Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ազնիվ լրագրողներին չեն կարող խանգարել»

Օգոստոս 21,2008 00:00

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր գործադիր խմբագիր Ջոն Օ՛Սուլիվանը, որն այս օրերին Երեւանում է, երեկ «Առավոտին» տված հարցազրույցում, անդրադառնալով երկուշաբթի երեկոյան Երեւանի կենտրոնում ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ տեղի ունեցած բռնարարքին, հայտարարեց. «Ես սարսափած եմ իմ գործընկերոջ վրա տեղի ունեցած հարձակմամբ: Ես չգիտեմ, թե ով է դա արել, բայց ուզում եմ, որ ոստիկանությունը հետաքննի այս դեպքը: Ես ուրախ եմ, որ ՀՀ նախագահը նման հետաքննություն սկսելու մտադրություն ունի: Անցած ամիսներին էլի հարձակումներ են եղել լրագրողների վրա, բայց այս հարձակումները չեն կարող խանգարել ազնիվ լրագրողներին՝ ասելու ճշմարտությունը: Հայաստանը բախտավոր է, որ այսպիսի լրագրողներ ունի, որոնք կարող են քաջաբար դիմակայել այս հարձակումներին»:

Նկատի ունենալով, որ մինչ օրս լրագրողների դեմ կատարված ոտնձգությունների համար դեռեւս ոչ ոք չի պատժվել, պարոն Օ՛ Սուլիվանին հարցրինք՝ կարծում է, որ «Ազատություն» ռ/կ-ն այն առանձնահատուկ լրատվամիջո՞ցն է, որի լրագրողին ծեծի ենթարկողին բացահայտելու հարցում հայաստանյան իրավապահներն ավելի շահագրգիռ կլինեն մեղավորին բացահայտելու համար: Մեր այս հարցին ի պատասխան՝ ռ/կ-ի գլխավոր գործադիր տնօրենն ասաց. «Ես ափսոսանք եմ հայտնում, որ նախորդ դեպքերը այսպիսի եռանդով չեն հետաքննվել: Ես հույս ունեմ, որ այս դեպքի հետաքննությունը կարող է նախադեպ դառնալ, որպեսզի մյուս բոլոր դեպքերն էլ հետաքննվեն եւ մեղավորները պատժվեն: Եվ եթե «Ազատություն» ռ/կ-ն այն դեպքն է, որի պարագայում կպարզվեն մեղավորներն ու հարձակման պատճառը, ապա ես միայն հպարտ եմ դրա համար»:

«Ազատություն» ռ/կ-ի եւ նրա թղթակիցների դեմ ոտնձգությունների «հարուստ փորձ» ունեն հատկապես միջինասիական երկրները, որտեղ ռադիոկայանի թղթակից է դատապարտվել կամ անգամ ռ/կ-ն է փակվել: Արդյոք այդ երկրներում եւ ԵԽ անդամ Հայաստանում առկա ազատությունները, այդ թվում՝ խոսքի, հավասար հարթությունում կարելի՞ է դիտարկել. «Ես չեմ կարծում, որ նման համեմատություն կարող եմ անել: Գլխավոր հարցն այն է, թե՝ արդյոք այս երկրները գնո՞ւմ են դեպի ժողովրդավարություն, թե՞ հեռանում են ժողովրդավարությունից: Միջին Ասիայում որոշ երկրներ, օրինակ՝ Ուզբեկստանը, հեռանում են ժողովրդավարությունից եւ գնում են դեպի բռնապետություն: Հայաստանը լուրջ քաղաքական խնդիրներ եւ երկփեղկված հասարակություն ունի, բայց անկախ թերթերի գոյությունը եւ այն փաստը, որ «Ազատություն» ռ/կ-ն գործում է այստեղ, ինձ հույս է տալիս, որ Հայաստանը կարող է գնալ դեպի ժողովրդավարություն»:

«Ես, ի պաշտոնե, կոմերցիոն շփումներին տեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ մենք, ինչ ձեւով էլ որ դա լինի, շարունակելու ենք մեր հեռարձակումները ՀՀ-ում: Թեեւ Հայաստանում երկփեղկվածություն կա, բայց կա մեծ ցանկություն՝ մնալ ազատ եւ դառնալ ավելի ազատ»,- նկատեց Ջոն Օ՛Սուլիվանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ռ/կ-ի հեռարձակման հնարավոր սահմանափակմանը առնչվող հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել