Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է կատարվում Վրաստանում

Օգոստոս 21,2008 00:00

Ականատեսի վկայությունները

Կարծում եք գիտե՞ք, թե ինչ է կատարվում Վրաստանում: Եթե այնտեղ չեք եղել, ապա սխալվում եք:

Եվ այսպես, Երեւանից դուրս եկա ամսի 14-ի երեկոյան (ի սկզբանե ուզում էի հասնել Գորի): Իսկ մյուս օրվա առավոտյան ժամը 8֊ին գնացքով մտա Թբիլիսի:

Թբիլիսի մտնելով, առաջին հերթին նկատեցի երկու ռուսական ՍՈԻ-25 գրոհային ինքնաթիռներ, որոնք այնքան հանգիստ էին թռչում քաղաքի վրայով, կարծես զորավարժություններ կատարեին: Ոչ մի միջոց չէր ձեռնարկվում ինքնաթիռների դեմ: Սրանք էլ, մի երկու պտույտ տալուց հետո, ամեն մեկը մի ռումբ գցեց (ինչպես հետո պարզվեց՝ ավիաշինական գործարանի վրա) եւ հեռացավ: Ժամը 9֊ին ստացվեց տեղեկություն, որ ռուսները հրետակոծում են Կասպի քաղաքը (Թբիլիսիի եւ Գորիի արանքում), եւ ես առանց երկմտելու երթուղայինով մեկնեցի Կասպի: Ժամը 10-ին հասնելով Կասպի, տեսա մի աննախանձելի տեսարան՝ կիսաքանդ տներ, վիրավորներ, հրդեհ (ծխի ու փոշու մասին էլ չեմ ասում): Տեղացիներն ասացին, որ հրետակոծությունը ավարտվել է մոտ 40 րոպե առաջ:

Հասկանալով, որ այստեղ այլեւս անելիք չունեմ, քայլեցի դեպի Թբիլիսի-Գորի ավտոմայրուղին, որը Կասպիից գտնվում է մոտ 3 կմ հեռավորության վրա:

Այստեղ արկածը ինձ չստիպեց սպասել. մոտ 2-3 րոպեից ինձ մոտեցավ մի «կիսա JEEP» մեքենա, որից իջավ մեկն ու ներկայացավ որպես Վրաստանի Մցխեթա նահանգի հակահետախուզության վարչության պետի տեղակալ՝ Գեորգի անունով: Նա սկսեց ինձ հարցուփորձ անել՝ թե ո՞վ եմ, ի՞նչ եմ անում ռազմաճակատում եւ այլն: Բացօթյա հարցաքննության մոտ 20֊րդ րոպեին 1 կմ հեռավորության վրա նկատեցինք մեր ուղղությամբ «շախով-շուխով», օդ կրակելով շարժվող շուրջ 10 «վիլիսներով» զինվորականների, առանց որեւէ բանակի տարբերակման նշանի կամ դրոշի։ Տեսնելով այս անկրկնելի տեսարանը, Գեորգին ասաց, որ իր մոտ կա AK-74 ավտոմատ, որի համար սրանք իրեն տեղում կգնդակահարեն (ձեռքի հետ՝ կարող է ինձ էլ): Նստեցինք նրա մեքենան եւ արագ փախանք Մցխեթա քաղաքը (Թբիլիսից 15 կիլոմետրի վրա): Սկզբում «վիլիսներից» երկուսը շարժվեցին մեր ետեւից, հետո փոշմանեցին, եւ մնացածների հետ գնացին- կանգնեցին երկաթուղային գծերի վրա (բառիս բուն իմաստով): Գեորգին բացատրեց, որ նրանք կազակներ էին, որոնք, ըստ երեւույթին, փակեցին երկաթգիծը:

Երբ հասանք Մցխեթայի ոստիկանության շենքի մոտ, նա հայտարարեց, որ իմ հետ դեռ պարզելու բաներ ունի: Մեկ-մեկուկես ժամվա հարցաքննության ընթացքում ես իրեն համոզեցի, որ ազատ լրագրող եմ (դե, հո չէի ասելու, որ էքստրեմալ տուրիստ եմ) եւ որ «Ա1+»-ի բլոգում գրածս մեկնաբանությունները հոդվածներս են (մտավ ինտերնետ, նայեց, ստուգեց): Բացի այդ՝ հասկացա, որ Գեորգին բավականին կարգին մարդ է: Նա ինձ ասաց, որ բացի Բաքվից ու Երեւանից, այլ տեղ գնացք չի գնում՝ ռուսների կողմից երկաթգծերը փակելու պատճառով, հետո ճանապարհեց մինչեւ Մցխեթայի ավտոկայան, որտեղից մեկնեցի Թբիլիսի:

Ասեմ, որ Թբիլիսիում իրավիճակը այնքան հանգիստ էր, որ եթե փողոցներում չտեսնեի մեկ-մեկ հանդիպող զինված կամավորների, ապա կկարծեի, որ ռուսները երկրի հակառակ կողմում են, բայց հասկացա մի պարզ բան. դեմոկրատիայի համը առած վրաց ժողովուրդը պայքարելու է, ինչպես իրենք են ասում՝ «ռուս օկուպանտների» դեմ:

Թբիլիսիով թափառելիս նկատեցի մի դպրոց, որտեղ տարօրինակ մարդիկ էին ներս ու դուրս անում: Մտա ու պարզեցի, որ այդ դպրոցում 2500 վրացի փախստական է «ապրում»։ Այդ մարդկանցից մի քանիսի հետ խոսելիս հասկացա, որ իրենք արդեն գոյություն չունեցող Գորի քաղաքից են։ Այս մարդիկ գտնվում էին օրհասական վիճակում՝ քնում էին հենց հատակին:

Փախստականներով լի դպրոցից ես գնացի ՀՀ դեսպանատուն, որն ինձ՝ որպես պատերազմող երկրում գտնվող ՀՀ քաղաքացու, պետության հաշվին ուղարկեր Երեւան (համաձայն ՀՀ ԱԳՆ նախարարի հրամանի)… Դեսպանի կողմից մերժվելուց եւ իր հետ այդ առիթով «կռիվ» անելուց հետո (ժամը 15.20-ին) հիշեցի, որ Թբիլիսի֊Երեւան գնացքը մեկնում է 15.40-ին։ Տասը րոպեում վազքով հասա կայարան, որտեղ տոմսավաճառ մի աղջիկ ինձ ասաց, որ այսօրվա տոմս այլեւս չի վաճառվում:Դեսպանի վրա չթափած կատաղությունս սկսեցի թափել խեղճ աղջկա գլխին: Այդ պահին ինձ մոտեցան երեք ադրբեջանցիներ, որոնք, ըստ երեւույթին, ծանոթ էին տոմսավաճառին: Պարզելով ինչն ինչոց է, նրանցից մեկն աղջկան «ծանոթի կարգով» խնդրեց ինձ տոմս վաճառել, ինչն աղջիկը միանգամից արեց:

Ադրբեջանցիների հետ մեր երկրների միջեւ խաղաղության ցանկությունների փոխանակումից հետո վազեցի եւ ցատկեցի գնացքի վրա, որը համարյա անմիջապես ճամփա ընկավ:

Եթե երբեւիցե գնացքով Վրաստան գնացել եք, ապա կիմանաք, որ սահմանի Սադախլո անցակետում գնացքը 1-2 ժամ կանգնում է: Բացառություն չէր նաեւ այդ օրը: Ես որոշեցի այդ ժամերը չկորցնել եւ փորձեցի ուղեւորների եւ անցակետի աշխատող վրացիների հետ զրուցելով հասկանալ նրանց կարծիքը տեղի ունեցածի վերաբերյալ:Հետաքրքիրն այն էր, որ վրացիները չէին բողոքում, որ 200.000 փախստական ունեն, չէին բողոքում, որ բազմաթիվ զոհեր ունեն, նաեւ գրեթե չէին բողոքում, որ իրենց երկրի մի մասը դե-ֆակտո օկուպացված է, նույնիսկ համարյա չէին բողոքում, որ Ռուսաստանը իրենց լեգիտիմ, բայց, ինչպես իրենցից մեկն ասաց՝ «ոչ ադեկվատ» նախագահի հրաժարականն է ուզում, այլ բողոքում էին, որ իրենց՝ վրացիներին ցեղասպան են անվանում եւ նույնիսկ խնդրում էին ինձ, որ վերադառնալով Հայաստան՝ բոլորին պատմեմ, որ վրացիք ցեղասպան ժողովուրդ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել