Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կամքը չկար առաջ եւ կա հիմա

Օգոստոս 22,2008 00:00

Հարկային ծառայության պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը երեկ հայտարարեց, որ նախագահը եւ վարչապետը ունեն քաղաքական կամք՝ հարկային բարեփոխումներում գնալու մինչեւ վերջ:

Հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ հարկային փաթեթով իրականացվող միջոցառումները նաեւ հնարավորություն են տալու վերահսկել վարձակալական իրական գումարները. «Ես չեմ պնդում, որ բոլորն այդտեղ մինչեւ վերջ ազնիվ չէին, չեմ կարող դա պնդել, բայց որ մասսայականորեն դա խախտվում էր եւ պայմանագրերում նշված գումարը չէր համապատասխանում իրական հավաքագրվող վարձակալական վճարին, դրա մասին մենք ունենք բազմաթիվ տեղեկատվություն: Այս փաթեթը ստեղծում է ուժեղ իրավական հիմք, որ կարողանանք այդ մասում աշխատել ավելի արդյունավետ»: Հարցին՝ եթե նկատել էին այդ խախտումները, ուրեմն ինչո՞ւ ավելի վաղ չէին սկսում դրա դեմն առնելու գործընթացը, պարոն Չիլինգարյանը պատասխանեց. «Լավ է ուշ, քան երբեք, եւ երկրորդը, իմ կարծիքով, որքան ես ճանաչում եմ հանրապետության այդ որոշումն ընդունող մարդկանց, պաշտոնատար անձանց, կարող եմ ասել, որ հիմա ուղղակի այդ քաղաքական կամքը կա՝ կանգ առնել պետք չէ, պետք է մինչեւ վերջ կարգավորել»: «Առավոտի» հարցին՝ կոնկրետ նկատի ունի նախագահի՞ն եւ վարչապետի՞ն, պարոն Չիլինգարյանն ասաց. «Այո, հանրապետության նախագահին, վարչապետին, նաեւ՝ հարկային ծառայության ղեկավարին, մաքսային կոմիտեի ղեկավարին»:

«Առավոտը», հիշեցնելով, որ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ, հարկային փոփոխությունները ուղղված են փոքր եւ միջին գործարարների դեմ («բռնվելու են մանր ձկները») եւ դրանից շահելու են «խոշոր ձկները», ուզեց հստակեցնել՝ մինչեւ ո՞ւր է ոտնահարվելու փոքր բիզնեսով զբաղվողների շահերը: Ահարոն Չիլինգարյանն ասաց. «Ընդհակառակը, փոքրերի համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվելու, գիտեք երեւի, առնվազն մի 8-10 միջոցառում կա այս փաթեթում, որը նպաստում է փոքր եւ միջին բիզնեսին: Մի բան կա, որից փոքրերը անհանգիստ են, դա նա է, որ մինչ այժմ կառավարությունը չէր հետեւել օրենքին, ընդամենը հիմա կառավարությունն ասում է՝ դուք գիտե՞ք, որ օրենք եք խախտել, ՀԴՄ-ները պետք է տեղադրած լինեիք անցած տարվա հոկտեմբերի 1-ից, տեղադրեք: Իսկ մեծերի համար, համոզված եղեք, այս փաթեթը նոր հնարավորություն է բացում, որ մենք միջինին եւ փոքրին մատակարարողների հետ աշխատենք ավելի ամուր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել