Էջմիածնում այդպես են հավերժացնում արցախյան ազատամարտիկներին
Դեռեւս երկու տարի առաջ է Էջմիածնի քաղաքապետարանը որոշել Էջմիածինը հայտնի դարձնել ոչ միայն Մայր աթոռով, այլեւ նոր կառուցվող հուշարձանային համալիրներով: Այդ ուղղությամբ արդեն շոշափելի քայլեր արվում են: Քաղաքի կենտրոնական այգում շուրջ մեկ տարի է՝ կառուցվում է արցախյան ազատագրական պայքարին մասնակցած էջմիածինցի ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը, որը մոտ 3 մետր բարձրություն ունի եւ ճարտարապետական լուծումներով տարբերվում է նմանատիպ այլ կոթողներից:
Հուշարձանի հեղինակը էջմիածինցի քանդակագործ Սամվել Մովսիսյանն է: «2005-ին, երբ հուշարձանի կառուցման համար մրցույթ հայտարարվեց, սկզբում չէի ուզում մասնակցել, քանի որ պատասխանատվությունը մեծ էր: Ի վերջո՝ մասնակցեցի, եւ ներկայացված ութ առաջարկներից իմը ընդունվեց: Շատ հանգիստ կարող էի մի խաչքար կամ զենքով զինվոր քանդակել, բայց դրանք արդեն շաբլոն են եւ ցանկություն ունեի մի օրիգինալ բան սարքել: Քանդակի հարցում իմ մոտեցումները տարբեր են: Կարծում եմ՝ հուշարձանը ոչ թե պիտի արտահայտի կոնկրետ դեպքեր, այլ այնպիսի մի բան լինի, որի մեջ յուրաքանչյուր մարդ իրեն տեսնի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սամվել Մովսիսյանը: Ըստ նրա, արդեն անցել են այն ժամանակները, երբ զինվորի արձանով ուշադրություն էին գրավում. «Հիմա եթե նման արձան են տեսնում՝ մարդիկ չեն էլ մոտենում, արդեն գլխի են ընկնում, որ պատերազմ խորհրդանշող արձան է: Բացի դա, պետք չէ մատաղ սերնդին դաստիարակել ամեն քայլափոխի հանդիպող զինված արձաններով: Անշուշտ, Ղարաբաղի պատերազմը դեռ ավարտված չէ, պիտի զգոն լինենք, սակայն պետք չէ զինվորների արձաններով փոքրերի մեջ ատելություն սերմանել»:
Քանդակագործի խոսքերով, իր հեղինակած հուշարձանով ցանկացել է նաեւ Ղարաբաղի շունչը տեղափոխել Էջմիածին, որովհետեւ հուշարձանի վրա կան ղարաբաղյան զարդանախշեր, օրինակ՝ Գանձասարի եկեղեցուց վերցված զարդաքանդակներ եւ այլն: Այս հուշարձանը «կենդանանում» է նաեւ ռազմի դաշտից հայրական օջախներ ազատամարտիկների ուղարկած նամակներից վերցված հատվածներով, որոնք թվով 30-ն են եւ «քարե թղթի» վրա փորագրված՝ ընթերցողի դատին է հանձնվում հուշարձանի բոլոր կողմերից: Նամակներից վերցված հատվածները բազմաբովանդակ են: Դրանով հեղինակը փորձել է ընթերցողին մտքով տեղափոխել ռազմի դաշտ:
Ասենք՝ 1990թ. Հադրութի շրջանի Էդիլլու գյուղից գրված ազատամարտիկի հետեւյալ տողերը. «Էս գյուղում մի սիրուն աղջիկ կա, ոնց որ սիրտս կպել է: Հրամանատար Մանվելին ասացի՝ ուրախացավ, բայց ասաց՝ եթե աղջկան խաբես՝ կպատժեմ զինվորական օրենքով»: Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից մեկ այլ զինվոր 1994-ի հունվարի 1-ին գրել էր. «Նոր տարին ուրախ անցկացրինք, ես էլ մի բաժակ խմեցի, հետո քունս տարավ՝ քնեցի: Երբ արթնացա, արդեն տագնապի կանչ էր»:
Ուշագրավ է նաեւ Աղբուլաղ գյուղից եկած նամակը, որը նույնպես տեղ է գտել հուշարձանի վրա. «Աղբուլաղի դպրոցում պատմության մասնագետ չկա: Գիշերային հերթափոխից հետո պոստից իջնում եմ եւ հայոց պատմություն եմ դասավանդում: Լավ երեխեք կան դպրոցում»: Անտարբեր չեն թողնում նաեւ 5.04.1993թ. գրված հետեւյալ տողերը. «Կավաքը ազատագրեցինք, բայց ակնալճեցի Արան ու հայթաղցի Յուրան զոհվեցին: Գումարտակի հրամանատար Մանվել Գրիգորյանի աչքերին առաջին անգամ արցունք տեսանք»: Վերջում Սամվել Մովսիսյանը նշեց, որ յուրօրինակ արձաններ Էջմիածնում դեռ շատ կլինեն, իսկ այս հուշակոթողը պաշտոնապես կբացվի սեպտեմբերին: