ՀԵՐՔԵԼԸ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ ԽՄԵԼ ՉԷ
«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը պնդում է, որ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքների մասին սեփական պնդումները կապ չունեն կալանավորին «փչացնելու» մասին տեսաերիզի հետ:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը երեկ հերքել է «Առավոտի»՝ օգոստոսի 22-ի համարում «Սպառնացել են փչացնել» հրապարակումը: Հիշեցնենք, որ այստեղ մասնավորապես նշված էր, թե «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին «փոխանցվել է տեսաերիզ, որում պատկերված է, թե քրեականներն ինչպես են սեռական գործողություններով «փչացնում» կալանավորին: Լրագրողին նաեւ սպառնացել են, որ այս ամենը կարող է կրկնվել իր նկատմամբ»: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը սա անվանել է «ակնհայտ ստահոդ տեղեկատվություն», նաեւ նշել. «Հիշյալ տեղեկատվությունը սոսկ վառ երեւակայության արդյունք լինելով հանդերձ, առաջացրել է նաեւ Արման Բաբաջանյանի արդարացի դժգոհությունը. վերջինս հերքում պահանջելու միջնորդությամբ դիմել է քրեակատարողական վարչության ղեկավարությանը»:
Անդրադառնանք, սակայն, թե որքանով է հիմնավոր այս «արդարացի դժգոհությունը»:
Փաստ է, որ գոյություն ունի բջջային հեռախոսով արված տեսագրություն, թե ինչպես են կալանավորին իր խցակիցները ծեծում եւ բռնաբարում: Ըստ որոշ լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: «Առավոտն» ունի այդ տեսագրությունը:
Փաստ է, որ օգոստոսի 11-ին իր հայտարարության մեջ Արման Բաբաջանյանը նշել էր. «Ինձ հասած ստույգ տեղեկությունները մի քանի աղբյուրներից հայտնում են, որ անազատության մեջ իմ անվտանգությունը սպառնալիքի տակ է»: Ու նաեւ՝ «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնավոր կասկածներ ունեմ, որ իշխանական ամենավերին ատյաններից ստացված հրահանգի արդյունքում ինձ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու որոշումը փակ բանտային խցի պայմաններում ֆիզիկապես վերացնելու եւ կամ վնասելու խնդիր է հետապնդում»:
Փաստ է, որ այդ հայտարարությունից հետո բանտում նրան այցելած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին ու Ատեփան Սաֆարյանին Արման Բաբաջանյանը խոստովանել էր իրեն սպառնացող վտանգի մասին: «Առավոտի» հարցին, թե հատկապես ինչի՞ց էր դժգոհում Արման Բաբաջանյանը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նա բոլոր մանրամասները չասաց, քանի որ այդ պահին ցանկանում էր լրագրողների հետ հանդիպել: Մանրամասներն ուզում էր ասել լրագրողներին: Միայն ասաց, որ վտանգ է զգում: Այդքանը»: Իսկ Ստեփան Սաֆարյանը պատմեց. «Մենք հանդիպման գնացինք՝ հիմնականում մտահոգված հացադուլի հանգամանքով, եւ հորդորեցինք Արման Բաբաջանյանին, որ նա իր առողջությանը նման վնաս չպատճառի: Խնդրեցինք նրան դուրս գալ հացադուլից, եւ նա ասաց, թե քանի որ նման սպառնալիք կա՝ ինքը հացադուլից դուրս կգա միայն այն դեպքում, եթե իր հետ հանդիպեն լրագրողները, որոնց կարեւոր բացահայտումներ ունի անելու»: Մեր հարցին, թե այս զրույցում Արման Բաբաջանյանը չի՞ որոշակիացրել սպառնալիքի բնույթը՝ պրն Սաֆարյանը պատասխանեց բացասաբար:
Փաստ է նաեւ Արման Բաբաջանյանի օգոստոսի 15-ին տարածած հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. «Օգոստոսի 11-ին ես անժամկետ հացադուլ էի հայտարարել՝ պահանջելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ բացահայտումներ անելու համար: Ցայսօր պատկան մարմինները սարսափելով իմ կողմից բացահայտումների հնարավոր հետեւանքներից, մերժում են լրատվամիջոցներին ինձ հետ հանդիպելու համար արված բազմաթիվ դիմումները: Բացահայտումները առնչվում են վերջին ամիսներին իշխանական ամենավերին ատյաններից իջեցված հրահանգներին՝ քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված անձանց անվտանգությունը: Իշխանության պատվերը ստացած 3 հիմնական ստորաբաժանումների ներկայացուցիչներին ամենաթող եւ հանցավոր գործողությունների արդյունքում, քաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված անձանց անվտանգությունը շարունակում է մնալ սպառնալիքի տակ: Վերջին օրերի առիթով ինձ արված բանավոր երաշխիքները բավարար չհամարելով՝ զգուշացնում եմ, որ բողոքի հաջորդ գործողությունները լինելու են ավելի ծայրահեղ եւ մասսայական: Այս պահին նպատակահարմարությունից ելնելով՝ ձեռնպահ եմ մնում բացահայտել իշխանության ամենաթող հայացքի ներքո, մի կողմից աննկարագրելի չափերի հասնող կաշառակերության, մյուս կողմից ռեժիմին ծառայող քրեական տարրերի իրենց քստմնելի եւ անբարո նպատակներն իրականացնող ոչ միայն պատվերն իրագործելու պատրաստակամությունը ստանձնած հիմնարկների, այլեւ անձանց անունները, որոնք հիմնավոր փաստերով իմ տրամադրության տակ են»:
Չենք փորձի ենթադրություններ անել, թե ուրիշ էլ ի՞նչ նկատի ուներ Արման Բաբաջանյանը՝ գրելով «ռեժիմին ծառայող քրեական տարրերի քստմնելի եւ անբարո նպատակների» եւ դրանք հաստատող փաստերի մասին: Քանզի գիտակցում ենք, որ անազատության մեջ գտնվող մարդը բավական խոցելի վիճակում է: Այդ պատճառով էլ սահմանափակվում ենք այս մասին միայն հանրահայտ փաստերը հիշեցնելով՝ չհրապարակելով մեզ հայտնի ողջ տեղեկատվությունը:
Ներկայացնենք նաեւ այժմ «Էրեբունի» ՔԿՀ-ում գտնվող Արման Բաբաջանյանի «Առավոտին» տրված պարզաբանումները. «Օգոստոսի 11-ին եւ 15-ին իմ տարածած հայտարարությունները եւ «Առավոտի» հրապարակած տեղեկատվությունը՝ տեսաերիզի մասին, իրար հետ որեւէ առնչություն չունեն, իրար չեն աղերսվում: Ինձ կոնկրետ ոչ մի մեթոդ չի մատնանշվել: Օգոստոսի 11-ին ես բոլորովին այլ տեղեկություն եմ ունեցել իմ անվտանգության հետ կապված, որն առնչվել է «Նուբարաշեն» ՔԿՀ իմ տեղափոխվելու հետ: Ես կարողացել եմ լուծել այդ հիմնարկ իմ չտեղափոխվելու հարցը: Իմ ստացած տեղեկություններին առնչվող գերատեսչությունների եւ որոշակի անձանց անունները ես էլի չեմ կարող հրապարակել: Ոչ միայն իմ, այլեւ այլ դատապարտյալների անվտանգությամբ մտահոգված՝ այս պահին չեմ ուզում բացահայտել այն մանրամասները, որոնք կարող են իսկապես սպառնալ տարբեր կալանավայրերում գտնվող՝ իրենց քաղաքական հայացքների համար ազատազրկված տղաներին: Ես այդ բացահայտումները պատրաստ էի լրագրողներին անել: Բայց երբ որ ինձ հստակ բանավոր երաշխիքներ տրվեցին, որ կասեցվում է այդ ամբողջ գործընթացը՝ սպառնալիքի հետ կապված, անվտանգության հետ կապված, եւ ասվեց, որ ոչ մեկը խնդիր չի ունենալու՝ ես հացադուլից դուրս եկա»:
Խարդավալից ու բավական տհաճ այս պատմության մեջ միայն մի դրական դրվագ կա՝ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի հետեւյալ պնդումներն են. «Հավաստում ենք, որ Արման Բաբաջանյանի կյանքին ոչինչ չի սպառնում», ու նաեւ, որ քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձինք ձեռնարկել են համապատասխան միջոցներ՝ նրա «անձնական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ