Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է

Օգոստոս 22,2008 00:00

5 տարի 10 ամիս 8 oր ազատությունից զրկված էր

Օրեր առաջ վերաքննիչ քրեական դատարանում լսվեց 26-ամյա Ալեքսեյ Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»): Վերաքննիչ բողոքում մեղադրյալը պահանջել էր բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի դատավճիռը, դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը, կարճել գործի վարույթը եւ իրեն արդարացնել՝ «կատարված հանցագործությանը իր մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»:

Ըստ դատարան ուղարկված մեղադրական եզրակացության, Ա. Մկրտչյանը 2002 թ. մարտի 12-ի լույս 13-ի գիշերը «Ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է Նորքի իր հարեւանուհի Արմինե Ափրոյանի տուն, որտեղ վիճաբանության մեջ մտնելով նրա հետ՝ օղու շշով մեկ անգամ հարվածել է նրա գլխին: Վերջինս հայհոյել եւ վիրավորական խոսքեր է ասել Մկրտչյանի հասցեին եւ փորձել ձեռքերով հարվածել նրան: Մկրտչյանը ձախ ձեռքով բռնելով Ափրոյանի ուսից՝ աջ ձեռքին բռնած շշով երկրորդ անգամ ուժգին հարվածել է նրա գլխին: Ստացած հարվածներից Ա. Ափրոյանը ուշակորույս վայր է ընկել հատակին: Ափրոյանին սպանելու դիտավորությունը մինչեւ վերջ հասցնելու համար Մկրտչյանը երկու անգամ փայտի կտորով հարվածել է գետնին ընկած Ափրոյանի գլխի նույն հատվածին եւ սպանել նրան: Այնուհետեւ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, իրենց տնից վերցրած նավթով դիտավորությամբ հրկիզել է Ափրոյանի տունը եւ դիակը՝ տան սեփականատեր Արմիդա Դուրյանին պատճառելով 735.000 դրամի նյութական խոշոր չափի վնաս»: Կասկածյալի կարգավիճակով հարցաքննության ժամանակ Մկրտչյանն իր ինքնախոստովանական ցուցմունքում հայտնել է, որ դեպքի օրը գնացել է Արմինեի տուն, նրա հետ վիճաբանել մարմնավաճառ աղջիկներ իր տուն բերելու կապակցությամբ: Շշով հարվածել է գլխին, ինչի արդյունքում Արմինեն ուշագնաց ընկել է գետնին: Ըստ գործում առկա նրա ցուցմունքի. «Կարծելով, որ Արմինեն մահացել է, գնացի Ավան, զանգեցի մորս ու կատարվածի մասին պատմեցի նրան: Հետքերը թաքցնելու նպատակով մորս հետ որոշել ենք տունը եւ դիակը այրել»:

Այս սպանության գործը հետաքրքիր զարգացումներ ունեցավ 2004թ. հուլիսի 8-ից սկսած: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի վճռով Ա. Մկրտչյանը նախ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

2004 թ. օգոստոսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գործը վերադարձրեց լրացուցիչ նախաքննության:

2005թ. սեպտեմբերի 26-ին գործը կրկին ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: 2007թ. հոկտեմբերի 24-ին Ա. Մկրտչյանը կրկին մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց ազատազրկման՝ 8 տարի 7 ամիս ժամկետով:

Վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա փետրվարի 1-ի որոշմամբ, Ա. Մկրտչյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացվեց: Վերաքննիչ քրեական դատարանը հանգեց այն հետեւության, որ գործի քննության ընթացքում թույլ են տրվել քրեադատավարական մի շարք խախտումներ, ձեռք բերված «անբավարար եւ անթույլատրելի ապացույցների առկայության պայմաններում» մեղադրական դատավճիռ կայացնելու հիմքեր չեն եղել: «Սպանությունը Ա. Մկրտչյանի կողմից կատարված լինելու մասին գործով որեւէ ապացույց ձեռք չի բերվել»՝ արձանագրել է վերաքննիչ դատարանը:

Պարզվեց նաեւ, որ քննիչի կողմից առանց քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշման՝ քննչական գործողություններ են կատարվել: Դատարանն անթույլատրելի է համարել գործում առկա ապացույցներն օգտագործելը: «Գործի լրացուցիչ նախաքննությամբ Ա. Մկրտչյանի մեղքը հաստատող որեւէ այլ ապացույց ձեռք չի բերվել, այլ միայն քննություն է կատարվել այն ուղղությամբ, որ որպես վկա հարցաքննված ներքին գործերի աշխատակիցները եւ ընթերակաները պնդել են, որ Ա. Մկրտչյանի տված ցուցմունքները, դրա տեսաձայնագրառումը իրականացրել է կամովին, առանց բռնության գործադրման»,- արձանագրել էր դատարանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վճիռը բեկանեց ամբողջությամբ, դադարեցրեց Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կարճեց գործի վարույթը եւ նրան արդարացրեց՝ մեղսագրված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով, վերացավ նաեւ ընտրված խափանման միջոցը: Սակայն ով եւ ինչպես պատասխան կտա Մկրտչյանին՝ 5 տարի 10 ամիս 8 օր ազատությունից զրկած լինելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել