Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ

Օգոստոս 23,2008 00:00

Կարապետիչը՝ հայկական եւ վրացական իրականության մասին

«Եթե Վրաստանը գիշերով ուրիշի զենքով ու ներուժով հարձակվում է Հարավային Օսիայի վրա, ուրեմն ընդունակ է հարձակվել նաեւ Ջավախքի վրա: Ես դատապարտում եմ բոլոր այն ուժերին, որոնք Սահակաշվիլու ղեկավարությամբ նախաձեռնել են այդ ամենը: Համարում եմ, որ կատարվածը հանցագործություն էր,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ հավելեց:- Ըստ իս, Սահակաշվիլին հոգեկան խանգարում ունի: Եվ ոչ միայն ինքը, այլեւ իր ընկեր եւ գործընկեր ԱՄՆ նախագահը: Իմ կարծիքով, պարոն Սահակաշվիլին որպես քաղաքական գործիչ եւ Վրաստանի նախագահ՝ շատ կարճ ժամանակ «կգոյատեւի»: Նա ո՞վ է, որ խառնի գոյություն ունեցող նուրբ բալանսը՝ ունենալով ՆԱՏՕ մտնելու ինչ-ինչ նկատառումներ»:

Կարապետիչը խորհուրդ է տալիս դասեր քաղել այս ամենից ու մեծացնել ուշադրությունը ջավախահայության հանդեպ. «Եթե այնտեղ հայկական դպրոցի վրա գումար չեն ծախսում, չկան հայկական բուհեր, ջավախահայությունը չունի էլեկտրաէներգիա, ճանապարհներ, ներուժ, ուրեմն կամաց-կամաց կամ կհայաթափվի տարածքը, կամ էլ ջավախահայությունը կհարմարվի դրանց՝ կորցնելով ազգային ինքնությունը: Օրինակ՝ Հարավային Օսիայում մեկ գիշերում ոչնչացվեց 600 պատմամշակութային կոթող ու հուշարձան, չէ՞ որ սա եւս հարված է ինքնությանը: Ժամանակին Հիտլերը խորհրդային երկրից արտահանում էր այն ամենը, ինչը կարող էր փաստել, որ ժողովուրդը ունեցել է հանճարներ: Այնպես որ, ջավախահայության համար եւս վտանգ կա: Վրաստանում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա Ջավախքի վրա: Սահակաշվիլին ասում էր, որ իրենք հաստատում են ժողովրդավարական արժեքներ, բայց եթե վրացական դպրոցում ուսուցիչը երեք անգամ ավելի է վարձատրվում, քան հայկական դպրոցում է, եթե վրացական գյուղերում էլեկտրականությունը շուրջօրյա է, հայկականում՝ օրական 3 ժամ, էլ ի՞նչ արժեքների մասին է խոսքը: Միակ արժեքը կողմնապահությունն է»:

ԺԿ նախագահի համոզմամբ, «Սահակաշվիլին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ նմանություններ ունեն: Մեր նախագահն ունի խստություն, իսկ դրանից ավելի պետք չէ, որովհետեւ կհայտնվենք փակուղում: Սահակաշվիլուն էլ է բնորոշ խստությունը, ինչը նա չարաշահեց, այդ պատճառով էլ Վրաստանը հայտնվեց այս վիճակում…

Այսօր Միացյալ Նահանգների պլանները խափանվեցին՝ մտածում էին, որ Սահակաշվիլուն ամեն ինչ կհաջողվի, Ռուսաստանի նախագահը վճռական մոտեցում չի ցուցաբերի եւ հետո Սոչիում դեռ օլիմպիադա պետք է լինի: Իրականում ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»:

Վրաց-օսեթական իրականությունից անցում կատարելով Հայաստանի ներքաղաքական կյանքին, Տ. Կարապետյանն ասաց. «Իմ կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կան ինչ-ինչ պայմանավորվածություններ եւ ինչո՞ւ չեն դա հրապարակում: Օրինակ, ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի միանում Կոնգրեսին, բայց թաղապետի իր թեկնածուին է առաջադրում Արաբկիր համայնքում: Գուցե դա է հարցի գինը, որ եթե «Ժառանգության» թեկնածուն անցնի, ինքը չի միանա, եթե չանցնի՝ կմիանա»:

Խոսելով «ԱԼՄ»-ի մասին շրջանառվող այն լուրերին, որ մի քանի ամսից TV-ն իր ձեռքից վերցնելու է Սամվել Բաբայանը կամ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ուրիշներն ինչ պլաններ ունեն: Համենայնդեպս, չեն եկել ու ինձ ասել, որ TV-ս վերցնելու են: Նման լուր «Հայկական ժամանակ» թերթում տեսել եմ… Մյուս կողմից էլ, եթե թերթն ասում է, ուրեմն մի բան գիտի, իսկ եթե գիտի, ուրեմն շփվում է առաջին դեմքերի հետ: Եվ հետաքրքիր է՝ էդ ո՞նց է շփվում, եթե ընդդիմադիր է: Լինելով ընդդիմադիր, հավաստի աղբյուրներ վկայակոչելով, մեկ-մեկ այնպիսի բաներ են գրում քո մասին, որ ինքդ էլ չգիտես: Գուցե ինձ թասիբի են գցում, որ իրավիճակը սրե՞մ:…Մի բան հաստատ կասեմ, եթե նման բան լինի, կպայքարեմ բոլոր միջոցներով ու մինչեւ վերջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել