Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» ինքնաթիռները չեն հերիքում

Օգոստոս 21,2008 00:00

Գրեթե յուրաքանչյուր թռիչքից առաջ «Արմավիայի» ուղեւորները ստիպված են լինում 3 եւ ավելի ժամ օդանավակայանում սպասել:

Հատկապես վերջին 1-2 ամիսներին «Արմավիա» ընկերությունն անընդհատ ավելացնում է չվերթների քանակը: Շաբաթական ընդամենը 1, լավագույն դեպքում 2 չվերթի փոխարեն, ընկերությունն այսօր մի ուղղությամբ արդեն 4-5 չվերթ է իրականացնում: Մասնավորապես՝ ավելացել են չվերթները դեպի Մոսկվա, Կրասնոդար, Սամարա, Մինվոդի, Ստավրոպոլ եւ այլ ուղղություններով: Այս ամենը, ըստ «Արմավիայի» պատասխանատուների, արվում է ուղեւորների շահերից ու հարմարավետությունից ելնելով, որպեսզի ամառվա ամիսներին հանգստի մեկնողների թվի աճին զուգահեռ, իրենք կարողանան բավարարել ուղեւորների պահանջարկը: Սակայն պարզվում է, որ չվերթների ավելացումը ոչ թե արվել է հօգուտ ուղեւորների, այլ հակառակը՝ խիստ վնասում ու նյարդայնացնում է նրանց: «Առավոտին» դիմած ուղեւորների հավաստմամբ, իրենք ստիպված են լինում թռիչքից առաջ ժամերով սպասել «Արմավիայի» ինքնաթիռներին, քանի որ ուշացումները տեւում են 6, 7 ու մինչեւ անգամ 11 ժամ:

Օգոստոսի 17-ին էլ Երեւանից Մոսկվա մեկնող 516 չվերթը հետաձգվել է 3 ժամով: Ինչպես «Առավոտին» պատմեց «Արմավիայից» տուժածներից Աիդա Սուքիասյանը, ուշացումներն այս ընկերության համար արդեն սովորական են դարձել. «Մենք մեր բարեկամին 3 անչափահաս երեխաների հետ ճանապարհում էինք Մոսկվա: Նրանք պետք է մեկնեին, որ երեխաները սեպտեմբերի 1-ին դասի գնան: Նրանց եւ այլ ուղեւորների օդանավակայանի աշխատակիցները հրավիրեցին գրանցվելու, դրանից հետո ուղեւորներն անցան ներս՝ թռիչքասրահ, որտեղից էլ պետք է տեղավորվեին ինքնաթիռում: Մենք էլ մտածեցինք, որ շուտով արդեն կմեկնեն, նստեցինք մեքենան ու վերադարձանք տուն: Մեկ ժամ անց զանգահարեցինք օդանավակայանի տեղեկատու՝ իմանալու, թե որ ժամին է թռել ինքնաթիռը: Սակայն տեղեկատուից հայտնեցին, որ 516 չվերթը դեռ չի մեկնել, քանի որ այդ չվերթն իրականացնող ինքնաթիռը նախորդ թռիչքից չի վերադարձել: Ինչպե՞ս կարելի է այսքան անպատասխանատու լինել: Եթե ինքնաթիռ չկար, ինչո՞ւ մարդկանց գրանցման կանչեցին ու տարան թռիչքասրահ: Երեխաները 3, 9 եւ 13 տարեկան են, ինչպե՞ս այդքան ժամանակ պետք է առանց հաց ու ջուր մնային»: Ա. Սուքիասյանին հատկապես զայրացրել էր այն, որ օդանավակայանի աշխատակիցներն ինքնաթիռի ուշացման վերաբերյալ իր հարցերին շատ անտարբեր են պատասխանել, իբրեւ թե ամեն ինչ նորմալ է ու հենց այդպես էլ պիտի լիներ: Ըստ Ա. Սուքիասյանի, «Արմավիայի» պատասխանատուները խիստ անտարբեր են իրենց ուղեւորների նկատմամբ եւ արհամարհում են մարդկանց ամենատարրական իրավունքները»:

Այս առնչությամբ «Առավոտի» հարցին «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան պարզաբանեց, որ վերջին մեկ շաբաթում իրենք թռիչքների հետ կապված ոչ մի ուշացում չեն ունեցել: Նրա խոսքերով. «Եղել է նման միայն մեկ դեպք, այն էլ օգոստոսի սկզբին՝ կապված «ՅԱԿ 45» օդանավի հետ, որը բարձր ջերմաստիճանի պատճառով տեխնիկապես չի կարողացել չվերթ կատարել»: Ն. Ավետիսովայի ներկայացմամբ, իրենք ուշացումների ժամանակ ուղեւորներին ապահովել են կերակուրով եւ անհրաժեշտ բոլոր պարագաներով, ու մարդիկ իրենցից միշտ գոհ ու շնորհակալ են լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել