Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ»

Օգոստոս 21,2008 00:00

Գունավոր, «ներմուծված» հեղափոխություններից «խեր չկա». վրացական դեպքերից հետո այս եզրակացությանն են հանգել նաեւ

ոչ իշխանամետ պատգամավորները:

Որքանո՞վ են փոխկապակցված «վարդերի հեղափոխությունն» ու Վրաստան-Հարավային Օսեթիա- Ռուսաստան վերջին զարգացումները, ի՞նչ դերակատարում ուներ Արեւմուտքը (ում անմիջական ջանքերով իրականացավ Վրաստանի «գունավոր» հեղափոխությունը) Կովկասում ծավալված ցավալի իրողությունների մեջ: Երեկ «Առավոտը» փորձեց հստակեցնել այս ամենի մասին հայ պատգամավորների կարծիքը: Շատերն արտահայտեցին այն միտքը, որը եւ դարձավ այս հրապարակման վերնագիրը: Մյուսների կարծիքը որոշակի նրբերանգներ ուներ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ավետ Ադոնցի տեսակետը վրացական հեղափոխության եւ դրա հետեւանքների մասին հետեւյալն էր. «Ես ընդհանրապես դեմ եմ հեղափոխություններին: Բայց եկեք սկսենք դրականներից: Երկիրը մինչեւ ինչ-որ շրջան դարձավ ավելի կազմակերպված: Շեւարդնաձեի ժամանակ տեսնում էինք այդ երկրի անկազմակերպ լինելը: Սակայն այս ամենի հետ կային նաեւ էմոցիաներ բարձրագույն ղեկավարության մեջ, եւ այդ էմոցիաները նրանց խանգարեցին»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանին հարցրինք՝ իր կարծիքով վտանգավո՞ր են գունավոր հեղափոխությունները, եւ այն, ինչ կատարվեց Վրաստանում, արդյո՞ք այդ հեղափոխության մեղքով էր: Ըստ պատգամավորի. «Բոլոր հեղափոխություններն էլ վտանգավոր են՝ անկախ գույնից, որովհետեւ հեղափոխությունները ազգերի ճակատագրերում հանրահայտ են անորոշությամբ: Հեղափոխությունը ենթադրում է անորոշություն ազգի ապագայի նկատմամբ, եւ ոչ մի հեղափոխական դեռ չի ապացուցել, որ իր հեղափոխական լոզունգները պրակտիկայում կարողանում է իրագործել»: Հ. Հարությունյանը վստահ է, որ ցանկացած երկրի ապագան կախված է կառավարիչներից. «Եղել են կառավարիչներ, որոնք իրենց հավասարակշռված, խելացի քաղաքականությամբ, անկախ հասարակական կարգից, իրենց երկրները հասցրել են դրական հանգրվանի, եղել են կառավարիչներ, որոնք իրենց անմտածված, անհավասարակշիռ քայլերի հետեւանքով անգամ ամենածաղկուն երկիրը ավերակ են դարձրել: Այսօր որեւէ վրացի չի կարող ասել, որ իրենց այսօրվա կառավարիչներն իրենց վարած քաղաքականությամբ նպաստել են երկրի հեղինակության եւ հզորության բարձրացմանը: Փաստը դա է, հիմա ոչ մեկն աշխարհում չի կարող դրական գնահատել այն, ինչ կատարեց Վրաստանի իշխանությունը: Այսօր տեսնում ենք ավերածություններ, բազմաթիվ զոհեր, արդյունքում՝ ոչինչ, դրա համար էլ այդ հեղափոխություններնը՝ անկախ գույնից, ժողովուրդների կյանքում մեծ դրական հետեւանքներ չեն ունեցել: Ինչո՞ւ եք միայն Վրաստանից խոսում, ես այսօր դրական բան չեմ տեսնում ոչ Ուկրաինայում, ոչ Վրաստանում եւ ոչ էլ այն երկրներում, որոնց հեղափոխությունները ոչ թե օբյեկտիվ օրինաչափության հետեւանքներ են, այլ՝ դրսից ներմուծված, դրսի քաղաքական լաբորատորիաներում մշակված ծրագրերի եւ պլանների արդյունք»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւս բացասաբար խոսեց դրսից ներմուծված ժողովրդավարության մասին. «Երբ սկսվեց վրաց-օսական հակամարտությունը, ինքս իմ շրջապատին ասացի, որ տվյալ դեպքում բացասական եմ գնահատում այդ միջամտությունը ոչ միայն, որ դա կոնֆլիկտի լուծման ճանապարհ չէ, այլ որովհետեւ մի քանի կարեւոր բաների վրա կարծես թե ռումբ գցվեց: Այն է. մեր նման երկրներում այսուհետ ժողովրդավարացումը կդիտվի որպես բացասական հետեւանքներ ունեցող բան: Ես բացարձակապես չեմ կիսում այդ մոտեցումը: Այդ պատճառով էլ գտնում եմ, որ նորմալ-խաղաղ միջոցներով կարելի է կոնֆլիկտները լուծել հիմնականում իրավական եւ ժողովրդավարական պետություններում: Հայաստանը պետք է ունենա ոչ թե դրսից բերված, այլ՝ իր սեփական ժողովրդավարացման ճանապարհը դեպի իրավական պետություն, որովհետեւ միայն այդ ճանապարհով մենք կարող ենք խաղաղ տարածաշրջան ունենալ: Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, ես հասկանում եմ, որ կարող է շա՜տ հեռուն գնացող հետեւանքներ ունենալ եւ, Աստված չանի, մեր տարածաշրջանում հանգեցնի բավականին սուր զարգացումների»: Տիկին Ալավերդյանն այլ վտանգ եւս տեսնում է դրսից «ներմուծվող» ժողովրդավարացման մեջ. «Բոլորս մոռացել ենք, որ տարիներ շարունակ Վրաստանում պետական բյուջեից վարձատրվողները զուգահեռ ստացել են նաեւ օժանդակ գումար այլ տեղերից, դրսի աղբյուրներից, ես դա բացասական եւ վտանգավոր եմ գնահատում: Լավ է, վատ է՝ պետք է պետությունն իր սեփական ուժերը մոբիլիզացնելով կարողանա իր կյանքը ներսում կազմակերպել: Դրսի մութ ֆինանսավորումներին ես դեմ եմ: Ի դեպ, երբ ես վերջերս Վրաստանում էի, իրենք էլ էին այդ վտանգը զգում: Բոլորս էլ ուզում ենք հարստանալ, բայց դա պետք է լինի մեր ներքին սեփական ռեսուրսի հաշվին, որովհետեւ ոչ ոք չի կարող բացառել, որ այդ ներդրումները հեռուն գնացող նպատակներով չեն արվում, որի արդյունքը լինում են նման պատվիրված ողբերգությունները, ինչը տեսանք Վրաստանի դեպքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել