինչ այդ, երկուշաբթի օրվանից ուսմասվարին կնշանակենք տնօրենի պաշտոնակատար»,- ասաց Գ. Սայադյանը:

Հիշեցնենք, որ Հովտամեջի դպրոցը դեռ մեկ տարեկան էլ չկա՝ 2007-ի աշնանն է բացվել: Փաստորեն, Մ. Դանիելյանը դպրոցի հիմնադիր տնօրենն էր եւ նրա մահը մեծ վիշտ է գյուղի համար: Արդեն խոսակցություններ կան, որ աշակերտներն՝ ի հիշատակ իրենց տնօրենի, հրաժարվել են սեպտեմբերի 1-ը նշելուց:

Հիշեցնենք, որ իր պաշտոնավարման առաջին օրերին մեզ հետ զրույցում ( 01.12.07թ) դպրոցի տնօրեն Մ. Դանիելյանը մեծ ոգեւորությամբ էր պատմում իր ծրագրերի մասին. «Նույնիսկ ամեն դասարանում ծրարներ եմ փակցրել, որպեսզի աշակերտներն իրենց կարծիքն ազատ արտահայտելու հնարավորություն ունենան, ես իրենց ասել եմ՝ թեկուզ անանուն նամակ գրեք, թե ինչից եք դժգոհ: Ամեն առավոտ դասարաններով շրջում եմ ու ծրարները ստուգում, դեռ ինձ հասցեագրված նամակ չեմ գտել: Աշակերտների սիրտը շահելու համար առաջիկայում որոշել եմ նաեւ դպրոցի ներսում պետություն հիմնել՝ աշակերտական նախագահով, նախարարներով, պատգամավորներով ու դատավորներով»: Նշենք նաեւ, որ Հովտամեջի դպրոցը ստեղծվել էր գյուղի բնակչության պահանջով, մինչ այդ գյուղի երեխաները հաճախում էին հարեւան Ծիածան գյուղի դպրոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել