Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԿԵ ՏԱՐԱՆԵՐ ԱՐՏԱԴՐԵԼԸ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է

Օգոստոս 22,2008 00:00

«Սարանիստ» ապակե տարաների գործարանը պատրաստվում է նշելու իր հիմնադրման 20-ամյակը

Սա թերեւս նշանակալի իրադարձություն կարող է լինել ցանկացած ձեռներեցության եւ հատկապես արդյունաբերական ձեռնարկության համար: Սակայն ոչ բոլոր դեպքերում կարող ենք նկատել այն առանձնահատուկ հանգամանքները, որոնք մինչեւ իսկ խորհրդանշական իմաստ են հաղորդում այս ընկերության գործունեությանն ու տարեդարձին:

«Սարանիստը» հիմնադրվել է 1988թ., լինելով առաջին մասնավոր ձեռնարկություններից մեկը, նույնիսկ երբ չէր փլուզվել ԽՍՀՄ-ը: Գնահատականների մի ամբողջ փաթեթ կարող են մատնանշել «Սարանիստի» ստեղծման ոչ միայն տնտեսական, այլեւ մյուս ոչ պակաս կարեւոր նշանակությունները: Սա հիմնում էր տնտեսական միավորի, ընդ որում բավական բարդ ու տեխնոլոգիատար արտադրության, ձեռնարկչատիրական առավելագույն ռիսկ եւ նախաձեռնություն պահանջող: Միեւնույն ժամանակ, սա հիմնադրում էր նոր տնտեսակարգի, պարադիգմի, դպրոցի, քաղաքականության եւ, ինչու ոչ, Հայաստանի Հանրապետության:

Եվ հավանաբար ոչ պատահաբար Մանուկյան եղբայրներն ընտրել էին ապակու արտադրությունը, մարդկության ամենահին արտադրանքի, որի ազդեցությունը 4000 տարի ի վեր եւ հատկապես այսօր մեծապես եւ հանապազօրյա կրում ենք մենք:

Աբովյան քաղաքում կառուցված այս ձեռնարկությունը քայլում էր մեր տնտեսության ակոսներով: Այն ոչ միայն կայուն աշխատատեղ էր ապահովում հարյուրավոր աշխատողների, լինելով ուղղված արդյունաբերական շուկայի պահանջների բավարարմանը, ոչ միայն պահպանում, խթանում ու նախաձեռնում էր այլ գործող եւ նորաստեղծ արտադրություններ, որ միայն առնչվում էր յուրաքանչյուր գյուղացու հետ, այլեւ կենսական հարաբերություններ էր հաստատում հարեւան Վրաստանի տնտեսության հետ, մատակարարելով երբեմն իր արտադրանքի ողջ ծավալի կեսից ավելին:

20 տարիների ընթացքում «Սարանիստը» հաղթահարել է էներգակիրների եւ հումքի բացակայությունն ու սղությունը, տնտեսության վայրիվերումները, արդյունքում մշտապես վերակազմավորվելով որպես առավել հզոր ու զարգացած ընկերություն:

Տեսաբան տնտեսագետները դժվարությամբ են Հայաստանը համարում լավագույն երկիրը, որտեղ կարելի է արդյունավետ ու մրցունակ արտադրություն հիմնել՝ հիմնված հումքատար արտադրության հումքի էական ներմուծումների հետ: Ձեռներեց Մանուկյաններն ապացուցեցին, որ տնտեսական հարաբերություններում մարդկային ոգին կարող է նյութական դրսեւորումներ թողնել, որեւէ երկրից ներմուծել հումք եւ նույն այդ երկիր արտահանել վերջնական արտադրանք: Եվ դա ոչ միայն 1 օր, 1 ամիս, 1 տարի, այլ 20 ամբողջ տարիներ:

«Առավոտի» հետ այս մասին խոսելով՝ գործարանի գլխավոր տնօրեն Վարդան Մանուկյանն ասաց. «Ապակու արտադրության մեջ, բազմաթիվ կարեւոր գործոններից բացի, որոնք են՝ ճիշտ տեխնոլոգիան, նորագույն հոսքագիծն ու բարձրորակ հումքը, մեծ կարեւորություն ունի նաեւ սերը այս աշխատանքի հանդեպ, հմտությունն ու առանձնահատուկ մոտեցումը, աշխատանքին որպես կյանքի վերաբերվելու նվիրումը, արարման ցանկությունը, առավելագույնը եւ երբեմն անհնարինը անելու համարձակությունը: Արդյունքում եւ միայն դրա արդյունքում կարող ես ստանալ այն, ինչ վեր է տեսությունից եւ այլ հաշվարկներից»: Պարոն Մանուկյանը նաեւ համառոտ ներկայացրեց ընկերության անցած ուղին: 1990թ., շինարարական աշխատանքների ավարտից հետո, սկիզբ առավ ապակե տարաների արտադրությունը, 1997թ. երկրորդ արտադրամասը կառուցվեց՝ ավելի մեծ վառարանով եւ 2 հոսքագծով, 2004թ. «Արմ-գլաս» ընկերության հիմնումով եւ գերժամանակակից գործարանի կառուցմամբ «Սարանիստն» ամփոփեց իր 15-ամյա գործունեության բեղմնավոր արդյունքներն ու հիմք դրեց զարգացման նոր փուլ: 2005-2007թթ. անմիջապես հետեւեց նոր փուլի ամրապնդումն ու շարունակումը: Այս տարիների ընթացքում ընկերությունը գործարկեց եւս 3 նոր ժամանակակից հոսքագիծ: «Սարանիստը» տարեցտարի համալրել է նաեւ իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը: Ձգտելով ապահովել իր գործունեության ամբողջականությունը ոչ միայն վերջնական արտադրանքի, այլեւ սեփական արտադրական պահանջների մասով, ընկերությունը արտադրական հզորություններ է ստեղծում նաեւ հումքի մշակման համար: Պարոն Մանուկյանի խոսքերով՝ «Սարանիստը» տարեցտարի համալրել է նաեւ իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ ձգտելով ապահովել իր գործունության ամբողջականությունը՝ ոչ միայն վերջնական արտադրանքի, այլեւ սեփական արտադրական պահանջների մասով: Ընկերությունը արտադրական հզորություններ է ստեղծում նաեւ հումքի մշակման համար:

«Մենք պարզապես չենք կարող առաջ չգնալ»: Վարդան Մանուկյանի այս խոսքերի կարծես հաստատումը լինի «Սարանիստ» ընկերության կենսագրությունը: Բավական է հետեւել թեկուզ հենց ներկա ժամանակաշրջանի ներքոհիշյալ թվերին: «Սարանիստ» եւ «Արմ-գլաս» ընկերությունները միասին 2008թ. 1-ին կիսամյակի տվյալներով, 2007թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ունեցել են արտադրանքի քանակի 54.1% եւ արտահանման արժեքի 174.3% աճ: 12.6%-ով ավելացել են աշխատողների քանակը եւ 12.4%-ով՝ միջին աշխատավարձը: Բնականաբար, մեծացել են նաեւ պետձեռնարկությունների կողմից պետբյուջե մուծվող հարկերը: Ընդհանուր առմամբ այսօր երկու ընկերություններում աշխատում է 405 մարդ. «Ինչով էլ ես զբաղվեմ, պիտի դա անեմ իմ ողջ էությամբ, եւ չեմ կարող առաջ չգնալ: Առավել վստահություն է ինձ հաղորդում հենց այդ համոզմունքի գոյությունը: Եվ կարծում եմ, որ բոլորին է անհրաժեշտ ունենալ այդ համոզմունքը, հատկապես մեր երկրում, հատկապես մեր հայրենակիցների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել