Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՊԵՏՔ Է ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ

Օգոստոս 21,2008 00:00

«Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահը

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ա1+»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է վրաց-օսեթական պատերազմին առնչվող հարցերին: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:

– Պարոն նախագահ, կարծես թե ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը:

– Չեմ կարող չհամաձայնել Ձեր դիտարկմանը, բայց կուզեի այդ առթիվ կատարել մեկ հստակեցում. պատերազմը վրաց-օսեթական էր, եւ միայն հետո էր, որ այն վերածվեց ռուս-վրացականի:

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ նախահարձակը Վրաստա՞նն էր, եւ Ռուսաստանը հարկադրաբա՞ր ներքաշվեց պատերազմի մեջ:

– Ես ոչինչ չեմ ուզում ասել, այլ ընդամենը արձանագրում եմ ակնհայտ փաստերը: Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը՝ նպատակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսեթիայի Հանրապետությունը: Ոչ ոք չի կարող վիճարկել նաեւ, որ Ռուսաստանն իր վճռական միջամտությամբ հարավ-օսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից: Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա:

– Շատերը, ընդունելով հանդերձ Ռուսաստանի միջամտության հիմնավորվածությունը, միաժամանակ պնդում են, որ նրա պատասխանը համարժեք չէր:

– Պատմության մեջ ես չգիտեմ դեպք, երբ հզորների պատասխանը համարժեք է եղել իրենց դեմ կատարված որեւէ ոտնձգության։ Կարեւորն, ինչպես ասացի, այն է, որ Ռուսաստանը, անկախ նրա պատասխանի համարժեք լինելու կամ չլինելու պարագայից, կանխեց հարավ-օսեթական ժողովրդին սպառնացող ցեղասպանությունը։

– Վրաց-օսեթական պատերազմը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ մյուս չլուծված էթնիկական հակամարտությունների վրա:

– Անտարակույս: Սակայն, ցավոք սրտի, ոչ թե այդ խնդիրների կարգավորման հեշտացման, այլ բարդացման ու երկարաձգման առումով: Պատերազմը մեկ անգամ եւս վերհանեց միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման նկատմամբ գերտերությունների դրսեւորած հակասական մոտեցումը: Մինչեւ աշխարհը չհրաժարվի այս հարցում երկակի ստանդարտների կիրառման պրակտիկայից կամ չգտնի նշված սկզբունքների ներդաշնակեցման բանալին, անհնար է պատկերացնել ազգամիջյան հակամարտությունների արագ լուծումը:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի կառավարությունն ինչպե՞ս պետք է արձագանքեր պատերազմին եւ ի՞նչ քայլեր ձեռնարկեր ստեղծված իրավիճակում:

– Եթե Դուք նկատի ունեք պաշտոնական կամ դիվանագիտական արձագանքը, ապա դրական չեզոքությունը, թերեւս, այն առավելագույնն էր, որ Հայաստանի կառավարությունը կարող էր դրսեւորել երկու բարեկամ պետությունների միջեւ ծագած ռազմական հակամարտության նկատմամբ: Այս առումով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից դժգոհելու հիմքեր չկան: Իսկ գործնականում Հայաստանի կառավարության կողմից պետք է արվեն եւ մասամբ արվում են իրավիճակից բխող որոշ քայլեր՝ մարդասիրական օգնության ցուցաբերում թե՛ օսեթական, թե՛ վրացական կողմերին, կանոնավոր բեռնափոխադրումների իրականացում ավտոշարասյուների միջոցով, մասնակցություն Փոթիի նավահանգստի վերագործարկման եւ Կասպիի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքներին եւ այլն: Սակայն «համապատասխան եզրակացություններ» ասելով՝ նույնիսկ այս ամենը չէ, որ ես նկատի ունեի, այլ շատ ավելի էական պահեր, մասնավորապես՝ պատերազմից քաղելիք մեր դասերը:

– Ի՞նչ դասերի մասին է խոսքը:

– Առաջին՝ Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, թե ինչպիսի չարիք է մեր երկրի շրջափակումը եւ նրա միակողմանի կախվածությունը միայն մեկ հարեւանից: Դա պետք է նրանց ստիպի իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Երկրորդ՝ արկածախնդրությունը մեծագույն վտանգ է փոքր պետությունների համար, որովհետեւ դրա ամենահավանական հետեւանքը ազգային աղետն է: Փոքր պետություններն այդպիսի սխալներ գործելու իրավունք չունենP: Նման շռայլություն թույլատրված է միայն աշխարհի հզորներին, քանի որ նրանց սխալներից սովորաբար տուժում են ոչ թե իրենք, այլ միեւնույն է՝ փոքրերը: Եվ երրորդ՝ փոքր պետությունները պետք է մեկ անգամ ընդմիշտ հրաժարվեն երրորդ ուժի ապավինելու կործանարար քաղաքականությունից եւ փորձեն իրենց հարցերը լուծել սեփական միջոցներով ու կարողություններով՝ չխախտելով միջազգային իրավունքի ընդունված կանոնները եւ ժողովուրդների համակեցության նորմերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել