Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԵՑ ԲՈՂՈՔՆԵՐԸ

Օգոստոս 23,2008 00:00

«Մարտի 1»-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի հյուրերն էին մեր գործընկերներ Գագիկ Շամշյանն ու Գոհար Վեզիրյանը, ում հանձնաժողովը հրավիրել էր՝ տեղեկություններ ստանալու մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերի մանրամասների վերաբերյալ:

Հանձնաժողովը դիմում-բողոք էր ստացել Սուրեն Սիրունյանի փաստաբանից, ով տեղեկացնում էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, եւ դիմել էր հանձնաժողովին, որպեսզի միջնորդեն խափանման միջոցը փոխելու համար: Հանձնաժողովն օպերատիվ արձագանքելու որոշում է կայացրել: Հանձնաժողովականները կայցելեն ՔԿՀ, կհանդիպեն հիմնարկի ղեկավարին եւ իրենց դիրքորոշումը կներկայացնեն, հավանաբար, երեքշաբթի կայանալիք նիստում: Բողոք-դիմում էր ստացվել նաեւ կալանավոր Գաբրիել Գաբրիելյանի փաստաբանից առ այն, որ իր պաշտպանյալի հետ կատարվող որոշ գործողություններում օրենքի նորմը չի պահպանվել, եւ իր կողմից ներկայացված միջնորդությունը ոչ միայն քննարկման առարկա չի դարձել, այլեւ դատախազը արդեն իսկ գործն ուղարկել է դատաքննության: Հանձնաժողովը մինչ այդ եւս ստացել էր բողոք նույն Գ. Գաբրիելյանի գործով, եւ երեկ որոշեց մեկ անգամ եւս դիմել պարզաբանման համար, ապա նոր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Երեկ դիմում-բողոքները շատ էին, դրանցից մեկն էլ վերաբերում էր Արարատի մարզի երկու բնակիչների, ովքեր մեղադրվում են Քրօրի 225 հոդվածի 2-րդ եւ 176 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով (զանգվածային անկարգությունների կազմակերպում, մասնակցություն, նաեւ՝ հափշտակություն): Այս գործով կա վճիռ՝ երեք տարի ազատազրկում: Դիմումի հեղինակները խնդրում էին հանձնաժողովի միջնորդությունը, որ դատարանը կիրառի պատժի նվազագույնը: Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը մեզ տեղեկացրեց. «Քանի որ վերաքննիչ բողոքը, որպես կանոն, այլեւս չի նվազեցնում պատժաչափը, այս դեպքում հանձնաժողովն ավելի շատ ձեռնպահ մնաց իրավական գործողություն ձեռնարկելուց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել