Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 23,2008 00:00

Ո՞ՒՄ ՏԱՐԱԾՔԻՆ ԵՆ ՏԻՐԱՆՈՒՄ

Այս տարվա հուլիսին 88-ամյա Երվանդ Ավետիքյանը բողոքով դիմեց «Առավոտին»

Բողոքում բերված փաստարկները, փաստաթղթերը դեռ չէինք հասցրել ուսումնասիրել, ճշտել, երբ նա կնքեց իր մահկանացուն: Հայրենական պատերազմի մասնակցի վերջին խոսքում դառը ճշմարտություններ էին, նրա իրավունքների ոտնահարման տասնյակ օրինակներ:

1-ին կարգի հաշմանդամ, գվարդիայի ավագ լեյտենանտ Երվանդ Ավետիքյանը Հայրենական պատերազմի ժամանակ զրկվում է երկու ձեռքից, տեսողությունից: Կրկնակի հաշմանդամը ՀԽՍՀ Մինիստրների սովետի նախագահ Ս. Կարապետյանի 1948թ. հուլիսի 9-ի միջնորդագրով Նորքում հողամաս ստացավ: Ավետիքյանի համար միջնորդել էին զրահատանկային զորքերի մարշալ Ս. Բոգդանովը, ակադեմիկոս Լ. Օրբելին, մարշալ Պ. Ռիբալկոն: Նրանք խնդրել էին Հայաստանի կառավարությանը պատերազմից վերադարձած հերոսի համար պետության հաշվին կառուցել տուն: Այդպես էլ եղավ: Երեւանի քաղխորհրդի գործկոմի 1948թ. թիվ 19 արձանագրությամբ Ե. Ավետիքյանին հատկացվեց Նորքի տունը:

Երեւանի քաղաքային արխիվի համաձայն, 1991թ. մարտի 14-ին Ավետիքյանին հատկացվեց Անդրանիկ Հակոբյանի՝ Նորքի 2000 քմ տարածքը, այգու տիրոջը տրվեց 180 ծառերի գինը, հաստատվեց թիվ 1124 գլխավոր հատակագիծը, գծվեցին բնակելի տուն կառուցելու սահմանները: Ներկայիս Ամառանոցային 227 հասցեի նկատմամբ առկա են Ավետիքյանի սեփականության իրավունքի վկայականները: Երկու ձեռքից ու տեսողությունից զուրկ Ավետիքյանին տնային գործերում օգնում էր նրանց ընտանեկան ծառայողը՝ Եվդոկիա Գուսկովան: Նա պատսպարվել էր այդ տանը: Սակայն 1990թ. վերջինիս թոռը՝ ՆԳ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության տեսուչ Գագիկ Հարությունյանը, փորձեց այդ տարածքում անօրինական շինարարություն իրականացնել, ինչը, բնականաբար, արգելվեց: «Առավոտի» տրամադրության տակ գտնվող 1990թ. դեկտեմբերի 28-ի տեղեկանքով, գործն ուղարկվել էր նախկին Մյասնիկյանի ՆԳ բաժին: ՆԳ տեսուչ Գ. Հարությունյանը (ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում) ենթարկվեց վարչական եւ կարգապահական պատասխանատվության: Մյասնիկյանի շրջխորհուրդը կառույցը մասնակի քանդում է: Այն էլ՝ չորս անգամ: Ապօրինի շինարարության հարցով զբաղվում է անգամ դատախազությունը:

Ոստիկանը խոստանում է չշարունակել ապօրինի շինարարությունը: Հետագայում, երբ Ե. Ավետիքյանի առողջական վիճակը վատթարացավ, Գ. Հարությունյանը տիրացավ նրա հողամասին, դրա վրա կառուցեց ինքնակամ շինություն, որին տրվեց Ամառանոցային 219/2 հասցեն: Քաղաքապետի 1192 որոշմամբ (28.12.1998) Ավետիքյանի հողամասի վրա կառուցված «բնակելի ավտոտնակը»՝ տունը (133քմ), օրինականացվեց Գ. Հարությունյանի անվամբ:

Հանգուցյալի փաստաբան Արթուր Գրիգորյանի դատարան ուղարկած առարկումներից մեկի համաձայն՝ ըստ ՀՀ քաղօրի 188 հոդվածի, ինքնակամ կառույց իրականացրած անձը դրա նկատմամբ չունի սեփականության իրավունք: Նա իրավունք չունի տնօրինել կառույցը, վաճառել, նվիրել, կատարել գործարքներ:

Այսինքն՝ քաղաքապետն իրավունք ուներ գործարք կնքելու պետական սեփականություն հանդիսացող հողամասի համար, ոչ թե ուրիշի, տվյալ դեպքում՝ Ավետիքյանի սեփականության նկատմամբ:

Գործը ներկայումս ՀՀ քաղաքացիական դատարանում է, դատավոր Գ. Հակոբյանի վարույթում: Ե. Ավետիքյանը մեր թերթի միջոցով փորձում էր հրապարակայնացնել իր պահանջը, այն է. որպեսզի Գ. Հարությունյանը, Երեւանի քաղաքապետարանը, անշարժ գույքի կադաստրի «Մարաշ» ստորաբաժանումը պատասխան տան կատարած ապօրինի գործարքի համար, անվավեր ճանաչվի քաղաքապետի այն որոշումը, որով Հարությունյանին հատկացվել է ուրիշի տարածքը: Դատարան ներկայացրած բողոքում բարձրացվել է Հարությունյանին գրավյալ տարածքից վտարելու հարցը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Երեւանի քաղաքացիական դատարանում հանգուցյալ Ավետիքյանի իրավահաջորդը կլինի նրա որդին՝ Զաքար Ավետիքյանը: Վերջինս դատարան է ներկայացրել Ալեքսանդր Թամանյանի որդու՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գեւորգ Թամանյանի վկայագիրը: «Բազմիցս վկայում եմ, որ եղել եմ այդ ամառանոցում, եւ վկայում եմ, որ 1948թ.-ից Ավետիքյանը օգտվել է իր ամառանոցից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել