Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ

Օգոստոս 21,2008 00:00

ՁԻԱՀ-ով վարակված տասնյակ հիվանդներ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ նրանց համար նախատեսված հակառետրովիրուսային դեղորայքն այլեւս Հայաստան չի ներկրվելու:

ՁԻԱՀ-ով ապրող հայ հիվանդներին, 2003-ից մինչ 2008-ի հունիսը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում, հակառետրովիրուսային դեղորայքը տրամադրում էր «Գլոբալ հիմնադրամը»: Այս տարի մեր երկրի կողմից ներկայացրած նոր ծրագիրն այս հիմնադրամն այլեւս չի ֆինանսավորելու: ՁԻԱՀ-ով ապրողները կառավարությունից էլ են հույսները կտրել, քանի որ մի քանի անգամ դիմել են համապատասխան մարմիններին եւ ոչ մի կոնկրետ պատասխան չեն ստացել: Մինչ ոլորտի պատասխանատուները մտածում են, թե նման հիվանդներին օգնելու համար որտեղից ֆինանսներ հայթայթեն, ՁԻԱՀ-ով ապրողների կյանքն օր օրի կրճատվում է: Բժիշկների հավաստմամբ՝ միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ հակառետրովիրուսային դեղորայքն ընդունելով՝ նրանց կյանքը մոտ 40 տարով երկարում է: Ընդ որում, նրանց իմունային համակարգը կայունանում է եւ հասարակության լիարժեք անդամ են դառնում, այսինքն՝ կարող են աշխատել, ընտանիք կազմել ու անգամ առողջ երեխա ունենալ:

«Առավոտի» հետ զրույցում այդ դեղորայքն ընդունող 28-ամյա Հասմիկ Մկրտումյանը պատմեց, որ հիվանդության հայտնաբերումից հետո, երբ սկսեց հակառետրովիրուսային պրեպարատն ընդունել, այնքան կազդուրվեց, որ իր թոքերը բուժող բժիշկներն անգամ չէին հավատում նման արդյունքի. «Բոլորը զարմացած էին, որ իմ ոտքով գնացել եմ հիվանդանոց: Այդ նույն բժիշկներն ինձ 3 ամսվա կյանք էին տվել, իսկ հակառետրովիրուսային պրեպարատը հրաշք գործեց ու դրա շնորհիվ ես նորմալ ապրում եմ, նույնիսկ ինձ շատ լավ եմ զգում, պարզապես ճիշտ ժամին ընդունում են դեղը, իսկ դա այնքան սովորական է դարձել, որ կարծես ծարավում եմ՝ ջուր եմ խմում, կամ քաղցած եմ՝ հաց եմ ուտում»:

«Գլոբալ հիմնադրամի» ֆինանսավորմամբ այսօր մոտ 86 հիվանդ է բուժվում, եւ ծրագիրն ավարտվելուց հետո թեեւ հիմնադրամը բանավոր խոստացել է այդ նույն մարդկանց դեղորայքով ապահովել, սակայն ըստ հիվանդների՝ «որեւէ երաշխիք չկա, կարող է հիմնադրամը մի օր առհասարակ դադարեցնի իր օգնությունը»: Փաստորեն, ՁԻԱՀ-ի նոր դեպքեր բացահայտվելուց հետո, այդ մարդիկ կմնան կամ «արմենիկումի» հույսին, կամ՝ բախտի քմահաճույքին: Հ. Մկրտումյանի խոսքերով. «Իմ ամուսինն այսօր հակառետրովիրուսայինի կարիք ունի, ու մենք ամեն օր սպասում ենք, թե մեր հարցը ոնց կլուծվի՝ կօգնի՞ մեզ պետությունը, թե՞ ոչ: Մեր շատ ընկերներ, որոնք ընդունել են «արմենիկում», շատ կարճ ժամանակ անց մահացել են: Մենք չենք ուզում «արմենիկում» ընդունել: Այն ֆինանսները, որ պետությունն ուղղում է «արմենիկումին», թող հակառետրովիրուսային դեղորայք ձեռք բերի, քանի որ ապացուցված է, որ այդ դեղը պարզապես հրաշքներ է գործում»:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Հովհաննես Մադոյանի ներկայացմամբ՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողները պետական աջակցություն են ստանում. «Մեզ մոտ հակառակն է, բացի այն, որ ֆինանսապես չեն օգնում, անգամ չեն էլ ուզում հրապարակավ այս խնդրի մասին խոսել: Երբ պետք է լինում որեւէ դոնորից փող պոկել, բարձրաձայնում են, որ մեզ մոտ այդ խնդիրն ակտուալ է, իսկ երբ մենք ենք դիմում, ասում են՝ Հայաստանում նման խնդիր չկա: Մեր երկրի նախագահը հայտարարում է, որ սոցիալական պետություն ենք, սակայն կան խավեր, որոնք լրիվ անտեսված են պետության կողմից»: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ կառավարությունից խնդրում են, որ իրենց գոնե մասնակի ֆինանսավորեն. «Գոնե թող մեր դեղորայքի ընդհանուր արժեքի կեսը պետությունը տրամադրի կամ որեւէ բարեգործական կազմակերպություն գտնի, որը մեզ կօգնի»:

Այս առնչությամբ «Առավոտի» հարցին առողջապահության նախարարությունից հավաստիացրին, որ նախարարությունը ուղիներ է փնտրում, որպեսզի նման մարդկանց բուժում տրամադրվի:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Գլոբալ հիմնադրամին» մի քանի ծրագրեր է ուղարկվել եւ միջոցներ են ձեռնարկում նոր ֆինանսավորում ստանալու համար. «Մենք մինչեւ դեկտեմբեր երկարաձգել ենք այս տարվա ծրագիրը»: Հակառետրովիրուսային դեղորայքի դեֆիցիտի առնչությամբ Ս. Գրիգորյանը հաստատեց, որ վերջերս հայտնաբերված նոր հիվանդներին այն չեն կարող տրամադրել. «Պահեստներում եղածը պետք է տրվի մարդկանց, ովքեր բուժման փուլում են, քանի որ նրանց բուժումը ընդհատել չի կարելի: Սակայն արդեն հոկտեմբերի վերջին դեղորայքի նոր քանակը տեղ կհասնի եւ մի քանի նոր հիվանդներ կստանան այդ դեղը»:

Ըստ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանի, յուրաքանչյուր հիվանդի, դեղորայքի համար տարեկան մոտ $2000 է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել