Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՐԱԶԵՆ ՉԻ՞ ԿԻՐԱՌՎԵԼ

Օգոստոս 21,2008 00:00

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մարտի 5-ին ճեպազրույցում հայտարարել էր. «Ձեռք բերված ապացույցներով մենք կարող ենք վստահաբար ասել, որ մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերը հանրապետության իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը վերականգնելու եւ սահմանադրական կարգը պահպանելու համար ձեռնարկված միջոցառումների ընթացքում ցուցարարների ուղղությամբ որեւէ կրակոց չի արձակվել, հրազեն իրավապահ մարմինների կողմից չի օգտագործվել»: Սակայն «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն անցած ամիս հայտարարեց, թե «պարզվել է այն անձանց ինքնությունը, որոնց կողմից մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հրազեն է կիրառվել»: «Առավոտի» խնդրանքով պարզաբանելով այս երկու պնդումների միջեւ հակասությունը՝ Սոնա Տռուզյանն ասաց. «Հիմնվելով նախաքննության ունեցած տվյալների վրա՝ մարտի 5-ին տեղեկացրել ենք, որ ըստ դրանց՝ ցուցարարների ուղղությամբ իրավապահները չեն կրակել, մարտական հրազեն չի օգտագործվել: Նախաքննությամբ այսօրվա դրությամբ ձեռք բերված տվյալները նույնպես վկայում են, որ մարտական զենք ցուցարարների նկատմամբ չի կիրառվել»:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակը նշեց, թե ոստիկանության ձեռնարկած քայլերի, գործադրած միջոցների օրինականության ու համաչափության իրավական գնահատականը կտա նախաքննական մարմինը՝ հիմնվելով ձեռք բերված ապացույցների վրա. «Ընդ որում՝ քննչական խմբի առջեւ խնդիր է դրվել պարզել ինչպես ընդհանրապես ոստիկանության, այնպես էլ առանձին ոստիկանների գործողությունների օրինաչափությունը: Փաստ է, որ քաղաքացիական անձանցից 3-ը մահացել են ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցներից ստացած մարմնական վնասվածքներից: Ակնհայտ է նաեւ, որ անկարգությունների ժամանակ օգտագործվել են պայթուցիկ նյութեր եւ հրազեն, որի հետեւանքով գրանցվել են մնացած 7 զոհերը: Ընդ որում՝ պայթուցիկ նյութերի կիրառման փաստն արտացոլված է ընդհուպ ինտերնետում տեղադրված տեսագրություններում: Նախաքննական մարմինը միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու, պարզելու բոլոր նրանց, ովքեր օգտագործել են հրազեն, պայթուցիկ նյութեր: Ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա նախաքննական մարմինը պարզել է, թե մարտի 1-ին ծառայություն իրականացրած ո՛ր ոստիկաններն են ունեցել ամրակցված զենք, իսկ թե արդյոք դրանց միջոցով կատարվե՞լ է հանցագործություն՝ կպարզի քննությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել