Վանաձորի բնակիչ Ռոստոմ Դարբինյանից խլում են սեփական խանութը
Ռոստոմ Դարբինյանը 1993թ.-ից հանդիսանում է Տարոն-2 թաղամասի Վերածննդի փողոցի 1 հասցեում գտնվող խանութի սեփականատերը, ունի այդ հողատարածքի եւ կառույցի համար Կիրովականի քաղգործկոմի կողմից տրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, քաղաքապետարանում եւ ճարտարապետական բաժնում գրանցված է որպես հողի եւ կառույցի լիիրավ սեփականատեր եւ ունի սեփականաշնորհման վկայական, կատարել է բոլոր անհրաժեշտ վճարումները։
Հինգ տարի անց Վանաձորի բնակիչ Հովհաննես Շահվերդյանը գնում է նույն այդ խանութի հարեւանությամբ գտնվող՝ լուծարման ենթարկված հացի վաճառքի երկաթյա տաղավարը։ Առք ու վաճառքի պայմանագրում նշված է, որ գործարքը կատարվում է առանց հողի նկատմամբ սեփականության իրավունքի հատկացման։ Սակայն Շահվերդյանը, առանց քաղաքապետարանի եւ ճարտարապետական բաժնի թույլտվության, իրեն չպատկանող հողի վրա փուռ է կառուցում։ Ինչպես հավաստում է «Առավոտի» խմբագրություն այցելած Ալինա Օդաբաշյանը՝ Ռոստոմ Դարբինյանի կինը, Շահվերդյանը չունի սեփականությունը հաստատող որեւէ փաստաթուղթ եւ երկար ժամանակ, առանց հարկային վճարումների, իրականացրել է հացի արտադրություն։ Ըստ տիկին Ալինայի, Շահվերդյանը, չբավարարվելով այսքանով, սկսում է ոտնձգություն կատարել նաեւ «իր» փռի հարեւանությամբ գտնվող հողատարածքների եւ տաղավարների նկատմամբ, հոխորտալով դրանց տերերին, թե ինքն ինչ ուզի՝ այն էլ կանի։ Եվ սկսում է ցանկապատել իրեն անհրաժեշտ տարածքը՝ 1400 քմ մակերեսով, ու 2005-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Վոլոդյա Ասլանյանի կայացրած վճռով, դառնում այդ տարածքի սեփականատեր։ Վճիռը, սակայն, մի քանի ամիս անց բեկանվել է ՀՀ վճռաբեկ դատարանում։ Շահվերդյանը 2007-ին կրկին դիմում է Վանաձորի տնտեսական դատարան, եւ «մասնագիտացված» դատարան տեղափոխված դատավորը՝ Վոլոդյա Ասլանյանն, այս անգամ արդեն նրան է հատկացնում 2000 քմ հողատարածք, որի մեջ է մտնում նաեւ Ռոստոմ Դարբինյանի սեփականությունը հանդիսացող խանութը։ Տիկին Ալինան փաստում է. «Դատավոր Վոլոդյա Ասլանյանը դատը վարեց շատ կոպիտ եւ կողմնակալ։ Մեզ զրկեց արտահայտվելու իրավունքից, չընդունեց մեր ներկայացրած փաստաթղթերը։ Նրա վճռի կայացման համար հիմք հանդիսացավ Շահվերդյանի ներկայացրած կեղծ փաստաթուղթը, թե իբր ինքը 1989թ. ստացել է Կիրովականի քաղգործկոմի թույլտվությունը՝ Վերածննդի փողոցում հացի փուռ կառուցելու համար։ Մինչդեռ կան մի քանի հանգամանքներ, որոնք փաստւմ են այդ գրության կեղծված լինելը. հենց թեկուզ օրինակ այն, որ այդ ժամանակ Վանաձորի այդ թաղամասում չկար Վերածննդի փողոց։ Փողոցն այդպես կոչվել է մոտ տասը տարի անց։ Վանաձորի ճարտարապետը եւ քաղաքապետը դատախազությանն են ներկայացրել անհրաժեշտ գրություններ, որոնցով հաստատում են, որ Շահվերդյանը չի հանդիսանում այդ հողատարածքի սեփականատեր եւ պետությունից ապօրինաբար զավթել ու ցանկապատել է զգալի հողատարածք։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ այս ամենի թիկունքում կանգնած է Շահվերդյանի խնամին՝ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, որը ամուսնուս հարազատ եղբոր որդին է եւ նրա ծնկներին է մեծացել։ Սակայն այս ամենը մոռանալով, դուրս է եկել հարազատ հորեղբոր դեմ եւ մեզնից 15 հազար դոլար է պահանջում՝ մեզ պատկանող խանութը մեզ վերադարձնելու համար, պատճառաբանելով, թե ինքն այդքան գումար է ծախսել դատարանում, այսինքն՝ կաշառել է դատարանին եւ դատավորին։ Տեսնելով, որ մենք իրեն նման գումար չենք տա, նա արդեն դիմել է սպառնալիքների՝ թե կսպանի արցախյան պատերազմում իր առողջությունը կորցրած որդուս։ Նա շատ վստահ հայտարարում է, որ մեծ փողերից հրաժարվող դատավոր չկա, եւ ինքը կհասնի իր նպատակին»:
Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանն «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ինքն այս գործի հետ ոչ մի կապ եւ դերակատարում չունի: Հարցին, թե արդյոք ինքն իր հորեղբորից պահանջե՞լ է 15 հազար դոլար՝ իր խանութը իրեն վերադարձնելու համար, փոխմարզպետը ծիծաղեց եւ ասաց, որ նման բան չի եղել:
Տիկին Ալինան ասաց նաեւ, որ ՀՀ նախագահին ուղղած իր դիմումի հիման վրա նախագահի աշխատակազմից ներկայացուցիչներ են եկել այդ ահազանգի հետքերով, ուսումնասիրել այն, վերցրել անհրաժեշտ փաստաթղթերը, եւ գործն այժմ գտնվում է նախագահի վերահսկողական ծառայությունում։ Սակայն տիկին Ալինային մտահոգում է այն հանգամանքը, որ Շահվերդյանն ու փոխմարզպետը վստահորեն հոխորտում են ու սպառնում իրենց, ասում, որ իրենք արդեն հասել են իրենց նպատակին, եւ որ իրենց «դեմ խաղ չկա»։
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ