Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ

Օգոստոս 21,2008 00:00

Ասում է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը

«Փաստաբանների պալատում կա շուրջ 800 գրանցված փաստաբան: 800-ից մոտ 180-ն են զբաղվում քրեական գործերով: Բայց մի օրինակ բերեմ՝ քաղկալանավոր Լեւիկ Խաչատրյանն իր ձերբակալության առաջին օրերի ընթացքում դիմել է 17 փաստաբանի, եւ նրանք բոլորը հրաժարվել են պաշտպանել իրեն: Այդ 17-ի մեջ եղել են Լեւիկ Խաչատրյանի ծանոթները, ընկերները, մարդիկ, որոնց հետ նախկինում շփվել է, համագործակցել: Սակայն նրանց հրաժարվելու հետեւանքով ընտրել է ոչ թե իր ուզած փաստաբանին, այլ այն մարդուն, որն ընդամենը համաձայնել է պաշտպանել»,- մեր զրույցի ընթացքում պատմեց Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Նկատեցինք, թե փաստաբանները սովորաբար նախընտրում են չներգրավվել քաղաքական հնչեղություն ունեցող գործերում՝ հնարավոր տհաճություններից զերծ մնալու համար, ու հետաքրքրվեցինք, թե գուցե այս դեպքում է՞լ է սա դեր խաղացել, թե՞ այլ պատճառներ կան: «Միայն դա է,- արձագանքեց Արմեն Խաչատրյանը:- Այն փաստաբանները, որոնք համագործակցեցին մեզ հետ՝ բոլորը միաբերան պնդել են, թե ֆինանսական մասը երկրորդական է: Շատ դեպքերում պաշտպանել են անվճար կամ ինքնարժեքից բավական ցածր գնով: Այսինքն՝ այստեղ նյութական հարցը երկրորդային, երրորդային է: Հրաժարվելու միայն մի պատճառ կար՝ վախը, որ կարող են տհաճություններ ունենալ, կամ նրանց հստակ զգուշացվել է՝ չպաշտպանել քաղաքական գործերը»: Մեր հարցին, թե այդ զգուշացումները եղել են ի սկզբանե՞, թե՞ միայն վերջին շրջանում՝ նա պատասխանեց. «Ի սկզբանե էլ շատ փաստաբաններ, որոնց դիմել էինք՝ պատմել են, թե իրենց ասել են՝ չփորձե՛ք պաշտպանել: Նման զգուշացում արեց անգամ Ռոբերտ Քոչարյանը, երբ հրապարակային ելույթում հայտարարեց, թե այս գործով մարդկանց պաշտպանողները շուտով խորը հիասթափություն են ապրելու: Ու վերջին ամսվա ընթացքում զգացվեցին ճնշումներ այն փաստաբանների նկատմամբ, ովքեր ի վերջո որոշել էին պաշտպանել քաղբանտարկյալներին»: Առայժմ անուններ չտալով՝ մեր զրուցակիցը որպես իր պնդումների ապացույց նշեց երկու օրինակ. «Մի փաստաբանի ներքաշել են տնտեսական վեճի մեջ: Նաեւ ձերբակալել են մեկ այլ փաստաբանի մերձավոր ազգականին: Եվ նա ստանձնել է իր ազգականի պաշտպանությունը՝ հենց այս համատեքստում է դիտարկում գործը եւ քննության ընթացքում կապացուցի, որ սա ոչ թե կատարված հանցագործության հանդեպ օրինական վերաբերմունք էր, այլ իր անձի դեմ ուղղված հերթական ճնշումներից մեկը»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում, որ հենց վերջին ամսվա ընթացքում ուժգնացան ճնշումները՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ ավարտվել է դատաքննությունների առաջին փուլը, ու պարզաբանեց. «Դատաքննությունները կարող ենք բաժանել 3 փուլերի: Առաջին փուլում իշխանությունները գտան թույլ օղակը՝ խաբեության կամ գործարքի միջոցով, արագացված դատաքննություններով փորձեցին ստեղծել տպավորություն, թե այդ մարդիկ ինքնակամ ընդունել են իրենց մեղքը, եւ իրականում սրանք հանցագործներ են: Բայց մի քանի գործերով մենք արդեն ցույց տվեցինք ու ապացուցեցինք, որ գրեթե բոլոր դեպքերում խախտված է արագացված դատաքննության համար ամենակարեւորը՝ կամավորության սկզբունքը: Այսինքն՝ դատարանը ոչ թե արագացված դատաքննություններ անցկացրեց այն պատճառով, որ մարդիկ ընդունում էին իրենց մեղքը, այլ այդ մարդիկ չունեին այլ տարբերակ: Անգամ մի դեպք ունենք, որի կապակցությամբ կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու կփորձենք ապացուցել, որ տեղի է ունեցել խոշտանգում: Մարդու կյանքին վտանգ էր սպառնում, սրտի հետ կապված հիվանդություն ուներ: Եվ դատարանի դահլիճից ուղղակի տարան հիվանդանոց: Հետագայում նա ստիպված էր վիրահատվել արտերկրում: Կան բժշկական բոլոր փաստաթղթերը, որ 1-2 օր ավելի կալանքի դեպքում հնարավոր էր՝ այս մարդը զրկվեր կյանքից»: Նշենք, որ խոսքը դարձյալ Լեւիկ Խաչատրյանի մասին է:

Դատաքննությունների 2-րդ փուլում, ըստ Արմեն Խաչատրյանի՝ դատարան մտան հիմնականում ՔՕ 316 հոդվածով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ ՔՕ 225 հոդվածով («Զանգվածային անկարգություններ») հարուցված գործերը. «316 հոդվածով բոլոր գործերը հիմնահատակ ավերվեցին՝ պարզվեց, որ ոստիկանների ցուցմունքները շինծու են՝ շատ դեպքերում նրանք ընդհանրապես չեն եղել դեպքի վայրում կամ չեն մասնակցել ձերբակալությանը: Իսկ 225 հոդվածի համար հիմք ծառայեցին մարտի 1-ին արված տարբեր տեսանյութեր, որոնցում չէր երեւում, թե այդ հանցանքի մեջ մեղադրվողներից որեւէ մեկը կատարել է որեւէ գործողություն: Ուզում եմ հիշեցնել մեղադրող Կորյուն Փիլոյանի խոսքերը՝ ասված Վարդան Ղավալբաբունցի գործով դատավարության ժամանակ. պարտադիր չէ, որ տեսանյութում ինչ-որ բան երեւար. ամբողջ օրվա ընթացքում ինքը մասնակցել է զանգվածային անկարգություններին: Թեեւ որեւէ կադրում դա չէր երեւում»:

Մեր դիտարկմանը, թե այժմ կարծես միտում է նկատվում, որ ԵԽԽՎ 1620 բանաձեւի պահանջին համահունչ (կարճել այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով), կարճվեց Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ այդ՝ իշխանության յուրացման մեղադրանքը եւ նրան առաջադրվեց մեկ այլ մեղադրանք՝ 316 հոդվածով: Արմեն Խաչատրյանն առարկեց. «Ջհանգիրյանի նկատմամբ 300 հոդվածը կարճեցին, քանի որ նրանք վախենում էին: Գագիկ Ջհանգիրյանը որպես մասնագետ, պրակտիկ իրավաբան ու գիտնական՝ այն մարդն է, որը դատարանում պարզապես խայտառակ կաներ այդ մեղադրանքը՝ սկզբից մինչեւ վերջ: Գագիկ Ջհանգիրյանը նաեւ 300 հոդվածով միակ մեղադրյալն էր, որը ոչ թե յուրացրել էր իշխանությունը, այլ ընդհակառակը՝ ի՛ր իշխանությունն էին ապօրինի յուրացրել»: Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչը հայտնեց, որ 300 հոդվածով այլ քրգործերը չեն կարճվում. «Եվ շատ շուտով կհայտնվեն դատարանում: Որքան մեզ հայտնի է՝ նրանք դատարան կգնան մեկ վարույթով: Այս առումով սկսվում է շատ կարեւոր՝ դատաքննությունների 3-րդ փուլը: Այս պարագայում մեղադրյալից արդեն կվերածվենք մեղադրանքի կողմի, քանի որ այս առումով ամենալավ պաշտպանությունն այդ մարդկանց հանդեպ կատարված հանցագործությունը ներկայացնելն է»: Արմեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ այդ գործերի նախաքննությունը կավարտվի մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում մեր հարցի քննարկումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031