Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒղղված է ստվերային տնտեսության սահմանափակմանը

Օգոստոս 21,2008 00:00

Կառավարության ներկայացրած հարկային փաթեթն ուղղված է տնտեսության բարեշրջությանը

Նախորդ օրը, երբ խորհրդարանը քննարկում էր հարկային դաշտի բարեփոխման հսկայական փաթեթը, որի մեջ ընդգրկված է 17 օրինագիծ, ԱԺ դարպասների մոտ էին հավաքվել տոնավաճառների, առեւտրի կետերի եւ այլ օբյեկտների փոքր ու միջին առեւտրականներ ու պահանջում էին վերանայել որոշ հարցեր: Երեկ, երբ պատգամավորները սկսեցին քննարկել Սեւանի հարցը, խորհրդարանի դարպասների մոտ որեւէ մեկը չկար. հատուկենտ մարդիկ եկել, ցուցապաստառներ էին փակցրել եւ հեռացել:

Երեկ խորհրդարանը շարունակեց նաեւ հարկային փաթեթի քննարկումները, եւ արդեն եզրափակիչ ելույթներում անգամ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները ոչ թե ուղղակի մերժում էին հարկային բարեփոխումների փաթեթում ներկայացված փոփոխությունները, այլ առաջարկություններ էին անում, որոնց ընդունման դեպքում, իրենց կարծիքով, փաթեթն ավելի ամբողջական կդառնա: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ. «Օրենսդրական փաթեթը վերաբերում է մեր տնտեսության եւ ներկայումս արդեն նաեւ քաղաքական համակարգի ամենասուր հարցադրումներին: Ինչպես պարոն Չիլինգարյանը նշեց, ով իմ կողմից հարգված անձնավորություն է՝ ե՛ւ որպես պրոֆեսիոնալ, ե՛ւ որպես մարդ, այո, կարգուկանոնի հաստատումը կարեւոր, է եւ, կարծում եմ, բոլորն են աջակից կարգուկանոնի հաստատմանը: Բարեշրջություն իրականացնելն անհրաժեշտ է, եւ որեւէ մեկը չի կարող հակառակն ասել: Տնտեսության ստվերայնության դեմ պայքարը միանշանակ պետք է, եւ պետք է արդարացիորեն նշել, որ այս նախագծերը նաեւ ուղղված են ստվերային տնտեսության որոշակի սահմանափակմանը»: Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ, «սա պոպուլյար փաթեթ չէ» եւ պահանջում է ոչ միայն քաջություն՝ ասելու, որ այս բարեփոխումը լինելու է ցավոտ, այլեւ՝ պետք է ներկայացվեր քաղաքակիրթ առեւտրի իրականացմանը միտված քայլերը:

«Ժառանգության» տեսակետը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանը որոշ հարցեր հնչեցրեց՝ ներկայացված փաթեթը արդյոք անցե՞լ է հասարակական քննարկման ճանապարհով, աղքատության հաղթահարումը այս օրինագծով հնարավո՞ր է իրականացնել, արդյոք տնտեսվարող սուբյեկտներն իրենց կարո՞ղ են ավելի ապահով զգալ: Եզրակացությունն այս է. «Հարկային դաշտ պետք է մտնեն բոլորը, բայց առաջին հերթին՝ խոշոր տնտեսվարող սուբյեկտները»:

ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը հայտարարեց, որ ներկայացված փաթեթը բխում է կառավարության ծրագրից, որն ԱԺ-ն հաստատել է. «Հուսով ենք, որ այս տարի կամ ապագա ամիսներին, ըստ ծրագրի, կներկայացվի հարկային ընդհանուր մայր օրենքը»: Ըստ պարոն Կարապետյանի, օրինագիծն ընդունվելու դեպքում օրենքի դաշտ կբերվի այն գործունեությունը, որը մինչ այսօր կանոնակարգված չէ. «Այսինքն՝ գործունեությունը ստվերից բերվում է իրավական, օրինական դաշտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել